HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ժամանակի» խմբագրի հորդորը օմբուդսմենին. խելքդ գլուխդ հավաքիր

«Հրապարակ» օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների վրա դատարանն արգելանք դրեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ դատավորներին ուղղված հանդուրժողականության հորդորի հենց հաջորդ օրը: Սա, թե «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանի եւ թե «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ պարզապես օմբուդսմենին ուղղված ապտակ էր:

Վերջինիս Բաբաջանյանն առաջարկում է դիմումներ գրելու փոխարեն հանդիպել խմբագիրներին եւ ուղիներ մշակել՝ ԱԺ դիմելու եւ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար:

Այսօր տարբեր օրաթերթերի, այդ թվում՝ հիշյալ երկու թերթերի, ինչպես նաեւ որոշ կայքէջերի (Report.am եւ News.am) նկատմամբ ներկայացվել են դատական հայցեր: Ըստ խմբագիրների՝ պատճառն այն է, որ անցյալ տարի վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեց: Սա, Բաբաջանյանի խոսքերով, իշխանության կողմից լավ մտածված քայլ էր, իսկ լրատվամիջոցների նկատմամբ սկսված դատական արշավի նպատակը մեկն է՝ ամբողջությամբ վերահսկելի դարձնել ԶԼՄ-ները:

 Արմինե Օհանյանի ներկայացմամբ էլ՝ Քրեական օրենսգրքի հիշյալ փոփոխությունը՝ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը, վերածվել է ազատ խոսքի, կարծիքի տարածման իրավունքը սահմանափակող գործքի: Արդյունքում վերադառնում ենք սովետական շրջանի լրագրությանը՝ ակնարկել, գրել ենթատեքստով, կարեւորն ասել տողատակերում:

«Եթե թերթը մարդուն հնարավորություն է տալիս կարծիք արտահայտելու, տեսակետ շարադրելու, եւ տվյալ անձը, որ քաղաքական գործունեությամբ է զբաղվում, պատրաստ չէ լսել իր հասցեին ուղղված քննադատական խոսք, տհաճ որակումներ, ոչ հաճելի գնահատականներ, նշանակում է, որ մենք հայտնվել ենք աքցանների մեջ»,- ասում է Օհանյանը եւ հավելում, որ խմբագիրներին փորձում են վերածել գրաքննիչների, որ այսօր ստիպված են հոդվածեր տպագրելուց մտածել ոչ թե ազատ մտքի, հետաքրքիր եւ սուր հրապարակումներ պատրաստելու եւ ակտուալ թեմաներին անդրադառնալու մասին, այլ «ամբողջ օրը մտածել, թե տվյալ հոդվածն ինչ հետեւանք կարող է ունենալ»:

Ընդ որում, ըստ նրա՝ հայցերի ուղղվածությունը ցույց է տալիս, որ կապ չունի, թե ինչքանով է պահպանվել լրագրողական էթիկան: Քանի որ մի դեպքում դատական գործընթացն ուղղված է տեղեկություններ, մյուսում՝ վիրավորանք եւ զրպարտություն հերքելուն, իսկ տարբեր մարդիկ վիրավորանք ասելով տարբեր բաներ են հասկանում:

«Եվ հնարավոր չէ նույնիսկ կանխատեսել, թե որ հոդվածի արդյունքում կարող ես հայտնվել դատական քաշքշուկների մեջ»,- ասում է «Հրապարակի» խմբագիրը:

«Ժամանակի» խմբագիրն էլ գտնում է, որ աչքի առաջ ունենալով 2008թ. պատկերը, երբ տպագիր մամուլը հաղթեց հեռուստաընկերություններին, իշխանությունները, նույն վտանգից վախենալով, 2012 եւ 2013թթ. ընտրություններին ընդառաջ՝ գործադրում են այս օրենքը», եւ գլխավոր խմբագիրներին անթաքույց համագործակցության, հովանավորելու առաջարկներ են անում՝ դատական գործընթացներից խուսափելու դիմաց:

«Ըստ էության, այսօր այն թերթերն են հայտնվել թիրախում, որոնք առավել անկաշառ, անվերահսկելի են եւ են քիչ թե շատ կարողանում են լուծել մեր հասարակության տեղեկացված լինելու խնդիրը»,- ասում է Բաբաջանյանը:

Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է («երբ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ունենք անազատ դատական համակարգ եւ հասարակություն, երբ մարդիկ վախենում են արտահայտել սեփական կարծիքը), խմբագիրներն առաջարկում են վերադառնալ հին տարբերակին, երբ վիրավորանքն ու զրպարտությունը ենթադրում էր քրեական պատասխանատվություն:

«Այդ դեպքում անհատական պատասխանատվության խնդիր է ծագում, այսինքն՝ տվյալ հոդվածի հեղինակն ինքը պատասխանատվություն է կրում իր գրած ամեն մի խոսքի համար»,- ասում է Արմինե Օհանյանը եւ նշում, որ հիմա վիրավորելու պատասխանատվությունը հեղինակից փոխանցվել է լրատվամիջոցին. «Ըստ էության՝ սա բարոյական վնասի ինստիտուտ է, որը կիրառվում է միայն լրատվամիջոցների նկատմամբ»:

«Հրապարակի» խմբագիրը նաեւ նկատում է, որ հերքում ասվածն արդեն պատիժ է. Այն տպագրելը երբեմն ավելի ցավոտ է, քան տուգանք վճարելը.  «Ուզում եմ ասել՝ եթե մի արարքի, մի հոդվածի համար մի անգամ արդեն պատիժ է սահմանում դատարանը՝ հերքման տեսքով, ի՞նչ իմաստ ունի դրամական միջոցների այս հսկայական տուգանքը դնել թերթի վրա: Եթե դա թերթը փակելու նպատակ չունի, դառնում է անիմաստ»:

Օհանյանը հույս ունի, որ այս դատական հայցերի դրդմամբ լրատվամիջոցները կմիավորվեն, կպայքարեն միասնաբար, եւ բոլորը կհասկանան, որ «անխուսափելի է. մի օր էլ իրենք են հայտնվելու այդ մամլիչի տակ»: Իսկ Արման Բաբաջանյանը, որ ԶԼՄ-ների միավորմանը հավատում, նաեւ գտնում է, որ անհրաժեշտ է պայմանավորվել եւ բոլոր թերթերում տպագրել այն հոդվածները, որոնց դեմ դատական հայց է ներկայացվում: Սա եւս, ըստ նրա, կարող է դառնալ պայքարի արդհունավետ ձեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter