HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե էս նախագահն էլ խաբեց, էլ մեր ստեղ մնալն ավելորդ ա»,- ասում են Շվանիձորի ընտրողները

Սյունիքի մարզի Ալվանքի նախկին համայնքում ընտրական տեղամասը գտնվում է գյուղի ուրախությունների և տխրությունների համար նախատեսված սրահում: «Ճիշտ էլ տեղ ենք ընտրել, -ասում է ընտրական հանաձնաժողովի նախագահ Անահիտ Զաքարյանը,- ընտրության արդյունքները մեկին ուրախություն են պարգևում, մյուսը դժգոհ է մնում»:

Նախկինում, ըստ հանձնաժողովի նախագահի, տեղամասը համայնքապետարանի երկրորդ հարկում էր տեղակայվում, որի աստիճաններն անհարմար էին, անգամ ոչ հաշմանդամություն ունեցողները հազիվ էին բարձրանում: Անահիտ Զաքարյանի խոսքով` նախորդ տարիներին ևս ինքը այս տեղամասում նախագահ է եղել և գրեթե միշտ նույն թվով ընտրողներ են մասնակցում: Ընտրացուցակում գրանցված 258 ընտրողներից 80-ից ավելին գյուղում չեն ապրում, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 121 ընտրող: Նախագահի կանխատեսմամբ` այդ թիվը կարող է ավելանալ ընդամենը 50 ընտրողով:

«Գյուղատնտեսական աշխատանքների շրջան է, մարդիկ այգիներում են, մինչև վերադառնան, քվեարկության համար սահմաված ժամկետն ավարտված կլինի»,- մեկնաբանում է նա;: Շվանիձորից համայնքի ավագանու թեկնածու չի առաջադրվել և թերևս դա է պատճառը, որ տեղամասում վստահված անձինք շատ չեն, ինչպես այլ տեղամասերում: Փոխարենը տեղամասի տարածքում բնակիչներն են հավաքված, որոնք չնայած խուսափում են ներկայանալ, այնուամենայնիվ, նշում են, որ եթե խոշորացումն էլ իրենց չօգնի, իրենք էլ կհետևեն մյուսների օրինակին և կհեռանան գյուղից: Մարդկանց կարծիքով` Մեղրիի տարածաշրջանի մարդկանց կերակրող հիմնական միջոցը այգիներից ստացված միրգն է, սակայն շաբաթներով ոռոգման ջուր չեն ստանում, խմելու ջուրը հեռու տեղից են բերում: «Եթե էս նախագահն էլ խաբեց, էլ մեր ստեղ մնալն ավելորդ ա,- ասում է տեղամասի մուտքի մոտ նստած տղամարդը և մատնացույց անում քիչ հեռու ավազի մեջ խաղացող երեխաներին,- քսանից ավելի երեխա կա գյուղում, բայց մանկապարտեզ չի գործում, էս երեխեքը մնացածներից ինչով են պակաս, որ ամբողջ օրը փողոցում են»: Մանկապարտեզի անհրաժեշտությունը պնդում են նաև կանայք` ասելով, որ ժամանակին տիպային շենք են ունեցել, հիմա այն օձերի բույն է դարձել:

Համայնքի խնդիրների թվում նշում են նաև միջհամայնքային տրանսպորտը, քանի որ չնայած բարեկարգ  ճանապարհ ունեն, այնուամենայնիվ  տրանսպորտ չի գործում և Մեղրիին Ագարակին կապող միակ միջոցը տաքսիներն  են:

Անդրադառնալով Շվանիձորի խնդիրներին` նախկին համայնքի ղեկավար Հովհաննես Օհանյանը, ով մեր զրույցի պահին Ալվանքի ընտրատեղամասում էր և ավագանու անդամ Կարեն Ադամյանի վստահված անձն էր, ասում է, որ 19 տարվա պաշտոնավարման ընթացքում չի հաջողվել մանկապարտեզը գործարկել, որովհետև սկզբնական շրջանում բյուջեով հնարավորություն չեն ունեցել, այնուհետև շենքն է վնասվել: Իսկ հարցին, թե ինչպես է, որ Շվանիձորում ընթացող ընտրություններին չի մասնակցում և Ալվանքում է, պատասխանում. «Առանց ինձ էլ յոլա կգնան»:

Ալվանքի նախկին համայնքում գրանցված 224 ընտրողից ժամը 17:25 դրությամբ  քվեարկել  112 -ը: Ընտրատեղամասի նախագահ Հայկուշ Հովսեփյանի խոսքով ընտրողներն առավել ակտիվ են եղել օրվա առաջին կեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter