HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի համայնքապետի միակ թեկնածու. «Եթե չընտրվեմ, ես քիչ բան ունեմ կորցնելու, համայնքը կկորցնի»

Սյունիքի մարզի Գորիս համայնքում շարունակվում են համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունները: Թիվ 37/9 ընտրատեղամասում 1958 ընտրողից այս պահին ընտրությանը մասնակցել է 631-ը, որից 10-ը քվեարկել է ուղեկցողի օգնությամբ:

Վստահված անձանց ցուցակում անմիջապես նկատեցինք համայնքապետի միակ թեկնածու Վաչագան Ադունցի վստահված անձանցից երկուսին՝ միաժամանակ ընտրատեղամասում գրանցված: Մեր նկատելուց հետո հանձնաժողովի նախագահը հորդորեց նրանցից մեկին լքել ընտրատեղամասը:

Քիչ առաջ ընտրատեղամաս եկավ Վաչագան Ադունցը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ միաժամանակ երկու վստահված անձի տեղամասում գտնվելը շփոթմունքի արդյունք է:

Վստահված անձ Վահագն Միքայելյանը մեկնաբանեց, որ հերթափոխի ժամանակ է եղել, համայնքապետի թեկնածուն էլ կշտամբեց. «Խի եք իզուր առիթ տալիս»:

Նշենք, որ ըստ գրանցամատյանի՝ թեկնածուի երկու վստահված անձինք էլ ընտրատեղամասում են եղել առավոտյան 8:00-ից:

Համայնքապետի թեկնածուն նշեց, որ խախտումների մասին ոչ մի ահազանգ չի ստացել.

«Ես շրջել եմ տեղամասերում, բոլոր տեղերում շատ խաղաղ է, ընդամենը բոլոր տեղերում ֆիքսվում էր մասնակցության ոչ բարձր մակարդակը, սակայն օրը առջեւում է, կգան»:

«Շրջելով ընտրատեղամասերում, նկատեցինք տեղամասերի դիմաց հավաքված տարբեր խմբերի: Դուք չե՞ք նկատել: Դրա վերաբերյալ տեղեկություններ չունե՞ք»,- հարցրինք թեկնածուին:

«Ոչ, ոչ մի տեղ հավաքված մարդ չեմ տեսել, 3-4-ից ոչ ավելի: Մենակ մի տեղամասում տեսա հինգ հոգի կանգնած, չիմացա՝ քվեարկո՞ղ են, թե՞ համակիր»:

Հարցին՝ ինչ է կարծում, հնարավո՞ր է բնակիչները դեմ քվեարկեն ու ինքը չընտրվի, Վ. Ադունցը պատասխանեց. «Դա արդեն օրվա վերջում կերևա: Ես արդեն երկու տարի առաջ անցել եմ այս գործընթացով: Բացի դրանից, ես քաղաքում երկար տարիների վաստակ ունեմ, աշխատել եմ  նվիրումով, աշխատել եմ անմնացորդ, ակնկալում եմ իմ արածի պատասխանը:

Ես միշտ խնդրում եմ, պահանջում եմ, որ անցկացնեն թափանցիկ ու արդար, որովհետեւ վերջիվերջո մենք ընտրում ենք մեր ապագան: Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ ով կընտրվի, ժողովուրդն է որոշելու, ինձ համար մեծ նշանակություն  ունի, որ ես այդ վստահությունը ստանամ: Բայց եթե հանկարծ ու չստանամ, բնականաբար, էդ դեպքում կորցնելու քիչ բան ունեմ, այդ դեպքում համայնքը կկորցնի, որովհետեւ ինքս նվիրումով ծառայում եմ համայնքին»:

Ադրադառնալով մրցակցի ինքնաբացարկի հարցին, թեկնածուն նշեց, որ դա արդեն ինքնին մեծ վստահություն է, որ այն թեկնածուները, որ կարող էին դնել թեկնածություն, չեն դրել, դա ավելի պարտավորեցնող է:

Հարցին՝ «Չե՞ք կարծում, որ ընտրական գործընթացի հանդեպ անվստահությունը նույնպես կարող էր պատճառ լինել, որ հավանական թեկնածուները չմասնակցեին», Վաչագան Ադունցը պատասխանեց.

«Շատ ոչ ճիշտ տեսակետ է, ընտրական գործընթացը մեզ մոտ անցել է միշտ շատ լավ, թափանցիկ, որևէ մեկը չի կարող կասկածել գործընթացի ճշտության վրա»: Նա բնական է համարում մրցակցի բացակայությունը. «Եթե լինեին մի քանի մասնակիցներ, իմ պատասխանատվությունը գուցե այսքան չլիներ»:

Մենք նաեւ հեռախոսազրույց ունեցանք ավագանու անդամի դեկնածու Իրինա Յոլյանի հետ, որը նշեց, որ տարբեր խախտումների վերաբերյալ տեղեկություններ ունի. «Տեղեկություններ կան, որ տարբեր ընտրատեղամասերում ընտրողներն  ուղղորդվում են վստահված անձանց կողմից, տեղամասերի առաջ կուտակումներ են՝ ծանոթ-բարեկամներով կանգնում են»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են: Համայնքների խոշորացման արդյունքում Գորիս համայնքը ներառում է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը:

Գորիսի ղեկավարի ընտրություններում ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը: Մյուս թեկնածուն՝ Նախկին Որոտան համայնքի ղեկավար Օհանջանյան Սուրիկը, ինքնաբացարկ է հայտնել:

Ավագանու թեկնածուները  26-ն են, որոնցից մեկը՝ անկուսակցական Բադալյան Արբակը, ինքնաբացարկ է ներկայացրել: Ավագանու անդամի 8 տեղի համար այժմ մրցում են Հանրապետական կուսակցությունից 10, ՀՅԴ-ից՝ 1,  ԲՀԿ-ից՝ 3 եւ 11 անկուսակցական թեկնածուներ:

Անժելա Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter