Կիրակի, 23 սեպտեմբերի

Չորս ամսական երեխան պապի հետ իր թոշակով բազմանդամ ընտանիք է կերակրում



Աքորի գյուղի բնակիչ Ռ.Գ-ի մանկահասակ որդին՝ Արմանը (անունը փոխված է-խմբ.) այս տարվա ապրիլի 25-ին ծնվել է բնածին արատով: Աքորու առողջության առաջնահերթ պահպանման կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Աղունիկ Հակոբյանի ասելով` ախտորոշման ճշգրտման և հետազոտման նպատակով երկու ամսական հասակում Արմանը ուղեգրվել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն և հետ վերադարձել նեղ մասնագետի կոնսուլտացիայով: Վերջինիս հիման վրա` Արմանը մանկուց հաշմանդամության խումբ է ստացել՝ մինչև 18 տարեկանը: Նա 16 հազար դրամ թոշակ է ստանում:

«Արմանի մոտ ախտորոշվել է զարգացման բնածին արատ՝ քիմքի փեղեքում, շրթունքի փեղեքում, կարծր քիմքը նույնպես փեղեքված է»,- բացատրեց Ա․ Հակոբյանը:

Ծնված օրվանից Արմանը եղել է գյուղի առողջության առաջնահերթ պահպանման կենտրոնի հսկողության տակ: «Վորլդ Վիժն» կազմակերպության միջոցով լուծվել է երեխային արհեստական սննդով ապահովելու հարցը:

Աղունիկ Հակոբյան

«Արմանը նորից պետք է ուղեգրվի Արաբկիր բժշկական կենտրոն՝ արդեն վիրահատության: Բուժումը պետք է ընթանա 2-3 փուլով: Առաջին վիրահատությունը պետք է լինի 4 ամսական հասակում»,- հայտնեց բժշկուհին: Վերջինիս ասելով` Արմանի բնածին արատը կարող է բուժվել վիրահատության փուլերից հետո: Երեխան առողջական այլ խնդիրներ չունի, նյարդաբանական առումով նորմալ է զարգանում:

«Արմանի վիրահատություններն էլ  արվելու են  անվճար, պետպատվերով»,- ասաց Ա. Հակոբյանը:

Այսուհանդերձ Արմանի ծնողներն ասում է , որ  երեխային Երևան հիվանդանոց վիրահատության տանելու ֆինանսակական միջոցներ չունեն: Նրանք Արմանի թոշակն անգամ չեն կարողանում օգտագործել նրա առոջության նպատակով: Քաշի և աճի լուրջ  խնդիր ունի Ռ.Գ.-ի 2-րդ երեխան՝ Աննան (անունը փոխված է-խմբ.). «Դա կապվում է Աննայի վատ սնվելու հետ: Մենք հոգաբարձուների խորհրդով քննարկել և համայնքապետի հետ որոշել ենք Աննային ընդգրկել գյուղի մանկապարտեզում՝ նրա սննդի հարցը լուծելու համար: Աննան նորմալ  մտավոր ունակություններ ունի»,- հայտնեց բժշկուհին: Վերջինս գտնում է, որ առաջնահերթ պետք է լուծել Ռ.Գ.-ի երեխաների բնակարանային պայմանները: «Երեխաների համար առանձին տնակ է հարկավոր: Այդ ժամանակ  նրանք գոնե առանձին մահճակալի վրա կքնեն, այլ ոչ թե իրենց ծնողների հետ»,- բացատրեց նա:        

Ռ.Գ.-ի 7 անձից կազմված ընտանիքը բնակվում է Աքորի գյուղի «Դիմաց» կոչվող հանդամասում տեղադրված կիսաքանդ մի տնակում: Տնակում ջուր, լոգարան և զուգարան չկա: Բազմանդամ ընտանիքը իր կենցաղային կարիքները հոգալու համար ձեռքով ջուր է կրում տնակից 400 մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից: Մեր այցելության պահին Ռ.Գ.-ի երեք  անչափահաս երեխաները անխնամ վիճակում էին: Նկատեցինք, որ տնակում անգամ ճաշելու սեղան և աթոռներ չկան:

Ընտանիքը գոյատևում է պապի 24 հազար դրամ թոշակով, ընտանեկան 21 հազար դրամ նպաստով և 4 ամսական Արմանի 16 հազար դրամ թոշակով:

«Հիմա փող չունենք, որ տանենք վիրահատության: Բժիշկն ասաց` ինչքան երեխային քորփուց վիրահատենք, այնքան լավ»,- հայտնեց  Արմանի մայրը՝ Ք.Թ.-ն: Մեր որոշ հարցերի Ք.Թ.-ն ոչ ադեկվատ պատասխաններ էր տալիս: Նա չկարողացավ հիշել, թե Արմանը երբ է ծնվել: Ասաց՝ գլխացավեր է ունենում: «Ես որ հղի էի, դե ասին նորմալ ա: Էխո գցեցի, չիմ նորմալ էր: Բայց, որ ծննդաբերեցի բժշկուհի Մաճկալյանն էր իմ բժիշկը, տեսա իմ երեխուն, արդեն ոնց որ ինձ կորցրի»,-պատմեց Ք.Թ.-ն:

Մեզ հետ զրուցելիս երեխաներից մեծը՝ Դավիթը (անունը փոխված է-խմբ.) ասաց, որ ուսումնական տարվա անցած օրերին դասի չի գնացել: «1-ին, 2-րդ, 3-րդ դասարան գնացել եմ, 4-րդ նոր եմ գնալու, շոր չունեմ, որ գնամ»,- բացատրեց Դավիթը: Աքորու միջնակարգ դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը մեզ հայտնեց, որ Դավիթը դասերից բացակայել  է ընդամենը 3-4 օր: Այսօր նկարչության դասին տնօրեն Կիմիկ Պետրոսյանի հետ այցելեցինք Դավիթի դասարան:

Անահիտ Թաթոյան Կիմիկ Պետրոսյան

Դասընկերները, որպես լավ ընկեր, գովեցին Դավիթին: «Ես էլ եմ սիրում իմ ընկերներին: Իմ ամենալավ ընկերը  մեր դասարանի Հովհանեսն է, Կարենը և Նարեկը: Ամեն օր դասի եմ արդեն գալու»,- խոստացավ Դավիթը: Դասվար Անահիտ Թաթոյանը Դավիթին ընդունակ աշակերտ բնութագրեց: Իր ասածը հիմնավորելու համար նա թվաբանությունից հարցեր տվեց երեխային: Դավիթը արագ և ճիշտ պատասխաններ տվեց ուսուցչուհու հարցերին: Նա առաջինն էր նկարչության դասին ավարտել հանձնարարությունը, նկարչական տետրակը պայուսակում էր դրել և սպասում էր դասի ավարտի զանգին:

«Երբ դասատուն դաս է հանձնարարած լինում, գնում եմ տուն, տատիս ասում եմ ինձ սովորեցնում է դասերս: Ես տանը օգնում եմ մորս: Երազում եմ մոտո ունենալ»,- ասում է Դավիթ: Ուսուցչուհի Թաթոյանը նշեց, որ սիտեմատիկ դպրոց գալու դեպքում Դավիթը շատ լավ գիտելիքներ կարող է ձեռք բերել: «Լավ ընդունակությունների տեր  է»,- ասաց Կիմիկ Պետրոսյանը:

Տնօրենը Դավիթի դպրոց չհաճախելու գործում մեղադրեց երեխայի ծնողներին: Դավիթը խոստովանեց, որ մայրը, երբ տեղ է գնում, ինքն է պահում Արմանին: Երեխաների տատը պատմեց, որ տղան՝ Ռ.Գ.-ն ողնաշարի ճողվածք ունի, չի կարողանում ծանր աշխատանքներ կատարել և ընտանիքը պահել: Չորս ամսական Արմանը իր թոշակով պապի հետ բազմանդամ ընտանիք է կերակրում:

Գյուղում ասացին, որ Ռ.Գ.-ն խմիչքի նկատմամբ թուլություն ունի: «Մենք երեխաների մորը՝ Ք.Թ.-ին ընդգրկել ենք մեր կենտրոնի մայրական դպրոցում՝ նրան կնոջ և նոր հմտություններով կրթելու համար»,- հրաժեշտին հայտնեց  բժշկուհի Աղունիկ Հակոբյանը: Գյուղապետ Հրահատ Սիմոնյանը այսօր խոստացավ մինչև տարեվերջ  ջրով ապահովել երեք անչափահաս երեխաներ ունեցող Ռ.Գ.-ի բազմանդամ ընտանիքին:  

Առաջին լուսանկարում` տնակը, որտեղ ապրում է ընտանիքը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ