HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ավիատոմսերի գնման նոր չափորոշիչները. բիզնես կարգի տոմսեր գնելու իրավունք կտրվի միայն ԱԱԽ անձնակազմին

Հայաստանի կառավարությունը մշակել է որոշման նախագիծ, որով կսահմանվեն պետական կարիքների համար ավիափոխադրման ծառայությունների գնումների չափորոշիչները:

Կառավարական գերատեսչությունների աշխատակիցներն իրենց կարիքների համար կանոնավոր չվերթներով ավիափոխադրման ծառայությունների գնումներ պետք է կատարեն www.govtravel.am միասնական կայքում, ընտրություն անելով իրենց համար հատկացված անհատական վավերապայմաններով հասանելի ավիատոմսերի վաճառքի միջազգային էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա եւ անմիջապես ավիաընկերությունների կողմից զետեղված գնային առաջարկների միջեւ:

Ավիատոմսերի ձեռքբերումը կարող է իրականացվել կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ցանկացած երկրում գրանցված ավիաընկերությունից, բացառությամբ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Պակիստանում գրանցված ընկերությունների:

Պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայություններ գնելիս թույլատրվում է ձեռք բերել փոխադրող ավիանկերությունների կողմից առաջարկվող էկոնոմ կարգի բոլոր տեսակի դասերի ավիատոմսերը՝ համաձայն սահմանված չափորոշիչների: Էկոնոմ կարգից բարձր՝ «բիզնես» եւ ավելի բարձր կարգի ավիատոմսերի ֆինանսավորում կարող է կատարվել ՀՀ անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց համար:

Բայց սահմանվել են նաեւ բացառություններ: Դրանք անկանխատեսելի իրավիճակներն են՝ տեխնիկական կամ ժամանակային բնույթի սահմանափակումներով: Օրինակ՝ երբ պլանավորված մեկնման ժամանակից մնացել է 72 ժամից կարճ ժամանակ եւ համակարգը թույլ չի տալիս ավտոմատ հաստատել ամրագրումը, երբ տվյալ ուղղությամբ ուղիղ չվերթներով ավիափոխադրումը իրականացվում է միայն համակարգում գնառաջարկներ չներկայացնող ավիաընկերությունների կողմից, կամ երբ մեկնման վերջնակետ հասնելու համար տնտեսապես շահավետ եւ անհրաժեշտ է ձեռք բերել այլ տեսակի կանոնավոր տրանսպորտային փոխադրողի տոմս:

Համակարգում տնտեսապես շահավետ նախընտրելի տարբերակներ չգտնելու դեպքում պատվիրատուները կարող են ցանկացած այլ ինտերնետային կայքից ձեռք բերել նախընտրելի ավիատոմսեր բացառապես բանկային քարտերով, եթե նման ավիափոխադրման ծառայություն գնելու արդյունքում դրա արժեքը ավելի էժան է:

Նշենք, որ ներկայումս ավիափոխադրման ծառայությունների պետական գնումները մեծամասամբ իրականացվում են շրջանակային գնումների համար սահմանված ընթացակարգերի կիրառմամբ: Չնայած այն հանգամանքին, որ ներկայիս օրենսդրական դաշտը հնարավորություն է տալիս պարզեցված եղանակով ավիատոմսեր ձեռք բերել անմիջապես ավիափոխադրողների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով՝ առանց մրցութային գործընթաց իրականացնելու, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվիրատուների գերակշիռ մասը նախընտրում է կիրառել ավելի բարդ մրցութային ընթացակարգերը:

Սա նաեւ հնարավորություն է տալիս կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս էկոնոմ կարգի ավիատոմսերի փոխարեն ընտրեն բիզնես կարգի տոմսեր՝ անկախ նրանց պաշտոնից ու աստիճանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter