HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աննախադեպ ներդրումներ Ղարաբաղում

«Մեր` ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների խնդիրը պետք է լինի շահագրգռել արտասահմանյան ներդրողներին»,-ասել է Ղարաբաղի անկախության 12-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա բարձր գնահատական է տվել ԼՂՀ տնտեսության վիճակին եւ զարգացման տեմպերին:

Վարչապետը շեշտել է նաեւ, որ վիճակն ավելի լավ կլիներ, եթե չլիներ Ղարաբաղի` ռիսկային գոտու լինելու հանգամանքը: Մինչդեռ, Ղարաբաղի իշխանությունները ներդրումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել: Այստեղ արդեն գործունեություն ծավալած գործարարները նշում են հատկապես օրենսդրական բարենպաստ դաշտի, մասնավորապես` հարկային արտոնությունների մասին: 2002-ին Ղարաբաղում աննախադեպ ներդրումային ծրագիր է սկսել մոսկվայաբնակ գործարար Վալերի Մեջլումյանը:

Ալավերդու «ԷյՍիՓի» լեռնամետալուրգիական գործարանի սեփականատերը, հիմնադրելով «Բեյս Մեթալս» ընկերությունը, մեկ տարվա ընթացքում ներդրել է 4,5 մլն դոլար եւ վերագործարկել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի պղնձի-ոսկու հանքավայրը: Շինարարական աշխատանքներն այսօր էլ մեծ թափով շարունակվում են: Դրմբոնի հանքավայրի տարածքում կարելի է տեսնել աշխատող հարյուրավոր բանվորների:

Տասնյակ մեքենաներ, վերամբարձ կռունկներ են շարժվում շինհրապարակում: Նման կառույց Հայաստանում չես գտնի, եւ նման ներդրումային ծրագիր առայսօր Հայաստանում ոչ մեկը չի իրականացրել: «2002 թ. հուլիսից Դրմբոնում սկսեցինք աշխատանքները, -պատմում է ձեռնարկության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը,- այսօրվա դրությամբ արդեն ունենք ստորգետնյա աշխատող հանք, որի օրական հանույթը հիմա` փորձնական շրջանում, կազմում է մոտավորապես 200 տոննա, եւ նախատեսված է այդ ծավալները հասցնել 600-800 տոննայի: Այսօր դուք արդեն տեսնում եք կառուցվող հարստացուցիչ ֆաբրիկայի համալիրը, որը ենթադրում է տարեկան մինչեւ 150 հազար տոննա հանքաքարի արտադրողականություն: Այն հնարավորություն կտա կարճ ժամանակամիջոցում, եթե ապահովվի հանքաքարի անհրաժեշտ քանակությունը, արտադրողականությունը հասցնել մինչեւ 250 հազար տոննայի»: Դրբոնի հանքավայրում այսօր աշխատում է 600 մարդ:

Նրանք շրջակա գյուղերի բնակիչներն են, մոտավորապես 40 տոկոսը Հայաստանից հրավիրված մասնագետներ են: Հրավիրված մասնագետները կազմում են հիմնականում ինժեներատեխնիկական անձնակազմը: «Նրանք լեռնային աշխատողներ են, որոնք հրավիրված են Հայաստանի գրեթե բոլոր նախկինում գործող նմանատիպ համալիրներից: Միջին աշխատավարձն այսօր կազմում է 100-110 հազար դրամ, ի հաշիվ նրա, որ հիմնական շեշտը դրված է լեռնային աշխատանքների առաջնայնության վրա, իսկ եռնային աշխատանքներում, ինչպես գիտեք լ վարձատրության չափը բավականին բարձր է»,- գործարանի տարածքի կառույցները ներկայացնելով` շարունակում է Ա. Մկրտումյանը:

Ընկերության ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն դոլար: Այդ ծրագրով այստեղ նախատեսված է կառուցել նաեւ հանգստի գոտի: Սարսանգի ջրամբարի ծովախորշերից մեկում կառուցվելու է քոթեջային համալիր եւ ջրաշխարհ: Այն, ըստ գործադիր տնօրենի, նախատեսված է ոչ միայն հանքավայրում Հայաստանից աշխատելու հրավիրված մասնագետների, այլ նաեւ զբոսաշրջիկների համար: Դրմբոնի հանքավայրը գտնվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրով կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին:

Ճանապարհի կառուցումը մեծ նշանակություն ունի գործարանի զարգացման համար. «Ճանապարհը միակ նախապայմանն է, որպեսզի գործարանն իր ապրանքային արտադրանքը կարողանա հեշտությամբ արտահանել Ղարաբաղից, եւ պետք է ասեմ, որ նման համալիր, նման ժամանակամիջոցում, իսկ դա ընդամենը մեկ տարի է, կառուցել հնարավոր էր միայն ունենալով նման ճանապարհ, որը, ցավոք, այսօր դեռ ավարտված չէ, բայց մենք հույս ունենք, որ ճանապարհն ի վերջո, առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կկառուցվի եւ մեր աշխատանքները դրանով ավելի դյուրին կդառնան»: «Կմասնակցի՞, արդյոք, Դրմբոնի հանքավայրի սեփականատերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա նոյեբերին Լոս Անջելեսում կազմակերպվելիք հեռուստամարաթոնին, որտեղ նորից պետք է միջոցներ հավաքվեն «Հյուսիս-հարավ» ճանապարհի աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- հարցնում եմ գործադիր տնօրենին:

Պատասխանը միանշանակ էր` այո: Դրմբոնում արդեն արտադրվել է 15 հազար տոննա հանքաքար, որից 10 հազարը վաճառվել է «ԷյՍԻՓի» ընկերությանը: Ի տարբերություն Ալավերդու հանքաքարի, որը միայն պղինձ է պարունակում, Դրմբոնի հանքաքարի մեջ կա ոսկու բարձր պարունակություն: Հանքավայրի ներկայումս հայտնի պաշարներով համալիրի շահագործումը կտեւի 8-10 տարի: Սակայն ձեռնարկության սեփականատերը մտածում է ԼՂՀ տարածքում այլ հանքավայրեր շահագործելու մասին: «Ընկերության կազմում կա երկրաբանական ծառայություն, որը ծավալել է երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այնտեղ նույնպես հավաքված են Հայաստանի լավագույն մասնագետները: Նպատակ ունենք Լեռնային Ղարաբաղի տարածքում ուսումնասիրել, հայտնաբերել եւ շահագործել եւս մի քանի հանքավայրեր»,- ասում է գործադիր տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter