HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ոսկու արտահանումն աճել է

Ինչպես է դիրքավորվել ոսկին համաշխարհային շուկայում

Այս տարի համաշխարհային շուկայում ոսկու միջազգային գները համեմատաբար բարձր են եղել նախորդ տարվա համեմատ։ 2015 թվականին, ըստ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի (London Bullion Market Association, LBMA), 2014-ի համեմատ միջինում այն նվազել է 8%-ով և մեկ տրոյական ունցիայի դիմաց (31.1 գրամ) 1266 դոլարից նվազել մինչեւ 1160 դոլարի։

Իսկ այս տարվա հունվարի վերջերից սկսած՝ այն հիմնականում 1300 դոլարից բարձր է եղել։

Ոսկու գնի լավագույն ժամանակաշրջանը վերջին 15 տարում եղել են 2010-2012

թվականները։ 2013-ից արդեն սկսվել է գնանկումը։

Այս տարի գները, կարծես թե, մոտ են 2014-ի մակարդակին։ Համաշխարհային շուկայում ոսկու գնային տատանումների վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Հաշվի առնելով համաշխարհային շուկայում առկա տնտեսական ռիսկերը, անկայությունն ու բացասական
սպասումները՝ շատ ներդրողներ հաճախ նախընտրում են իրենց ապահովագրելու համար ոսկի գնել։ Իսկ պահանջարկի մեծացումը հանգեցնում է գնաճի։

Այս տարեսկզբին Deutsche Bank-ի վերլուծաբաններն ու փորձագետները խորհուրդ տվեցին ներդրողներին ոսկի գնել՝ մի կողմ դնելով այն փաստարկը, որ այն զրոյական եկամտաբերության աղբյուր է։

Տարեսկզբին համաշխարհային որոշ կառույցներ ու մասնագետներ տեակետ էին հայտնել, թե ոսկին առաջին կիսամյակում կարող է զգալի էժանանալ, երկրորդ կիսամյակից՝ թանկանալ։ Սակայն նրանց կանխատեսումները չեն իրականացել։ Այնուամենայնիվ, երկրորդ կիսամյակում որոշակի գնաճ նորից կանխատեսվում է։

Ոսկու արտահանումը Հայաստանից աճել է

Ոսկու գնային տատանումները ազդեցություն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա գլխավորապես այն պատճառով, որ ՀՀ-ից արտահանման կազմում ոսկին նշանակալի տեղ ունի։

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 1465.61 կգ ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով, փոշի)։ Խոսքն իրականում «Դորե» ձուլվածքի մասին է, որում ոսկու պարունակությունը, ոսովորաբար, 70%-ից ավելի է լինում։ Այս տարվա արտահանման ընդհանուր արժեքը (մաքսային արժեքը) կազմել է մոտ 52.978 մլն ԱՄՆ դոլար։ Այդպիսով, տարվա առաջին կեսի տվյալով՝ ոսկին Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող 5-րդ ապրանքախումբն է։ Զիջում է միայն պղնձին, սիգարետին, կոնյակին, ինչպես նաև՝ «այլ իրեր թանկարժեք մետաղից կամ մետաղից, պատած թանկարժեք մետաղով» ապրանքախմբին։

2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ընթացքում 59.8 կգ-ով ավելի շատ ոսկի է արտահանվել։ Իսկ մաքսային արժեքն աճել է մոտ 3.892 մլն դոլարով կամ 7.9%-ով։ Երբ համեմատում ենք առաջին կիսամյակի տվյալները, տեսնում ենք, որ վերջին 5 տարում ամենամեծ քանակով արտահանումը եղել է 2014-ին, իսկ ամենամեծ մաքսային արժեքը ստացվել է այս տարի։ Դա նշանակում է, որ այս տարի համաշխարհային շուկայում գներն ավելի բարենպաստ են եղել արտահանող Հայաստանի համար, քան, օրինակ, 2014-ին։


Create line charts

Հայկական ոսկին գրեթե ամբողջությամբ արտահանվել է Կանադա՝ այս տարվա առաջին կիսամյակի ամբողջ արտահանման 99.8%-ը։ Միայն 1.6 կգ է առաքվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախորդ տարի Հայաստանից որոշակի քանակությամբ ոսկի արտահանվել է նաև Շվեյցարիա։ Այս տարի, սակայն, այս ուղղությամբ արտահանում չի կատարվել։

Հիշեցնենք, որ Հայաստանից ոսկու հիմնական արտահանողը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին պատկանող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter