HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիտորդները՝ երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին

Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում երեկ ՏԻՄ ընտրություններ էին: 317 համայնքներից 237 համայնք ընտրում էր համայնքի ղեկավար: Մի քանի կազմակերպություններ և կուսակցություններ ընտրատեղամասերում ներկայացուցիչներ էին ապահովել՝ ընտրախախտումները կանխելու նպատակով:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող,  գործադիր տնօրեն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը 16 համայնքներում, 110  դիտորդներով իրականացրել է դիտորդական առաքելություն: Վերլուծելով դիտորդների արձանագրած տվյալները՝ ասում է, որ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը հանգիստ է անցել, սակայն ամենաշատ միջադեպերը գրանցվել են Աշտարակ քաղաքում և Ջրառատում:

Ուսումնասիրելով իրենց դիտորդական առաքելության փորձը՝ Գրիգորյանը հավաստիացնում է, որ այն համայնքներում, որտեղ մրցակցությունը մեծ է, այլընտրանքային թեկնածու կա, այնտեղ ընտրախախտումների քանակը համեմատաբար բարձր է լինում:

Գրիգորյանն առանձանցնում է մի քանի խախտումներ, որոնք դեռևս շարունակվում. «Ընտրողը գալիս է ընտրատեղամաս և բացահայտում, որ իր անվան դիմաց ընտրությունն արդեն կատարվել է: Սա լուրջ խնդիր է, որ շարունակում է մնալ ոչ միայն ՏԻՄ, այլև համապետական ընտրությունների ժամանակ: Նաև երբ քաղաքացին բացահայտում է, որ իր փոխարեն քվերակած է, հանձնաժողովը շատ հաճախ առաջարկում է այլ մարդու անվան դիմաց ստորագել և քվերակել, որը քրեորեն պատժելի արարք է»-նշում է Գրիգորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը շեշտում է, որ այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ թեկնածուներ կունենան, կպահեն ընտրողների ձայնը: Նազարյանի խոսքով՝ այդպես էլ վարվել են երեկ երեք՝ Ոսկեվազ, Իրինդ և Նոր Կյանք համայնքներում կայացած ընտրություններին:

Այդ երեք համայնքներից միայն մեկում են հաղթանակ գրանցել. Նոր Կյանք համայնքում համայնքապետի ընտրությունում հաղթել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գարիկ Սարգսյանը, սակայն մյուս երկու համայնքներում իրենց պարտությունը պարտություն չեն համարում, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց մասնակցությունը շատ կարևոր է. դրանցով տեղեկատվություն են հավաքում և վերլուծում՝ հետագա ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ռազմավարությունը մշակելու համար:

«Ճիշտ է, մեր կուսակցությունը նոր է հիմնադրվել, և դեռ շատ չենք հասցրել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սակայն մեր մոտեցումն այն է, որ մենք մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին, եթե ունենաք մրցունակ, մեր սկզբունքները կրող, գործունյա թեկնածու»,-նշում է Լ.Նազարյանը

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները համարում է վերջին տարիներին կայացած ամենաակտիվ ՏԻՄ ընտրությունը:

Նրա դիտարկմամբ՝ դրանք հատկապես աչքի են ընկել չափազանց մեծ թվով ընտրախախտումներով: Դա պայմանավորում է այն հանգամանքով, որ իշխանական ներկայացուցիչների համար ՏԻՄ ընտրությունները միայն տեղական նշանակության չեն ընկալվում. «Ըստ երևույթին, սրանով հաստատվում է, որ տեղական մարմինների վրա է հենվելու ապագա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ այդ տարածքային, վարչական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով իշխանության քվեների ապահվման մեխանիզմը»:

Իրավաբանի համար նաև ՏԻՄ ընտրությունները աննախադեպ էին այլ անձանց փոխարեն քվեարկելու հանգամանքով: Իրավախորհրդատուն նաև դժգոհ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքից:

Ասում է՝ ԿԸՀ-ն բացի իրենց հայտարարություններին արձագանքելուց, ուրիշ ոչնչով չէր զբաղվում, և, իրավաբանը կարծում է, որ ԿԸՀ-ում երեկ միայն մամուլի խոսնակն էր աշխատում: ԿԸՀ-ի այս պահվածքը նա համարում է հստակ ցուցիչ, որով ապացուցվում է, որ դրա այս կազմը ի զորու չէ ՀՀ-ում ընտրական իրավունքի ապահովում իրականացնել: 

Հոկտեմբերի 2-ին նաև վեց այլ համայնքներում են կայանալու համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Գառնիում իր թեկնածությունն է ինքնաառաջադրել Արուսյակ Այվազյանը, ում համար այդ քայլը սկզբունքայնության հարց էր, քանի որ, ինչպես նա է ասում, յուրաքանչյուր կուսկացություն իր շահերն է հետապնդում և ինքն էլ որոշել է՝  իր համար ավելի նախընտրելի է հետապնդել համայնքի նպատակները:

Այվազյանը նաև ցանկանում է կոտրել ազգակցական կապերով կատարվող ընտրությունները:

«Չեմ ցանկանա մեր համայնքում սուր ընդդիմություն և դիմություն լիներ, քանի որ դրանք բերում են բախման: Ցանկանում եմ, որ մեր համայնքում ձևավորվեր այնպիսի կարծիք, որ բոլորը հայրենակիցներն են, և պետք է ոչ թե սրենք, այլ մեղմենք  այդ տարաձայնությունները և միասնական առաջնորդվենք  համայնքի, ազգի շահերով»,-նշում է Գառնի համայնքի ղեկավարի թեկնածուն:

Լուս.՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter