HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կադաստրի պետական կոմիտեն որոշել է երիտասարդ ընտանիքներից կրկնակի վճարներ գանձել

Երևան քաղաքում ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի աջակցությամբ կյանքի կոչված «Ավան 4» աշխատանքային անվանումը կրող բազմաբնակարան համալիրը, որն ունի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեները, շահառուներին բնակության է հանձնվել դեռևս հունիսի 29-ին: Բացմանը ներկա է գտնվել նաև հանրապետության նախագահը: Այն ամենամասշտաբային նախագիծն է՝ իրականացված «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում: 

Դավիթ Նիկողոսյանը Երևանի Ծարավ Աղբյուր 55/17 նորակառույց շենքի բնակարաններից մեկի սեփականատերն է: Դավիթը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բնակարաններն իրենց հանձնելուց հետո պետք է իրականացվեր պետական գրանցում:

Նրա պատմելով՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն տվել է ավարտական ակտ և չափագրումները՝ լազերային սկավառակով, որը պետք է ներկայացնեին «Արարատբանկ» ԲԲԸ: Այնուհետև պետք է համաձայնագիր կազմվեր բնակարանի մակերեսի փոփոխությունների  վերաբերյալ և պետական գրանցում ստանար: Դավիթի դեպքում նախնական պայմանագրով նախատեսվածի և հանձնված բնակարանի մակերեսի տարբերություն է եղել՝ 1քմ-ի չափով: Քանի որ պայմանագրում գնանշումը պայմանավորված է մակերեսով, հետևաբար պետք է համաձայնագիր կազմվեր և փոփոխվեր բնակարանի գինը:

«Բայց մինչ լրացուցիչ համաձայնագիր կնքելը բանկը բոլոր շահառուներին ուղղորդում էր անշարժ գույքի պետական կադաստր՝ միայն ավարտական ակտի հիման վրա կադաստրի վկայական փոփոխելու համար: Նախկինում տրվել էր հողի վրա կառուցապատման իրավունքի վկայական, դա պետք է փոխվեր և տրվեր արդեն կառուցված բնակարանի վկայականը: Դրանից հետո գնում ենք նոտար՝ փոփոխված մակերեսի հիման վրա համաձայնագիր կազմելու, որից հետո հօգուտ բանկի պետք է ձևակերպվեր գրավի իրավունքը»,- ասում է Դավիթ Նիկողոսյանը:

Շահառուն պատմում է, որ գրավի իրավունքը ձևակերպելու համար կադաստրից 26000 դրամ վճար են պահանջել, որից միայն 1000 դրամն է պետական տուրքը, մնացածը կադաստրի ծառայության վճարն է: Նրա խոսքերով՝ աբսուրդ է, որ 25000 դրամ ծառայության վճար են գանձում, բայց համաձայնվել են ու վճարել: Դավիթը տեղեկացել է, որ իրենցից առաջ հարևանները, ընկերները նույն գործընթացով անցել են, դիմել և ստացել են գրավի իրավունքի վկայականը: Սակայն իրեն և շատ այլ շահառուների կադաստրից պատասխանել են, որ գործընթացը կասեցվում է, քանի որ սահմանված չափով վճարումներ չեն կատարվել:

«Գրավի իրավունքի համար սահմանված չափը նշված 26000 դրամն է, մենք վճարել ենք: Անհիմն կասեցրել են` պատճառաբանելով՝ քանի որ պայմանագիր է փոխվել, կադաստրի վկայականը ևս մեկ անգամ պետք է փոխվի: Ի՞նչը պետք է փոխվեր վկայականում, երբ արդեն ճշգրտված մակերեսը վկայականում նշված էր: Ստացվում է, որ վկայականը պետք է հանձնեի նրանց և նույն վկայականը՝ առանց մեկ տառ փոփոխելու, թարմացրած պետք է վերադարձնեին ինձ՝ դրա դիմաց լրացուցիչ 26000 դրամ գանձելով»,- ավելացնում է Դավիթը:

Կասեցումը ստանալուց հետո շահառուները աղմուկ են բարձրացրել և գնացել են բանկ, փորձել են լեզու գտնել: Ոչինչ չի ստացվել: Որոշել են դիմում գրել Կադաստրի պետական կոմիտե, իսկ մի օրինակը՝ ուղարկել Կենտրոնի ստորաբաժանում: Օրեր անց ստորաբաժանումից առանց իրավական հիմնավորման ստանում են պատասխան, որ պետք է լրացուցիչ վճարել 26000 դրամ, քանի որ պայմանագրի գին է փոխվել:

Դավիթ Նիկողոսյանը նշում է, որ նախորդ տարի հանձնվել է «Զեյթուն 2» նախագիծը, իր ունեցած տեղեկություններով՝ նույն գործընթացն այնտեղ է եղել, ու բոլորը վճարել են 26000 դրամ և ստացել գրավի իրավունքը, լրացուցիչ գումար չի պահանջվել: Մինչդեռ իրենցից պահանջում են 52000 դրամ:

«Նոր են գլխի ընկել կադաստրից, որ առանց որևէ իրավիճակ փոխվելու կարելի է լրացուցիչ 26000 դրամ գանձել: Իմ ընկեր Արթուր Դարբինյանը դիմել է և նրա դիմումը բավարարվել է, մեկ օր անց ես եմ դիմել ու կադաստրի մոտ ինչ-որ բան է փոխվել՝ իմ դիմումը կասեցրել են և լրացուցիչ վճար են պահանջում: Ինձնից հետո բոլորի դիմումները կասեցրել են»,- ասում է Դավիթ Նիկողոսյանը:

Նույն ծրագրի շահառու Մանուկ Զաքարյանն էլ ասում է, որ նույնիսկ բանկն է քաղաքացիներին ուղղորդում, որ գնան միանգամից վճարեն 52000 դրամ, որպեսզի ստանան գրավի վկայականը՝ առանց հիմնավորելու, թե ինչու պետք է վճարեն 52000 դրամ: Դա արվում է ժամանակ չկորցնելու նպատակով, քանի որ արդեն գիտեն կադաստրի դիրքորոշումը:

«Մի քանի հարյուր շահառուներ նախկինում վճարել են ընդամենը 26000 դրամ, թե ինչ է տեղի ունեցել այս ընթացքում՝ անհայտ է, տեղյակ չեմ: Մանավանդ, բանկը ևս հաստատում է, որ նախկին շահառուները երկու աանգամ 26000 դրամ չեն վճարել: Իմ կարծիքով՝ կադաստրում ինչ-որ մի «խելոք» ասել է՝ բերեք գանձենք ևս 26000 դրամ ու գանձում են»,- ասում է Մանուկը:

«ԵՊՀ շրջանավարտների միավորումը» ևս փաստում է՝ նախկինում «գրավի իրավունքի վերագրանցման համար կադաստրի կողմից վճարներ չեն գանձվել»

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը «Հետքին» տեղեկացրեց, որ շենքերի կառուցման մեկնարկից անմիջապես հետո շահառուի հետ կնքվում է կառուցապատման իրավունքի առուվաճառքի և գրավի (հիպոթեք) պայմանագիր: Դրա հիման վրա կատարվում է շահառուի կառուցապատման իրավունքի և բանկի գրավի իրավունքի պետական գրանցում՝ ըստ նախագծի: Բանկը տվյալ շահառուին տրամադրում է հիպոթեքային վարկավորում:

Շահառուների հետ կնքվող պայմանագրերի համաձայն՝ շահառուն պարտավոր է բնակարանի կառուցապատման ավարտից հետո դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, ստանալ ավարտված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական և կատարել նոտարական վավերացման ու իրավունքների պետական գրանցման, այդ թվում՝ բանկի գրավի իրավունքի հետ կապված անհրաժեշտ վճարումները, տուրքերը:

Կառուցապատման ավարտից հետո հատուկ որակավորում ունեցող լիցենզավորված մասնագետի կողմից կատարվում է բնակարանների մակերեսների փաստացի չափագրում: Կազմվում է փաստացի մակերեսով բնակարանի հատակագիծը: Վերջինը՝ կառուցապատման իրավունքի վկայականի և բնակարանի ավարտական ակտի հետ շահառուն ներկայացնում է կադաստրի սպասարկման գրասենյակ, որի հիման վրա կատարվում է ավարտված բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ սեփականության վկայականը շահառուն ներկայացնում է բանկին:

Ավարտված բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա անկախ գնահատողի կողմից կատարվում է անշարժ գույքի գնահատում: Միաժամանակ կողմերի միջև կնքվում է գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի մակերեսը, գինը և վարկի վերջին մասնաբաժնի չափը փոփոխելու վերաբերյալ համաձայնագիր: Դրանից հետո կատարվում է ավարտված բնակարանի նկատմամբ բանկի գրավի իրավունքի վերագրանցում:

Արսեն Քարամյանի խոսքերով՝ իրենց նախորդ բոլոր ծրագրերում՝ ներառյալ «Զեյթուն 1», «Ավան 3», շահառուի սեփականության իրավունքի բանկի գրավի իրավունքի վերջնական գրանցման գործընթացը մշտապես իրականացվել է նշված ընթացակարգերով:

«Ինչպես այդ ծրագրի շահառուների, այնպես էլ հիպոթեքային վարկավորում տրամադրող բանկերի մասնագետների հավաստմամբ` ավարտված բնակարանի նկատմամբ շահառուի սեփականության իրավունքի պետական գրանցման համար վճարվել է 1000 դրամ պետական տուրք և 25000 դրամ ծառայության վճար, իսկ գրավի իրավունքի վերագրանցման համար կադաստրի կողմից վճարներ չեն գանձվել»,- տեղեկացնում է Ա. Քարամյանը՝ հավելելով, որ կազմակերպությունը վեճերի և պահանջվող գումարի չափերի հիմնավորվածությունը վիճարկելու իրավասություն չունի:

Հետևաբար, ըստ Քարամյանի՝ նույնատիպ ծրագրերի շրջանակում միատեսակ փաստական հանգամանքների առկայության պայմաններում շահառուների մի մասից 26000 դրամ, իսկ մյուս մասից կրկնակի գանձելու հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով առաջարկվում է դիմել պետական գրանցում իրականացնող մարմնին:

Արսեն Քարամյանի խոսքերով՝ «Ավան 4» ծրագրի շահառուների մի մասի կողմից գրավի իրավունքի պետական վերագրանցում չկատարելու և արդյունքում բանկի կողմից  հիպոթեքային վարկի վերջին մասնաբաժինը չփոխանցելու հետևանքով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն չի կարողացել կատարել շինարարական կազմակերպության նկատմամբ ունեցած ավելի քան 210 միլիոն դրամ պարտավորությունը: Այդ պարտավորության նկատմամբ հաշվարկվում են տույժեր, ինչի արդյունքում  ՀԿ-ն շարունակում է կրել ֆինանսական վնասներ:

Կադաստրը պնդում է, որ վճարներն օրինական են

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայելյանը «Հետքին» տեղեկացրել է, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 55/17 և 55/20 հասցեների բազմաբնակարան շենքերի մի շարք միավորների նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերը լրացուցիչ համաձայնագրերով փոփոխվել և նոր շարադրանքով են ներկայացվել, որոնք վերաբերում են էական պայմաններին:

Հղում անելով գործող իրավանորմերին` նախագահի տեղակալը նշել է, որ ներկայացված համաձայնագրերը սահմանում են նոր իրավունքներ և պարտականություններ, որոնք վերաբերվում են ինչպես հիփոթեքի, այնպես էլ առուվաճառքի պայմանագրի տարրերին, ուստի դրանք ևս ենթակա են պետական գրանցման այն կանոններով, ինչպես կատարվել են նախկինում ներկայացված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի պետական գրանցումները:

«Ներկայացված նույնաբովանդակ համաձայնագրերի դեպքում իրավունքների պետական գրանցման վարույթների որոշ մասը կասեցվեու, իսկ որոշ մասի նկատմամբ էլ գրավի իրավունքի պետական գրանցում կատարվելու վերաբերյալ հայտնվում է, որ նման դեպքեր հայտնաբերվելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձինք կենթարկվեն կարգապահական տույժերի»,- եզրափակել է Ա. Մուսայելյանը:

Փաստ է, որ կադաստրը որոշել է երիտասարդ ընտանիքների հաշվին «հարստանալ», իսկ արդյո՞ք պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության… Պատասխանատվության հարց բարձրացրել է այս ամենի պատասխանատուներից մեկը՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter