HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երվանդ Զախարյանի զավակներն ու փեսան՝ չեխական անշարժ գույքի ոլորտում

«Հետքի» հերթական հոդվածը, որը պատմում է Չեխիայում բիզնես գործունեություն ծավալած հայ պաշտոնյայի կամ նրա ընտանիքի մասին, այս անգամ վերաբերում է Երվանդ Զախարյանին եւ նրա զավակներին:

Ընտանեկան բիզնես

Ե. Զախարյանը պետական պաշտոնյա էր դեռ խորհրդային տարիներից: Նա եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի (2001 թ.), պետեկամուտների (2001-2002 թթ.), էներգետիկայի եւ բնական պաշարների (2014-2016 թթ.) նախարար, Երեւանի քաղաքապետ (2003-2009 թթ.), զբաղեցրել է այլ բարձր պաշտոններ:

2008-ի դեկտեմբերին Երվանդ Զախարյանի զավակները՝ Արտակը, Գայանեն եւ Լիլիթը, հավասար բաժնեմասերով Պրահայում հիմնել են «ARGALIE» ՍՊԸ-ն (ըստ էության, Արտակ+Գայանե+Լիլիթ+Էրիկ), որը զբաղվում է անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ: 2012-ի ապրիլին ՍՊԸ-ն անվանափոխվել է եւ դարձել «AREVS»: Ընկերության տնօրենը սկզբնական փուլում է եղել է Էրիկ Սահակյանը՝ Լիլիթի ամուսինը: 2009-ից տնօրեններ են դարձել նաեւ Լիլիթն ու Արտակը, իսկ 2012-ին նրանց է միացել Գայանեն: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 201.000 կրոն է (մոտ 4 մլն դրամ):

Զախարյաններն իրենց բիզնեսը գրանցելիս իբրեւ լիազոր անձ ներգրավել են Չեխիայի քաղաքացի Արտուշ Աղասարյանին: Ընդ որում՝ մինչեւ 2012 թ. «ARGALIE»-ն գրանցված էր Պրահայի Ստարոկոշիրժսկա փողոցի այն շենքում (Starokošířská 6/11), որտեղ իրենց ընկերություններից մեկն են գրանցել նաեւ Աղասարյանները: 2012-ին «AREVS»-ը տեղափոխվել է Ստոդուլկի թաղամասի Կ Զահրադկամ փողոց (Stodůlky, K Zahrádkám 2605/5), որտեղ, ինչպես իմանում ենք Չեխիայի անշարժ գույքի կադաստրից, սեփականություն ունի Զախարյանի փեսա Էրիկ Սահակյանը (բնակարան եւ ավտոտնակ): Պետք է ենթադրել, որ 2012-ին Սահակյանն այս շենքում բնակարան է գնել եւ ընկերությունը տեղափոխել է այդտեղ:     

Էրիկ Սահակյանի գործընկերն ու հորվաթ մաֆիոզին

Էրիկ Սահակյանը ժամանակին մասնակցություն է ունեցել մեկ այլ չեխական ընկերությունում եւս: 2010-11 թթ. նա եղել է «MŮJ BAR» ընկերության տնօրենն ու փայատերերից մեկը: Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ին եւ նախկինում կոչվում էր «TIG & CO.»: Կանոնադրական կապիտալը 200.000 կրոն է: Հիմնադիրը ՀՀ քաղաքացի Հայկ Թադեւոսյանն էր, որից հետո սեփականատերեր են դարձել մոսկվացի Ավանեսյանները (փաստաթղթերում նշված է Աֆանեսյան): 2010-ի մայիսին Է. Սահակյանն ու Միրոսլավ Բոսնյակը (Miroslav Bosnjak) ձեռք են բերել ընկերությունը եւ անունը դրել «MŮJ BAR»: Մինչեւ 2010-ի սեպտեմբեր ամիսը գործընկերները 50-50 բաժնեմաս ունեին ՍՊԸ-ում, սակայն այնուհետեւ Բոսնյակը իր մասը հանձնել է Սահակյանին, ով դարձել է միակ փայատերը:

Այս ընկերությունը մինչեւ 2010 թ. զբաղվում էր արտադրությամբ, առեւտրով եւ ծառայությունների մատուցմամբ, իսկ Սահակյանի ու Բոսնյակի ձեռքբերումից հետո գործունեության տեսակներին ավելացել է անշարժ գույքի վարձակալությունը: Այսինքն՝ Էրիկ Սահակյանը եւ նրա հարազատները Չեխիայում մասնագիտացել են հենց այս ոլորտում: 2011-ի օգոստոսին Զախարյանի փեսան «MŮJ BAR»-ը վաճառել է 6 օտարազգիների, որոնք ղեկավարում են այն մինչեւ հիմա: Այստեղ, սակայն, ամենահետաքրքիրը Սահակյանի նախկին գործընկեր Միրոսլավ Բոսնյակի անձն է եւ նրա շրջապատը:     

Բոսնյակը մի շարք ընկերությունների փայատեր ու տնօրեն է եղել: Դրանցից մեկը Պրահայում գրանցված «BONAPARTE NOVA» ընկերությունն է, որը 1996-ին հիմնադրել է հորվաթական մաֆիայի անդամ Վյեկո Սլիշկոն (Vjeko Sliško): 1999-ին Մ. Բոսնյակն իր գործընկերներից մեկի հետ գնել է այս ընկերությունը Սլիշկոյից եւ անվանափոխել «LUCKY LINE»-ի: Առժամանակ անց Միրոսլավը դարձել է միակ փայատերը: «LUCKY LINE»-ի գործունեության տեսակները պարբերաբար փոխվել են, եւ դրանք բազմազան են՝ տուրիստական գործակալություն, խաղային ապարատներ, անշարժ գույք, առեւտուր, շահումով խաղեր եւ այլն: «Մոլախաղերի արքայի» համբավ ունեցող Վյեկո Սլիշկոն Չեխիայում նման խաղերով զբաղվող մի քանի ընկերություններ էր հիմնել, որոնք, ըստ մամուլի, նրան օգնում էին լվանալ Հորվաթիայում անօրեն ճանապարհով կուտակած փողերը: Մ. Բոսնյակին անցնելուց հետո էլ «LUCKY LINE»-ը շարունակել է խաղերի կազմակերպումը: Իսկ Սլիշկոն սպանվել է 2001-ին Հորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Թե ինչ կապ է ունեցել Բոսնյակը մաֆիայի անդամի հետ, դժվար է ասել, սակայն նա միակ չեխը չի եղել, ում հետ բիզնես առնչություններ է ունեցել հորվաթ մաֆիոզին:     

Վերադառնալով Զախարյանների «AREVS»-ին՝ նշենք, որ այն մեկն է հայաստանցիների՝ Չեխիայում ստեղծած այն բազմաթիվ ընկերություններից, որոնց գերակշիռ մասը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ: Նախկինում գրել ենք ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանի ընտանիքներին պատկանող նմանատիպ ընկերությունների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter