Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գյումրիում եւ Վանաձորում առաջադրված քաղաքական ուժերի ունեցվածքը. ինֆոգրաֆիկա



Վանաձորի եւ Գյումրու ավագանիների ընտրություններում առաջադրված կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները ներկայացրել են իրենց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերը:

Առաջադրված 13 կուսակցություններից եւ դաշինքներից երկուսի՝ «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) եւ «Գործարար» կուսակցությունների հայտարարագրերը դատարկ է, ոչինչ հայտարարագրված չէ:

Փոխարենը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարագրել է աներեւակայելի ծավալի գույք եւ ունեցվածք: Կուսակցության հայտարարագիրը բաղկացած է 6 էջից, որում գրառված է մի քանի տասնյակ անշարժ եւ շարժական գույք, խոշոր եկամուտներ ու դրամական միջոցներ: Հանրապետական կուսակցության հայտարարագրած շենքերի թիվը, ողջ հանրապետության տարածքում, հասնում է 45-ի: Սրանց ընդհանուր մակերեսը կազմում է 11291,12 քմ:

ՀՀԿ-ն հայտարարագրել է  նաեւ 1,25 հեկտար հող, ենթադրվում է՝ քաղաքաշինական նշանակության, ինչպես նաեւ 1898,46 քմ ընդհանուր մակարեսով ավտոկայանատեղիներ, 4 ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության ՎԱԶ-2121, 2007 թվականի արտադրության Նիսսան Պատֆայնդեր եւ 2014 թվականի արտադրության երկու Նիսսան Սենտրա:

ՀՀԿ-ը թանկարժեք գույք չի հայտարարագրել: Իսկ դրամական միջոցները կազմել են 13 միլիոն 739 հազար 604 դրամ: ՀՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների եւ դաշինքների վերջին մեկ տարվա եկամուտները՝ ստորեւ.

Տվյալները՝ ԿԸՀ կայքի

Նշենք, որ ՀՀԿ-ի եկամուտները ձեւավորվել են անդամակցության վճարներից, նվիրատվություններից, վարձակալության դիմաց ստացված վճարներից, գույքի օտարումից եւ այլն: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ն վարձակալությամբ տարածքներ է տվել Վայոց Ձորի մարզպետարանին, Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին, Վայքի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոնին: Վերջին մեկ տարվա ընթացքում կուսակցությունն իր շենքերից մեկը՝ 21 միլիոն դրամ արժողությամբ, վաճառել է ՀԷՑ-ին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եկամուտները ձեւավորվել են անդամակցության վճարներից եւ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումից: Անշարժ եւ շարժական գույք, բաժնեմաս եւ թանկարժեք գույք կուսակցությունը չի հայտարարագրել: Հաշվետու ժամանակահատվածում ԲՀԿ-ի դրամական միջոցները կազմել են ընդամենը 1485 դրամ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից 2016 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ Երեւանի Բաղրամյան 1 հասցեում, որը 82,1 քմ մակերեսով վարձակալած տարածք է: Կուսակցության դրամական միջոցները անդամավճարներից եւ նվիրատվությունից:

«Համախմբում» կուսակցությունը եկամուտներից բացի՝ ոչինչ չի հայտարարագրել:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարագրել է 297,04 քմ մակերեսով հասարակական նշանակության շինություն Երեւանի Սարյան փողոցում, որը միանձնյա սեփականությամբ պատկանում է կուսակցությանը: ՀԱԿ-ի դրամական միջոցները կազմել են 250 հազար 642 դրամ: Կուսակցության եկամուտների մեջ կա փոխառություն, մասնավորապես՝  «Անտարես» ՍՊԸ-ից, 1 միլիոն դրամի չափով: ՀԱԿ-ի եկամուտների աղբյուր են հանդիսացել նաեւ անդամավճարներն ու նվիրատվությունները, բյուջետային ֆինանսավորումը:

ՀՅԴ-ն հայտարարագրել է 211.7 քմ մակերեսով, միանձնյա սեփականությամբ տարածք Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում: Դաշնակցության եկամուտները գոյացել են բացառապես կուսակցական անդամավճարներից:

Մեծ թվով «անշարժ» գույք է հայտարարագրել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը. 100 հատ սեղան, 400 հատ աթոռ, 70 հատ պահարան, 80 հատ համակարտիչ, 50 հատ հեռախոս, 25 հատ բազմոց, 10 հատ հեռուստացույց, 10 հատ փափուկ կահույք, 10 հատ գրապահոց, 20 հատ տպիչ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է վարձակալական հիմունքներով 1 շենք Վանաձորում (136,3 քմ) եւ մեկ բնակարան Կապանում (50 քմ): Կուսակցության դրամական միջոցները ձեւավորվել են անդամավճարներից ու նվիրատվություններից:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հայտարարագրել է 6300 դրամի չափով դրամական միջոցներ: «Ալյանս»-ի  եկամուտները ներդրում են՝ կատարված կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմից:

«Գյումրեցի ոգի» կուսակցությունը հայտարարագրել է անհատույց օգտագործմամբ մեկ շինություն Գյումրի քաղաքում (100 քմ): Կուսակցության 2 միլիոն դրամի չափով եկամուտը գրանցված է որպես նվիրատվություն՝ Սամվել Բալասանյանի արդեն նախկին խորհրդական, կուսակցության վարչության նախագահ Սահակ Սահրադյանից: Հիշեցնենք, որ այս կուսակցության ստեղծումը, ըստ մամուլի հրապարակումների, իրականում Սամվել Բալասանյանի նախաձեռնությունն է:

Բալասյանական դաշինքը ներկայացրել է երկու առանձին հայտարարագրեր, որից մեկը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանն է, երկրորդը՝ ՀՀԿ-ինը: ՀՀԿ-ի մասին վերը նշեցինք, իսկ ահա Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարագրել է 304,3 քմ մակերեսով վարձակալած բնակարան Երեւանի կենտրոնում, 23345 դրամի չափով դրամական միջոցներ, ինչպես նաեւ 4 միլիոն 282 հազար դրամի չափով եկամուտներ, որ գոյացել է անդամավճարից եւ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի նվիրատվությունից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ