HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թիվ մեկ խնդիրը լեգիտիմ իշխանություն ունենալն է»,- ասում է Վանաձորի ավագանու թեկնածուն

Գայանե Սարգսյան

«Հետքի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածու Արամ Խաչատրյանը:

-Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ի՞նչ ծրագրերով եք ներկայանում վանաձորցիներին:

-Ծրագրերն առավել ծավալուն տեսքով ողջ քարոզարշավի ընթացքում կներկայացնենք վանաձորցիներին: Կուզեի առանձնացնել դրույթներից մեկ օրինակ. նպատակ ունենք ստեղծել հիմնադրամներ` սոցիալապես անապահով ընտանիքներին, բուհերում գերազանցությամբ սովորող վանաձորցիներին աջակցելու, նաև մշակութային միջոցառումների կազմակերպման համար:

-Ըստ Ձեզ, որոնք են Վանաձորի երեք կարևորագույն խնդիրներն ու որո՞նք են դրանց լուծման ուղիները:

-Ես բազմիցս կրկնել եմ, որ Վանաձորում խնդիրները բազմաթիվ են: Առաջնային խնդիրները աղբահանությունը, կանաչապատումը և ասֆալտապատումն են: Ծրագրային դրույթներում կա, որ Վանաձորի երեք կենտրոնական փողոցները պետք է կապիտալ նորոգվեն: Դա պետք է արվի դոտացիաների հաշվին և մեր ունեցած ռեսուրսով՝ համայնքային բյուջեի հաշվին:

-Համայնքի բյուջեն բավարա՞ր է արդյոք քաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:

-Բյուջեն երկու մաս ունի: Նախ պետք է հաշվառել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին՝ եկամտային մասն ապահովելու համար: Ծախսային մասում կան կետեր, որոնք պետք է կրճատել: Օրինակ, Ծաղկի տոն կամ այլ տոներ ունենք, որոնք պետք է առաջիկայում մի կողմ դնել և փորձել լուծել վերը նշածս խնդիրները: Երբ իմ նշած հիմնական խնդիրները և քաղաքի մյուս՝ կանաչապատման, լուսավորության, այգիների բարեկարգման խնդիրները լուծելոււց հետո միայն նմանատիպ տոներն ու միջոցառումները նորից կմտցվեն:

-Ընտրվելու դեպքում ի՞նչ ներդրումային ծրագրեր եք նախատեսում բերել Վանաձոր:

-Ստեղծվելիք հիմնադրամների գործունեության համար բյուջեից գումաներ չեն ներդրվելու: Արտերկրում կան շատ վանաձորցիներ, որոնք զբաղվում են բիզնես գործունեությամբ և հիմնականում իրենց օգնությամբ, ինչու չէ նաև տեղի գործարարների աջակցությամբ պետք է ստեղծենք այդ հիմնադրամները: Մեր ծրագրային դրույթներից մեկն էլ այն է, որ համակողմանի աջակցություն ցուցաբերենք մանր ու միջին բիզնեսին, այսինքն՝ զարգացնենք բիզնեսը, որի շնորհիվ գումարներ կմտնեն բյուջե:

-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ աջակցությունը:

-Քաղաքապետարանը որպես այդպիսին գործատու չէ: Քաղաքապետարանն ավելի շատ տրամադրություն ստեղծող կառույց է և պետք է այնպիսի տրամադրություն, այնպիսի միջավայր ստեղծվի, որ մարդիկ գան այստեղ ներդրում անելու:

Դրա համար նախ պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն: Ընդհանրապես, ամբողջ Հայաստանում թիվ մեկ խնդիրը  լեգիտիմ իշխանություն ունենալն է: Մնացած բոլոր խնդիրները դրանք ածանցյալներ են: Կլինեն նորմալ ընտրություններ, բազում խնդիրներ կլուծվեն, չեն լինի նորմալ ընտրություններ, հույս չունենաք, թե առկա խնդիրները, որ բոլորս ենք տեսնում, կլուծվեն:

-Ինչո՞ւ պետք է վանաձորցին ընտրի հենց Ձեզ և Ձեր ներկայացրած կուսակցությանը:

-Ինչպես գիտեք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր է ստեղծվել, մեկ տարի է արդեն: Հայաստանում որևէ կուսակցություն ծրագրերի, ինտելեկտի կամ հռետորաբանության խնդիր չունի, բոլորն էլ կարող են այդ ամենը հրաշալի ներկայացնել: Ամենակարևորն այն է, թե արդյո՞ք այդ քաղաքական ուժն ունի քաղաքական կամք, թե ոչ: Ես միանգամից պատասխանեմ՝ այո, «Քաղաքացիական պայմանագիրն» ունի քաղաքական կամք: Մեր կուսակցության կազմում ընդգրկված անհատները զրկվել են աշխատանքից, կարիերայից, նույնիսկ ազատությունից, և դա արել են հանուն գաղափարի, հանուն Հայաստանի Հանրապետության: Եվ հիմա այդ մարդիկ հավաքվել են մի գաղափարի շուրջ և հայտ են ներկայացրել մասնակցելու Վանաձորի ավագանու ընտրություններին և կարծում եմ, այս ամենն արդեն իսկ բավարար է, որ մարդիկ քվեարկեն ի օգուտ «Քաղաքացիական պայմանագրի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter