HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Տիգրանակերտը կայսերական ուժի և տաղանդի կոնկրետացումն է մի տեղում»

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ «Հետք»-ի զրույցը Տիգրանակերտ հնավայրում կատարված աշխատանքների մասին է:

- Պրն Պետրոսյան, Տիգրանակերտ հնավայրում ավարտեցիք եւս մեկ աշխատանքային տարի: Ի՞նչ տվեցին այս տարվա պեղումները եւ, ընդհանրապես, հնագիտական պեղումների 11 տարիներից հետո ի՞նչ է իրենից ներկայացնում Տիգրանակերտը:

- Տիգրանակերտը շատ մեծ տարածք է զբաղեցնում, ավելի քան 70 հա: Առաջին տարիներին պեղումների ծավալն էական չէր, որովհետեւ կառուցապատումը, տեխնիկան, ամրացման ձեւերը շատ դասական էին, սակայն նույնիսկ փոքր ծավալի դեպքում մենք անընդհատ նորություններ էինք ստանում: Հետագա տարիներին պարզ դարձավ, որ պետք է պեղումների մեծ ծավալներ ունենանք, որպեսզի Տիգրանակերտի կառուցապատման սկզբունքները, հիմնական ճարտարապետական հանգույցները, հատակագծման ամբողջական պատկերն ունենանք: Հիմա, ըստ էության, Տիգրանակերտի հետազոտությունն ավելի շատ մեծ ծավալների հետ է կապված: Ցավոք, ֆինանսական հնարավորություններն այնքան էլ մեծ չեն եւ, ըստ էության, մենք կրիայի քայլերով ենք առաջ գնում: Այս տարի 1 ամսից մի քանի օր ավել ենք աշխատել: Գոնե այս իրավիճակում, երբ պեղումները միայն Արցախի իշխանությունն է ֆիանասավորում եւ հնարավորություններն այդ տեսակետից շատ սահմանափակ են, ամեն տարի պեղում ենք եւ ամեն տարի, կարծես թե, նախորդ տարվա մոտավոր կրկնությունն է: Ամեն տարի պարսպի 15-20 մ հատվածը բացելով հազիվ թե մեծ հաջողությունների հասնենք: Մի քիչ ավելի երկար ժամանակահատված պետք է աշխատել` տարեկան գոնե 3-4 ամիս: Այս տարի պեղումների վերջում արեւելյան դամբարանադաշտում պատահաբար մի դամբարան էլ բացվեց, որը պեղեցինք, բայց այդ դամբարանադաշտի պեղումն ինքնին մի հսկայական գործ է:

Այսինքն` Տիգրանակերտի հետազոտություններն, ամբողջական քաղաքի մասին մեր դատողություններն ավելի դիտարժան եւ հիշարժան դարձնելը զուտ ֆինանսական խնդիր է եւ ուրիշ ոչ մի այլ բան: Այդ տեսակետից մենք հուշարձանն ուղղակի պահում ենք ընթացքի մեջ եւ ոչ ավելին: Մինչեւ հիմա, 11 տարիների ընթացքում, պեղել ենք 3,5-4 հա տարածք եւ վերջին 3-4 տարիներն ամենաքիչ ծավալով են պեղումներն ընթացել: Դա վերաբերում է նաեւ հետազոտական այլ աշխատանքներին: Երբ չկա ֆինանսավորում, դրանով սահմանափակվում են նաեւ տարբեր լաբորատոր անալիզները: Մենք ապարատ չունենք, որ այդ հսկայական կառույցները կարողանանք վերեւից նկարել, գործուղման գումարներ չունենք հուշարձան այցելելու համար, ֆինանսական աջակցություն չունենք արշավախումբը գործուղելու համար: Հայաստանյան կառույցները, այդ թվում նաեւ Գիտության պետական կոմիտեն արհամարհանքով են վերաբերվում մեր գործին: Կոմիտեն նախորդ տարում չի ֆինանսավորել մեր գիտական թեման:

- Անցնող 11 տարիներին Տիգրանակերտից պեղված ի՞նչ արժեքավոր նյութեր եք ներկայացրել հանրությանը, որը Դուք, որպես մասնագետ, շատ բարձր եք գնահատում:

- Հնագիտական պեղումներ` չի նշանակում հողի տակից նյութեր հանել եւ ներկայացնել հանրությանը, այլ նախեւառաջ նշանակում է այդ կորուսյալ, անհետացած քաղաքը գտնել: Մենք նախեւառաջ հանրությանը ներկայացրել ենք Տիգրանի կառուցած ամրոցը եւ Տիգրանի կառուցած անտիկ թաղամասերը: Այդ ամրոցը, որի պարիսպների մոտ 900 մ արդեն բացել ենք, այսօր դա Տիգրանի ժամանակաշրջանի ամենալավ պահպանված ամրոցն է Կովկասում: Էլ չեմ ասում, որ մենք Տիգրանի կառուցած որեւէ այլ բնակավայրի տեղը հնագիտորեն հստակ չգիտենք, բացի Արցախի Տիգրանակերտից: Այսինքն, երբ մենք ուզում ենք խոսել Տիգրանի ժամանակաշրջանի, Տիգրանի ճարտարապետական հանդգնության մասին, նրա պաշտպանական համակարգերի մասին, մենք ուրիշ   կոնկրետ հուշարձան, քան Արցախի Տիգրանակերտն է, ուղղակի չունենք: Այդ տեսակետից այդ ճարտարապետական թռիչքը, կայսերական ուժի եւ տաղանդի կոնկրետացումը մի տեղում, նրա ռազմավարական հեռանկարները որեւէ այլ տեղ, ուղղակի չունենք: Տիգրանակերտի կարեւորությունն առաջին հերթին հենց դրանում է: Տարբեր տեղերում ունենք կոնկրետ հուշարձաններ, շատ ավելի շքեղ քաղաքների փոքրիկ մնացորդներ, մինչդեռ Տիգրանակերտն այսօր որպես էտալոն է հանդես գալիս նման տիպի հուշարձանների:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Տիգրանակերտ հնավայրը աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո:  

- Տիգրանակերտը քարի քաղաք է: Ճիշտ է, Տիգրանակերտի պարիսպներն ունեցել են աղյուսաշեն վերնամասեր, բայց այդ քարի հիմքերն այսօրվա դրությամբ գոնե մինչեւ 6 մ բարձրություն ունեն: Ամբողջովին քարաշեն են անտիկ թաղամասերը, ամբողջովին քարաշեն է վաղ քրիստոնեական շրջանի հրապարակը: Այսինքն, Մերձավոր արեւելքի քաղաքներից քչերն են, որ ամբողջովին քարից են կերտված: Տիգրանակերտի պեղումները տալիս են ոչ միայն բազմաթիվ նյութեր, փաստեր, այլեւ ստեղծում են քարեղեն մի միջավայր, որը մնայուն է: Այնտեղ կարող եք քայլել, զբոսնել եւ այլն, եւ այն հարյուրամյակներ կմնա:

Միականթ կճուճ` գտնված դամբարանում

- Տուրիզմի տեսանկյունից կարո՞ղ է այն հետաքրքրել միջազգային հանրությունը:

- Միանշանակ, այսօր էլ այն դարձել է Ստեփանակերտից-Մարտակերտ տանող մայրուղու բնապատկերի բաղկացուցիչը: Տիգրանակերտն այսօր տասնյակ կիլոմետրեր հեռվից է երեւում, ադրբեջանցիները նկարում են իրենց դիրքերից եւ պատմական լանդշաֆտի նման բաղկացուցիչ եզակի հուշարձաններ կարող են լինել: Այդպիսին են այն հուշարձանները, որոնք դարեր շարունակ կանգուն են եղել, բայց Տիգրանակերտը դարեր շարունակ չի երեւացել, մենք դա հողի տակից են հանել եւ դրա էֆեկտը բավականին ուրիշ է:

- Տիգրանակերտը ներգրավվա՞ծ է Հայաստանի զբոսաշրջային թուրերում:

- Տիգրանակերտի տարածքում հիմա հատուկ արգելոց է ստեղծված, 2010 թ.-ից տարածքում ստեղծվել է թանգարան: Մենք շատ ուշագրավ գտածոներ ունեք` զանազան տիպի անտիկ կնիքներ, դրամներ, սասանյան կնքադրոշմներ, վաղ քրիստոնեական շատ հետքրքրիր իրեր, Տիգրանի ժամանակի հոյակապ խեցեղենը` այդ թվում նաեւ ներմուծված, որոնք ցուցադրված են Տիգրանակերտի հնագիտական թանգարանում: Այն 18-րդ դարի ամրոց է, որը վերականգնված է, պահպանվում է եւ վերածվել է թանգարանի: Այս տարի, պատերազմական օրերով պայմանավորված, մի քիչ նվազել է զբոսաշրջիկների հոսքը, բայց նախորդ տարիներին 35-40.000 զբոսաշրջիկ էր այցելում: Տիգանակերտը բարեկարգված է, տեղադրված են ցուցանակներ, հուշարձանների մոտ բացատրագրեր կան տեղադրված, նստարաններ կան, սանհանգույց եւ այլն: Այսօր, բացի Տիգրանակերտ հնագիտական թանգարանից, ուրիշ տարածք չգիտեմ, որ այդքան բարեկարգված լինի զբոսաշրջիկների համար:

Ամրացված թաղամաս, 3-րդ կլոր աշտարակին կից պարսպի նոր զիգզագաձև հատվածը

- Տիգրանակերտ հնավայրից պեղված եւ թանգարանում ցուցադրվող նյութերից ի՞նչն եք առավել արժեւորում:

- Տիգրանակերտը շատ հարուստ քաղաք է եղել, գտնվել է շատ հարուստ արքայական հզոր աղբյուրներին կից, տարին մի քանի անգամ բերք են ստացել այնտեղ եւ դրանք քաղաքի մշակույթի վրա են ազդել: Այնտեղ ամեն ինչը քաղաքային է, ամեն տարի հազարավոր իրեր ենք գտնում եւ այդ ամենը շատ բարձր մակարդակի: Դրանց մի մասը ցուցադրվում է թանգարանում, դա ագաթե կնիքն է, որը թվագրվում է մ.թ.ա 1-ին դար` Տիգրանի ժամանակի, որտեղ եղջերու է պատկերված գավակի վրա, արծիվ է նստած եւ այդ կինքը ցուցադրվում է: Արեւելյան դամբարանադաշտից գտնված կարասային թաղման պարթեւական դրամներն են, մատանիներն են, ապակե կնիքներն են, ոսկե ֆոլգայով փաթաթված ուլունքներն են, վաղքրիստոնեական սկավառակն է հայերեն արձանագրությամբ, որը Արցախի ամենահին հայերն արձանագրությունն է` 5-6-րդ դար: Վաղ քրիստոնեկան խաչերն են` շատ նման իռլանդականին, սկյութական տիպի նետասլաքներն են, շատ ուշագրավ գունազարդ խեցեղենն է, վաղ ջրանակի հարյուրավոր նմուշներ եւ այլն: Պեղված նյութերի մյուս մասը պահվում է Ստփանակերտի հատուկ պահոցներում, պեղումներից հետո մի մասը բերում ենք Երեւանի պետական համալսարանի հնագիտության լաբորատորիայում հատուկ մշակում ենք երկու տարում եւ հատուկ ընթացակարգով հանձնում ենք Ստեփանակերտի պահադարանին:

- Քաղաքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մեծաքնակ նյութերն, առհասարակ, ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են դրանք բնութագրում:

- Տիգրանակերտը նախեըառաջ կբնութագրեի մի նախաձեռնություն, որն ինչքան գիտական է, նույնքան էլ մշակութային է: Մենք նպատակ ունեինք ի վերջո հասկացնելու Ադրբեջանի գիտնակներին ու քաղաքական կառույցներին, որ հայերն Արցախում առնվազն 2000-ամյա ներկայություն ունեն եւ պետք չէ տեղի-անտեղի շեշտադրել հայերի երկվորության մասին: Եկվորները եկել են հայերի հողերի վրա են նստել եւ իրենց իրավունք են վերապահում հայերի եկվորության մասին խոսել: Ես, ճիտն ասած, մտածում էի, որ հայկական քաղաքական դաշտը շատ ավելի կրքոտ, ավելի խանդոտ կարձագանքեր Տիգրանակերտին, ինչը բացարձակ տեղի չունեցավ: Հայկական կուսակցությունները, ներառյալ ՀՅԴ-ն, բացարձակապես էական ուշադրություն չի դարձրել Տիգրանակերտին, որեւէ աջակցություն չենք զգացել:

Երկրորդը` ըստ էության եզակի հնավորություն է գնալ մի առասպելի հետքերով: Տիգրանակերտի մասին գրավոր աղբյուրներն այնքան էլ հարուստ չեն, բայց պեղումները, կարծեք թե, փոխհատուցում են: Այն Տրոյայի նման մի հզոր քաղաք է, որի մասին քիչ են գրավոր աղբյուրները: Այդ ամենը մոռացությունից հանելն ինքնին շատ գրավիչ է: Ի՞նչն է պատճառը, որ այդ ամենը մոռացություն է տրվել: Առաջին քրիստոնեկան կառույցները, Աղվանից եկեղեցու ձեւավորումը, ինչո՞ւ աղվանից կոչվեց, ինչո՞ւ փորձեց առանձնանալ հայ եկեղեցուց, ո՞րոնք էին դրանց պատճառները: Տիգրանակերտը բավականին հետաքրքիր նյութեր է տալիս եւ հարկավոր է որոշակի լրջություն հաղորդել այս ամենին, ժամանակն է հասկանալու, որ աղվանները եղել են հայերի ամենամտերիմ հարեւանները եւ ոչ թե ադրբեջանցիների նախնիները: Այս ամենը թերթելով շատ հաճախ տեսնում ես, թե հայագիտությունն ինչքան լուրջ խնդիրներ ունի եւ շատ հաճախ ինչքան թեթեւ է վերաբերվել այդ ամենին:

- Դուք նոր աշխատություններ հրապարակե՞լ եք դրանց հիման վրա:

- Արշավախմբի անդամների հետ համատեղ մի քանի հոդված արդեն հրապարակել ենք: Հիմա փորձում եմ ավարտին հասցնել Տիգրանակերտին նվիրված ներածական առաջին գիրքը: Տիգրանակերտի հետազոտությունը շատ դժվարությամբ է առաջ գնում երկու պատճառով: Առաջինը հետազոտության շատ փոքր ծավալներն են, որ մեզ հնարավորություն չի տալիս ավելի շատ բան տեսնելու: Երկրորդը` շատ պատասխանատու մոտեցումն է. դժվար է հասկանալ այդ հուշարձանը: Տիգրանակերտը մենք նրա համար չենք պեղում, որ գեղեցիկ նկարներ հրապարակենք ու հայտարարություններ անենք: Ինչպիսին որ հուշարձանն է հարուստ ու լուրջ, այնքան էլ նրա գիտական հետազոտությունը պիտի լուրջ լինի: Մենք պետք է գիտական լուրջ, ապացուցելի փաստերով ներկայացնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter