HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որ պապայիս աչքերը բացվեն, աշխատի, պարտքերը փակի»,- իր երազանքի մասին ասում է 10-ամյա Լիան

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ենք: «Մուշեղենց տունը կասե՞ք որն է»,- դիմում ենք հանդիպակաց մայթին նստած մի տղամարդու: Ասում է՝ հենց էդ դարպասն է: Նրա կողքին նստած աղջիկը լուռ նայում է մեզ: Դարպասից ներս մտնելով՝ այդ նույն տղամարդն է գալիս մեզ ընդառաջ: Մուշեղը ինքն է:

Ասում է՝ գյուղի փողոցներն անգիր գիտի, հիշողությամբ կարողանում է տեղաշարժվել, փողոցն անցնել, գնալ այգում պտտվել: 18 տարի է՝ Մուշեղ Խաչատրյանը չի տեսնում: 5 տարեկանում մկրատով վնասել էր մեկ աչքը, մյուս աչքի տեսողությունը տարիների ընթացքում վատացել էր: «Ձմերուկ էի աճեցնում հողամասում, աչքս արդեն լավ չէր, թունաքիմիկատներից էր, ինչից էր, աչքս բորբոքվեց»: 1998 թ. հոկտեմբերի 6-ին, օրը հստակ հիշում է, կորցրել է տեսողությունը:

Հյուրասենյակում ենք նստել: Մուշեղը շոշափելով գտնում է մոխրամանը, հարցնում է՝ դեմ կլինե՞նք, եթե ծխի: Երեխաները նայում են հորը, մայրը մեր գնալու ժամանակ հարևանի տանն էր, քիչ հետո եկավ:

«Սամվելիկ, դու էլի կոմպի մո՞տ ես»,- ծխախոտի ծուխը դուրս փչելով՝ ասում է Մուշեղը: Սամվելը համակարգչի մոտից վեր կացավ, եկավ կանգնեց հոր մոտ:

Քիչ անց Մարիամն ու Լիան սուրճ պատրաստեցին մեզ համար: «Էդ բաժակները տվել եք ձեռքին պահե՞ն, բա մենք սեղան չունե՞նք»,- երեխաներին դիմում է Մուշեղը՝ չգիտես ինչպես իմանալով, որ բաժակները ձեռքներիս է: Աղջիկներն արագ փոքր սեղանը մոտեցրին: Խնդրում ենք՝ նեղություն չկրեն, ասում ենք, որ միայն զրուցելու համար ենք եկել: Կինը՝ Մարինե Սարգսյանը, շարունակում է ամուսնու խոսքը, թե պայմանները լավ չեն, ճիշտ է, բայց մի բաժակ սուրճ հյուրասիրելը դժվար չէ:

Մուշեղը սենյակում կատարվող նույնիսկ փոքր մանրուքներն է նկատում: 4 երեխաներն անընդհատ նայում են հորը: Նրանց մեջ խիտ տխրություն կա: Քչախոս են: Տան լուսանկարների արխիվն են բերում, 10-ամյա Լիան ցույց է տալիս սև-սպիտակ լուսանկարները, բացատրում է, թե ովքեր են դրանցում: Հայրը մերթընդմերթ հետաքրքվում է, թե ինչ նկար է:

Մուշեղն արմատներով գյումրեցի է, բայց ծնվել-մեծացել է Քարակերտում: Կինն Արցախից է՝ Հադրութի շրջանից: Մարինեն ուսանող էր Երևանում, երբ ծանոթացան: «Մուշեղը ընկերուհուս ախպոր ընկերն էր: Էդպես ծանոթացանք, հետո ինձ փախցրեց»,- սա պատմելիս Մարինեն ժպտում է, Մուշեղը լուռ լսում է:

Երբ Մարինեին հարցնում եմ տարիքը, ասում է՝ 49, բայց երևի շատ մեծ եմ երևում, չէ՞: 30 տարվա ամուսիններ են: 8 երեխաներից երկուսին կորցրել են տարիներ առաջ. ավագ որդին՝ Սարգիսը, 2005-ին ջրախեղդ է եղել Ախուրյանի ջրամբարում: Հայրն առհասարակ խուսափում է այս թեմայից, ասում է՝ մինչ օրս չգիտի, թե ինչն էր տղայի մահվան պատճառը: «Աստծո հույսին եմ թողել… Փաստն էն է, որ տղաս 11 տարի է՝ ինձ հետ չէ»,- ծխախոտի տուփից մեկ հատիկ դարձյալ վերցնելով՝ ասում է Մուշեղը: «Երկրորդ երեխային կորցրել ենք մինչև Մուշեղի դեպքը… Հղի վիճակում դաշտում ձմերուկ էինք աճեցնում, օգնում էի, հետո էլ Մուշեղն ահագին սոխ էր բերել, պիտի մաքրեի, որ տաներ: Կռացած մաքրեցի, երեխան որ ծնվեց, մահացավ: Դրանից հետո ասացի՝ ինչքան երեխա պարգևի ինձ Աստված, ունենալու եմ»,- հիշում է Մարինեն:

«Որտեղից որտեղ հասանք»,- մեր զրույցի ընթացքում կրկնում էր ընտանիքի մայրը: Մանրամասնում է, որ ժամանակին լավ են ապրել, Մուշեղը թեկուզ մեկ աչքով կարողանում էր աշխատել: «Մի աչքով գնացի պատերազմ 90-ականներին: Հադրութի ինքնապաշտպանական մարտերին եմ մասնակցել: Մինչև 93 թիվը եղել եմ Հադրութում»,- պատմում է ընտանիքի հայրը:

«Մենք վատ չենք ապրել, Մուշեղն առևտրով էր զբաղվում, փառք Աստծու, բայց երբ սկսեց չտեսնել, դժվարացավ ամեն բան: Մուշեղի դեպքից մի տարի անց ես ընկա ծիրանի ծառից, ողնաշարս ջարդեցի, երրորդ կարգի հաշմանդություն ունեի, հետո որ երեխա ունեցա, ասացին՝ եթե երեխա ես բերում, ուրեմն լավ ես, կարգը հանեցին»,- նշում է Մարինեն, հետո հարցնում, թե եթե ընտանիքի տղամարդը 18 տարի չաշխատի, ո՞նց պիտի ապրի էդ ընտանիքը:

Մուշեղն առաջին կարգի հաշմանդության համար 26 հազար դրամ է ստանում, երեխաների նպաստը 48 հազար է: Ամեն շաբաթ-կիրակի ամուսիններով խոզի միս ու պանիր են առնում գյուղից և տանում Առինջ վաճառելու: Պանրի կիլոգրամը 1400 դրամով են գնում, 1600-ով վաճառում: Վաճառքի արդյունքում, տրանսպորտի ծախսերը հանած, 7-8 հազար դրամ են ստանում: «Չեմ տեսնում, ճիշտ ա, բայց ուզում եմ մի բան արած լինեմ: Կնոջս հետ գնում ենք հիմնականում «Առինջ մոլ», էնտեղ ենք վաճառում»,- նկատում է Մուշեղը, հետո շարունակում, թե կյանքին մատների արանքով պիտի չնայես, պիտի քայլես: Հուսահատությունը, ասում է, առավելագույնը 1 րոպե է տևում իր մոտ:

Ամուսիները պարբերաբար կրկնում են, որ երեխաները լավ են սովորում դպրոցում, և իրենց առաջնային խնդիրը նրանց լավ կրթություն տալն է: Մարինեն պատմում է, որ բարեխիղճ մարդիկ շատ են օգնել իրենց, այսօր եվրապատուհաններ ունեն, ապառիկով ժամանակին սառնարան, լվացքի մեքենա, համակարգիչ են գնել, «Հրազդան» մարզադաշտի տոնավաճառից օգտագործած գորգեր են բերել, լվացել, հիմա գցել են սենյակում, հեռուստացույցը, ինչպես Մարինեն է ասում, մ.թ.ա. է, չի աշխատում: «Բայց տուն մտնողը կարող է ասել՝ հենա լավ եք ապրում, սառնարան ու լվացքի մեքենա ունեք: Բա 6 երեխա ունեմ, սնունդ որտե՞ղ պահեի, չառնեի՞: Հիմա որ դուք գայիք, մեր տունը կիսափլված, կեղտոտ լիներ, ի՞նչ կասեիք: Էրեխեքիս ասում եմ, որ մաքրությունը հարուստ ու քյասիբ չի հարցնում: Ձեզ էնպես պահեք դրսում, որ չիմանան, թե ինչ պայմաններում ենք ապրում»,- ասում է ընտանիքի մայրը:

«4 էրեխեքիս դեմքերը չեմ տեսել, ասում են՝ Սամվելը մահացած տղուս ա նման, Մարիամը՝ ամուսնացած աղջկաս»,- նշում է Մուշեղը:

Երբ սկսեցինք խոսել երազանքներից, 10-ամյա Լիան, հայացքը կախած, քիչ անց ասաց. «Որ պապայիս աչքերը բացվի, աշխատի, պարտքերը փակի»:

Մուշեղը մտքերի մեջ էր: Որդու՝ Արմենի ընտանիքն արդեն մեկ տարեկան է: 3 ամսական թոռնուհին՝ Մարինեն, հյուրասենյակում էր: Արմենն օրավարձով աշխատում է դաշտերում: «Մեկ-մեկ թոռնիկիս էս բարձին են դնում, սիրում եմ ու չեմ ուզում հարցնեմ, թե ում նման ա, ինչ աչքեր ունի, որովհետև գիտեմ, որ իմ չտենալուց իրենք վատ են զգում: Դրա համար չեմ խոսում»,- պատմում է Մուշեղը, ում լսում են ընտանիքի բոլոր անդամները:

Մարինեն ասում է, որ ամուսնուն 5 անգամ վիրահատել են, տան ամբողջ գույքը, նույնիսկ երեխաների խաղալիքները վաճառել են, բայց արդյունք չի եղել: Մուշեղը համոզված է, որ իր տեսողությունը Մոսկվայում կարող են վերականգնել:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter