HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Հովսեփյանի որդուն առնչվող ընկերությունը երկու նոր հէկ կառուցելու հայտ է ներկայացրել

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակվում է Սյունիքի մարզի Գեղի համայնքի վարչական տարածքում «Տելիա Մայնինգ» ՍՊԸ–ի կողմից Գեղի գետի վրա «Աստղաբերդ» փոքր հէկի կառուցման նպատակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության  նախագիծը:

Բացի դրանից, մշակվում է նաև Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում  նույն ընկերության կողմից Ամբերդ գետի վրա «Բյուրական» փհէկի կառուցման նպատակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության  նախագիծը:

«Տելիա  Մայնինգ» ՍՊԸ-ն նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի Աղվան Հովսեփյանի որդուն՝ Միսակ Հովսեփյանին էր: Նա նաև ընկերության տնօրենն էր:  Ընկերությունը հիմնադրվել է 2012-ին:

Միսակ Հովսեփյանը, սակայն, անցյալ տարի դուրս է եկել ընկերությունից: Այժմ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը Հակոբ Գրիգորի Թադևոսյանն է: Նա Միսակ Հովսեփյանի տարեկիցն է: Չնայած բաժնետիրոջ փոփոխությանը, ոչ մի այլ փոփոխություն տեղի չի ունեցել: Ընկերության և իրավաբանական, և գործունեության հասցեն նույնն է մնացել, ինչը նշանակում է, որ մասնակցի փոփոխությունը ձեւական բնույթ է կրում:

Ավելին, Բյուրական համայնքի ավագանին, համայնքապետ Զարզանդ Բաբայանի գլխավորությամբ, դեռևս 2013-ի փետրվարին որոշում է կայացրել փոքր հէկի  խողովակաշարի  կառուցման  և  սպասարկման  նպատակով  «Տելիա  Մայնինգ»  ՍՊԸ-ին  տրամադրել  մշտական  սերվիտուտ  համայնքային  սեփականություն  հանդիսացող  0.00085 հա,  0.00330 հա,  0.00353 հա,  0.03207 հա,  0.81245 հա  հողատարածքների նկատմամբ`  տարեկան  300 000 դրամ  ընդհանուր  վարձավճարով`  ըստ  ներկայացված  իրադրության  հատակագծերի:

Սրանք Հովսեփյանների ընտանիքին պատկանող առաջին հէկերը չեն լինելու: Հիշեցնենք, որ Միսակ Հովսեփյանը բաժնեմաս ունի Եղեգիսի Կարակայա վտակի վրա կառուցված «Վարդահովիտ» փհէկ-ում: Աղվան Հովսեփյանի մյուս որդին՝ Նարեկ Հովսեփյանը, կիսում է Հորբատեղ համայնքի վարչական տարածքում կառուցված «Սուրբ աղբյուր» հէկի բաժնեմասը: 

Հիմա տեսնենք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն ունեն այն գետերը, որտեղից հէկերի համար ջրթույլտվություններ են տրվելու:

Սյունիքի մարզի Որոտանի վտակ Գեղի գետի վրա 2014-ից է գործում «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ի կառուցած «Գեղի-2» փոքր հէկը: Դրվածքային հզորությունը հասնում է 1800 կՎտ-ի: Շուրջ 3 կմ խողովակաշար է անցկացվել այս հէկի համար: Գեղի գետի երկարությունը 30 կմ է:

Իսկ Ամբերդ գետի վրա են գործում գեներալ Չիլինգարյանի մասնակցությամբ կառուցված «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ի երկու հէկերը՝ «Ամբերդ փհէկ 1» և «Ամբերդ փհէկ 2» հէկերը: Գետի երկարությունը 36 կմ է: Երկու հէկերի համար անցկացվել է 6,5 կմ խողովակաշար: Նույն ընկերությունը կառուցում է նաև «Ամբերդ փհէկ 3»-ը, որի համար ևս 3 կմ խողովակ կանցկացվի: Ստացվում է, որ գետի գրեթե 30%-ն արդեն իսկ ծանրաբեռնված է հէկերով: 

Լուսանկարում՝ Ամբերդ գետը: Լուսանկարը՝ wikipedia-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter