HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Թանկյանը և այլ արվեստագետներ Հայաստանում անհապաղ փոփոխությունների կոչ են անում

Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ մի խումբ սփյուռքահայերի և հայաստանցիների նախաձեռնած ստորագրահավաքին` Հայաստանում փոփոխություններ անելու և արդարադատություն հաստատելու մասին:

«Ընկերնե´ր (Հայաստանում և ամբողջ աշխարհում), այսօր նշվում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Պետք է նշել այս փոքր, բայց լավ ժողովրդի որոշ հաջողությունները` միաժամանակ զբաղվելով մտահոգիչ հարցերով: Անկախությունը քիչ է, երբ ժողովրդի մի մեծ մասը դժգոհ է: Այդ պատճառով ես և մի խումբ ընկերներ Հայաստանի ժողովրդին աջակցելու և դրական քաղաքացիական փոփոխությունների ու բարեփոխումների դիմելու կոչով մի հայտարարության տեքստ ենք կազմել: Խնդրեմ անցեք արշավի հղումով և ստորագրեք, եթե համաձայն եք»,- լրատվամիջոցներին ուղարկված տեքստում գրել է Թանկյանը:

Նախաձեռնության կազմակերպիչները «Արդարադատություն Հայաստանում» կոալիցիայի անդամներն են` հիմնականում հայկական սփյուռքը ներկայացնող արվեստագետներ: Հաշվի առնելով 2016թ-ի ապրիլի և հուիսի դեպքերը` նրանք 25-ամյա Հայաստանի Հանրապետության քաղաքական առաջնորդներին կոչ են անում հրաժարվել համակարգված կոռուպցիայից, մոնոպոլիաներից, ոստիկանական դաժանություններից և մարմնավորել սկզբունքայնություն, հաշվետվություն, կարեկցանք:

«Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»,- գրված է change.org-ում հրապարակված հայտարարության մեջ։ 

Հայտարարությունը ստորագրած գործիչների կազմում են երաժիշտ Սերժ Թանկյանը, արտիստ Վահե Բերբերյանը, ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը և գործարար Ալեքսիս Օհանյանը Միացյալ Նահանգներից, ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը Կանադայից, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Ֆրանսիայից և այլոք:

Մեկնաբանություններ (1)

Էլմիրա Հայրապետյան
Վերադարձրեք Հայրենիքս... Վերադարձրեք մանկության ու պատանեկության սուրբ ու նվիրական վայրերը... ..Իսկ ես ձեզ ,մեծ սիրով,կնվիրեմ պանդխտությանս ցուպը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter