Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

234 ընտրող ունեցող Այգեհատում գյուղապետի 5 թեկնածու է առաջադրվել, 5-ն էլ՝ Շահվերդյան



Լոռու մարզի Այգեհատ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Համայնքապետի տեղի համար մրցակցելու են 5 Շահվերդյաններ՝ գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանը, նախկին գյուղապետ Արշակ Շահվերդյանը, Բորիս Շահվերդյանը, բժիշկ Գագիկ Շահվերդյանը և գյուղում Ճանաչված տրակտորիստ Խաչատուր Շահվերդյանը: «Մեզ համար ցանկալի է, որ ամենանվիրյալ մարդը դառնա գյուղապետ»,-ասում է այգեհատցի Տիգրան Գրիգորյանը:

Այգեհատը 250 բնակիչ ունի՝ նախկին 500 բնակչի փոխարեն: «Գյուղը լավ թե վատ՝ ջուր ունի, գազիֆիկացված է, բայց երիտասարդությունը զբաղմունք չունենալու պատճառով գյուղից հեռացել է»,- ասաց Ավանես Շահվերդյանը:

«Մենք Այգեհատում ունեինք մեր մշակույթը, ստեղծել էինք 16 մարդուց կազմված ազգագրական պարերի խումբ: Խումբը ուներ նաև իր 4 երաժիշտները: Եթե այսօր ուզենանք այդ խմբով ինչ-որ փառատոնի մասնակցել, գյուղում մարդ չկա, հատկապես՝ տղամարդ»,- պատմեց Տիգրան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ազգագրական պարերի խմբի համար լուծել են նաև տարազների հարցը: Վերականգնել են երկար տարիներ մոռացված գյուղի տոհմիկ պարերի երաժշտությունը: Տիգրանը ստեղծել է «Լոռվա Այգեհատի Շահվերդյաններ» բարեգործական հասարակական կազմակերպություն: «ժողստեղծագործության կենտրոնի և ազգագրության ինստիտուտի կողմից հիմնավորվել է, որ ազգագրական պարերը Այգեհատի Շահվերդյանների տոհմիկ պարերն են: Այդ 6 պարերից այսօր 4-ն են մնացել: Անտարբերության պատճառով կորել են մյուս երկու պարերը: Շահվերդյանները մոտ 400 տարի առաջ են հաստատվել Այգեհատում»,-ասաց Տիգրանը:

Մշակույթի տունը

«Պարենք հայերեն» նախաձեռնությանը մասնակցելու համար Այգեհատ անցյալ տարի 60 մարդ է եկել, որպեսզի բնագրով պարեն Շահվերդյանների պարերը: Տիգրանի ասելով՝ Այգեհատում հազիվ 4 մարդ են գտել, որ կարողանան պարել: «Այս տարի կարող է այդ 4-ն էլ չլինեն: Այ, Այգեհատում այսպիսի իրավիճակ է ստեղծվել»,-դժգոհեց Տիգրանը:

Գործող գյուղապետ Սամվել Շահվերդյանը նորմալ է վերաբերվում 5 Շահվերդյանների՝ գյուղապետի թեկնածու առաջադրվելուն: «Ես ազատականություն սիրող մարդ եմ, եթե մարդը ցանկություն ունի գյուղապետ դառնալ, թող իր թեկնածությունն առաջադրի, ընտրվի և դառնա»,-ասում է նա: Նախորդ ընտրության իր նախընտրական ծրագրում Սամվել Շահվերդյանը խոստացել է հիմնանորոգել Այգեհատի խմելու ջրի ներքին ցանցը: «Գյուղի որ փողոցով գնաք, ջրագծերի վթարներ են: Մասնակիորեն ցանցի փոքր հատվածներ վերանորոգել ենք: Մեր համայնքի բյուջեի եկամուտները հազիվ 8 մլն դրամ է: Դրանով հնարավոր չէ ամբողջական աշխատանքներ կատարել»,-բացատրեց Սամվելը:

Ջրագծերի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման համար Ս. Շահվերդյանը մի քանի անգամ նամակ է ուղարկել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին: «Ընթացքի մեջ ա, ասել են, որ համայնքն արդեն մտցված է ծրագրի մեջ, ծրագիրը պետք է կատարվի»,- գրել է Պ. Լորենը: Պատասխանը բավարարել է գործող գյուղապետին:

Սամվել Շահվերդյանը այգեհատցիներին խոստացել է լուծել նաև գյուղի փողոցների լուսավորության խնդիրը: «Մասնակիորեն կենտրոնական փողոցներում ստեղծել ենք էդ ցանցը: Ուրիշ, դե էնենց մանր-մունր աշխատանքներ ենք արել, փողոցների փոսալցումներ ենք կատարել»,- ասաց նա և հավելեց, որ իր կատարած բոլոր գործերը հիմա չի հիշում: Այս ընտրություններին Ս. Շահվերդյանը խոստանում է վերանորոգել գյուղի ակումբը, որն, իր ասելով, նորից ծրագրի մեջ է: Դեռևս 2014թ. կատարվել են ակուբի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ: «Դե հիմա, պետություն ա, երկիր ա էլի, պիտի մի քիչ էլ նայենք վիճակին, հարմարվենք: Կլինի, դա էլ կլինի: Շատ հնարավոր էր էս թվին սկսվեր, բայց երևի 2017թ. դա իրականություն կդառնա»,- ինքն իրեն, թե համագյուղացիներին հուսադրեց Ս. Շահվերդյանը:

Գյուղապետի թեկնածու Գագիկ Շահվերդյանը իր հայրենի գյուղում գրանցվել է 2013թ.: Թեկնածուի ասելով՝ եթե գյուղի ակումբը գործի, Այգեհատը կդառնա Օձունի ենթաշրջանի կենտրոն: Գ. Շահվերդյանը գյուղի ակումբը որոշել է չվերանորոգել պետական միջոցներով: «Պետական միջոցը մինչև հասնի գյուղ՝ կլափվի»,-բացատրեց նա: Գագիկի խոսքով՝ որոշել է գյուղապետ ընտրվելու դեպքում իր առաջին մեկ տարվա աշխատավարձը ծառայեցնել գյուղի խնդիրների լուծմանը: «Եթե նկատեի գյուղի վիճակը լավ է, ես Երևանի բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս էի, չէի թողնի ու գա Այգեհատ»,- ասում է նա:

Վերջինս նախընտրական ծրագրով նախատեսել է Այգեհատում կառուցել կոյուղի: Մեզ հետ զրույցում Գ. Շահվերդյանը կարևորեց այգեհատցու ինքնահարգանքի վերականգնումը. «Գյուղից դրսում ապրող շատ այգեհատցիներ գալիս են, գյուղի վիճակը տեսնում, նույնիսկ չեն ուզում իրենց պապական տան վրա մի քար դնեն: Առաջին հերթին գյուղին պետք են երեխա-ծնող ընտանիքներ: Ուրեմն նրանց համար պետք է աշխատատեղ մտածել»: Ապա ավելացրեց. «Ուզում եմ ամբողջ այգեհատցիներով տեր կանգնենք մեր միակ արոտավայրին: Մի 5-6 տարի առաջ այն ժամանակվա տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի որոշումով մեր միակ արոտավայրը տվեցին Արդվի գյուղին: Մենք ունեինք 131 հա արոտավայր, պահում էինք 310 կով, Արդվին 600 հա արոտավայր ուներ՝ պահում էր 90 կով: Մեր միակ արոտավայրը հարևան գյուղին տալով՝ արդվեցիների կովերը չշատացան, իսկ մեր 300 կովերը արոտավայրը կորցնելուց հետո դարձան 200»:

Այգեհատում շատ գյուղացիների տներ են քանդվում՝տեր ու տիրական չլինելու պատճառով: «Գյուղի այգիները մացառակալված են, որն արտագաղթի արդյունք է»,- բացատրեց Գագիկ Շահվերդյանը:

Թեկնածու Արշակ Շավերդյանը գյուղապետի պաշտոնի համար 5 թեկնածուների առաջադրմանն այնքան էլ դրական չի վերաբերվում: «Համայնքապետ դառնալու ցանկությունը մարդկանց մոտ շատացել է, ինչ ասեմ: Ուղղակի էսպես ստացվել է»,-ասաց նա: Արշակը 18 տարի ղեկավարել է Այգեհատը: Նա իր նախընտրական ծրագրով որոշել է գյուղի երկու կողմերից մեծացնել ոռոգման ցանցը. «Հետո էլ միջոցներ եմ ձեռնարկելու գյուղի դաշտերի մշակությունը գյուղացիների համար էժանացնելու համար»: Թե ինչպես է դա անելու նախկին գյուղապետը, չմանրամասնեց:

Գյուղապետի թեկնածու Խաչատուր Շահվերդյանն ասաց, որ մասնագիտությամբ անասնաբույժ է, ունի թերի մասնագիտական կրթություն: Նա Այգեհատում լավ տրակտորիստի համբավ ունի: «Իմ սեփական տրակտորով ես Այգեհատի համար արել եմ իմ ձեռքի եկածը՝ գյուղացիներին օգնել եմ մշակեն իրենց դաշտերը»,-հայտնեց Խաչատուրը: Վերջինիս ասելով՝ գյուղի վարելահողերի 50 տոկոսը չի մշակվում: Իր նախընտրական ծրագրով Խաչատուր Շահվերդյանն օգնելու է համագյուղացիներին՝ իրենց չմշակվող հողերը մշակելու գործում: «Թե կարենամ՝ ինչ-որ ձևով աշխատատեղ եմ ստեղծելու, բայց դա ընտրվելուց հետո կտեսնենք»,-խոստացավ Խաչատուրը:

Նա հուսով է, որ անպայման կընտրվի Այգեհատի գյուղապետ:

Այգեհատում մեզ չհաջողվեց հանդիպել թեկնածու Բորիս Շահվերդյանին: Ասացին՝ գյուղում չէ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ