HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբացվի Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթ

Այսօր «ԱրմՎինգս» (ArmWings) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար: Այս մասին տեղեկացնում է ընկերությունը:

«Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը` որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները»,- հայտնում է ընկերությունը:

Առաջին չվերթը, ըստ հաղորդագրության, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ( transit) գործառույթ, և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս:

«Ի գիտություն ուղևորների և տուրիստական ընկերությունների՝ «ԱրմՎինգս»-ը վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով: Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ին Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել էին նաև Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը: 

լուսանկարը` travelreviewssite.com-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter