HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղի ամեանամեծ դղյակը գլխավոր դատախազինն է

Այս դղյակը ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանինն է: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ այս շինությունը կառուցվել է «արդար քրտինքով» աշխատած փողերով: Մ. Ղուկասյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում աշխատավարձը հավաքում էր, եւ թագավորական պալատ ունենալու իր մանկության երազանքը 2003 թվականին իրականություն դարձավ: ԼՂՀ կառավարության միջին օղակի մի չինովնիկ համոզված է, որ մի քանի տարի անց այս դղյակը կդառնա կամ մանկապարտեզի, կամ թանգարանի շենք:

Հիշեցնենք, որ 2000թ. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ազգային հերոս Սամվել Բաբայանին կալանավորելուց հետո նրա տունը բռնագրավվեց եւ այսօր այնտեղ մանկապարտեզ է: Իհարկե, Ս. Բաբայանի տունն իր չափերով, տեսքով, կահավորանքով չի հասնում Մ. Ղուկասյանի ապարանքին: Այդ իսկ պատճառով հնարավոր է` գլխավոր դատախազի առանձնատանը տեղակայվի նաեւ միջնակարգ դպրոց: Սակայն ժամանակից շուտ գուշակություն անելը, ինչպես հաճախ նշում են քաղաքական գործիչները, անշնորհակալ գործ է: Ղարաբաղում շատերը նաեւ չեն մոռացել Ս. Բաբայանին կալանավորելուց հետո տարբեր հեռուստաալիքներով ցուցադրված ոսկե զարդերը եւ ադամանդները: Այն ժամանակ նրա ունեցվածքը գնահատվում էր 3 մլն դոլար:

Սակայն, թե ուր են անհետացել այդ զարդերը, մանավանդ երեք սեւ ադամանդները, սովորական ղարաբաղցիներին հայտնի չէ, նրանք շարունակում են իրար հարցնել` իսկ ու՞ր են Իժոյի (Սամվել Բաբայանի մականունը) ոսկիները: Այդ հարցի պատասխանն ամենայն հավանականությամբ, գիտի հայտնի լրագրող Համլետ Ղուշչյանը: Ղարաբաղի իշխանությունները հենց նրան են պատվիրել պատրաստել այդ ֆիլմը, եւ նա իր աչքերով տեսել է այդ զարդերը, այնուհետեւ նկարահանել եւ ներկայացրել հանրությանը: Հարցի պատասխանը ի պաշտոնե գիտի նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter