HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանի գնահատմամբ, կայացվեց հերթական քաղաքական որոշումը

«Սասնա Ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանի կալանքի ժամկետն այսօր երկարացվել է: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ևս երկու ամսով Հարությունյանին կալանքի տակ պահելու մասին: Այս մասին «Հետքը» տեղեկացավ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանից: Նրա գնահատմամբ, կայացվեց հերթական քաղաքական որոշումը:

Հայարփի Սրագսյանը նշեց, որ դատական նիստի մասին իրեն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը չեն տեղեկացրել. «Այսօրվա նիստի մասին իմացել եմ Հովհաննեսի քրոջից, անգամ կալանքը երկարացնելու միջնորդությանը, դատարան ներկայացված նյութերին ծանոթ չեմ եղել: Այն ինձ չի տրամադրվել»,-ասաց փաստաբանը:

Նա միջնորդել է նիստը հետաձգել երկու օրով, սակայն դատարանը մեկ ժամով է հետաձգել: Պաշտպանի գնահատմամբ, այդպիսով դատարանը չի ապահովել իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքի իրացումը:

«Մեկ ժամում, որքանով հնարավոր էր, ծանոթացա միջնորդությանը. նշված էին նույն մտքերը՝ կարող է թաքնվել, խոչընդոտել քննությանը»,-շեշտեց Հայարփի Սարգսյանը՝ նշելով, որ Հոհվաննես Հարությունյանը շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում», տեղաշարժվում է հենակներով, բուժման կարիք, որոշ ժամանակ անց դարձյալ պետք է վիրահատվի: Հետևաբար, ըստ փաստաբանի, հարց է առաջանում, թե ինչպես պիտի Հարությունյանը թաքնվի կամ խոչընդոտի նախաքննությանը:

Ի դեպ, նիստին ներկա է եղել նաև իր պաշտպանյալը, ով հայտարարել է, որ չվերաբերվեն իրեն ու «Սասնա Ծռերի» մյուս անդամներին՝ իբրև հանցագործների:

Դատական ակտը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում:

Հովհաննես Հարությունյանը աջ ոտքից երկու հրազենային վիրավորում է ստացել հուլիսի 26-ի գիշերը, ՊՊԾ գնդի տարածքում : Բեկորները հեռացրել են «Էրեբունի» ԲԿ-ում, այնուհետև նույն օրը նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից): Հովհաննեսն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter