Կիրակի, 23 սեպտեմբերի

Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից.մաս 3


                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Երանուհի Սողոյան

մաս 1մաս 2

Lydian Armenia-ն հրաժարվում է ապահովագրել ազդակիր համայնքների բնակիչներին

«Մենք դա չենք պատրաստվում անել, քանի որ վստահ ենք՝ ծրագիրը չի հանգեցնելու առողջության համար բացասական հետեւանքների»: Նման հայտարարությամբ հանդես եկավ Lydian Armenia՝ նախկին «Գեոթիմ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու (երկրաբնապահպանություն) Արմեն Ստեփանյանը:

Ամուլսարի ծրագրի նոր փուլ մտնելու կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող Գեոթիմ (Geoteam) ՓԲԸ-ն Լիդիան Արմենիա (Lydian Armenia) ՓԲԸ-ի: Որոշումը կայացվել է` հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմն ընդլայնվելու է՝ դառնալով երկրում խոշորագույն ներդրումային (375 մլն ամն դոլար) ծրագրի՝ Ամուլսարի վրա աշխատող մեծ թիմ եւ ներառելու է Գեոթիմի, Լիդիան Ինթերնեյշնելի եւ կապալառուների թիմը: Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանն անհրաժեշտ էր մեկ անվանում՝ անվան հետ կապված շփոթմունքից խուսափելու համար:

«Այո՛, մի խումբ գնդեվազցիներ ապահովագրության հարցով դիմել են մեզ՝ առողջության, շենք-շինությունների, ընտանի կենդանիների,- հաստատում է Արմեն Ստեփանյանը,- մենք պատասխանել ենք՝ նշելով, որ դրա կարիքը չկա: Ամբողջ աշխարհում այս հարցը ծագել է, քննարկվել է, փորձեր եղել են կիրառելու եւ ի վերջո զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում եկել են այն եզրահանգման, որ բնակիչներին ապահովագրելն իմաստ չունի: Նախ առաջին հերթին շատ դժվար է գտնել կապը հանքավայրի ազդեցության եւ բնակիչների առողջական վիճակի միջեւ, շատ դժվար է գտնել ապացույց, որ այս կամ այն հիվանդությունը հանքի շահագործման հետեւանք է: 

Եթե համայնքի որևէ բնակիչ իսկապես ինչ-ինչ առողջական խնդիրներ ունենա և փորձի այն անմիջապես կապել հանքի գործունեության հետ՝ ապահովագրական ընկերությունը շատ մեծ շանսեր ունի այդ հայտը մերժելու եւ հիվանդության փաստն էլ հերքելու: Մենք հատուկ այդ հարցին հետեւելով փորձել ենք գտնել, թե կա՞ աշխարհում մի վայր, որտեղ ամբողջ համայնքը՝ մարդկանցով, շենք-շինություններով, ընտանի կենդանիներով, ծայրից ծայր ապահովագրված լինի՝այդպիսի դեպք, գոնե մենք, չենք գտել»:

Ըստ Արմեն Ստեփանյանի, գյուղական համայնքներում տղամարդիկ օրվա կտրվածքով առնվազն մեկ տուփ ծխախոտ են օգտագործում: Շատերն իրենց տներում ձմռանն այրում են անվադողեր, աթար եւ այլն:

Տների կտուրները մեծ մասամբ ազբոշիֆերից են, մարդիկ ուտում են ոչ օրգանիկ սնունդ՝ հարուստ կոնսերվատներով: «Այսինքն, եթե խորը գնահատական տանք, ապա ներկայիս ռիսկերը՝ անկախ նրանից կա հանքավայր, թե ոչ՝ գոյություն ունեն: Մենք բոլորս այս կամ այն կերպ ենթարկվում ենք դրանց ազդեցությանը:

Եվ հետագայում ինչ-ինչ հիվանդություններ վերագրել հանքավայրին, որ շատ պատասխանատու կառավարում է ապահովելու, ապա ասեմ, որ դժվար է լինելու՝ գրեթե անհնարին»,-նշում է Արմեն Ստեփանյանը:

Դրա փոխարեն ապահովագրված է Ամուլսարի ծրագիրն ամբողջությամբ: Առողջության եւ դժբախտ դեպքերից ապահովագրություն նախատեսված է ծրագրի բոլոր աշխատակիցների համար: Ծրագիրն ունի լիարժեք ապահովագրություն միջազգային չափանիշներով: Պայմանագիրը կնքված է Jardine Lloyd Tomson (JLD) ընկերության հետ, իսկ ապահովագրող ընկերությունը Lloyd Syndicate Tokio  Marine Kiln ընկերությունն է: Ապահովագրությունը նախատեսում է հատուցում երրորդ կողմին պատճառված վնասի և այլ ապահովագրական ռիսկերի դեպքում: Ընդհանուր առմամաբ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ծածկույթի մասին է: Հայաստանյան օրենսդրության համաձայն այս պայմանագիրը կվերաապահովագրվի հայաստանյան ապահովագրական ընկերության միջոցով: Այնուհետեւ պայմանագրի հետ կապված ռիսկերն ամբողջությամբ կփոխանցվեն Lloyd-ին:

Lydian Armenia-ն միանում է Ցիանիդի կառավարման միջազգային կոդեքսին

Անվտանգության երաշխիքներից մեկն էլ Lydian Armenia-ի Ցիանիդի կառավարման միջազգային կոդեքսին անդամակցելու հանգամանքն է լինելու: «Միջազգային կոդեքսը ստորագրելն արվում է փուլերով: Առաջին փուլը մենք անցել ենք,-ասում է Արմեն Ստեփանյան,-մեր ԲՍԱԳ-ում գրված է, որ տնօրենների խորհրդի մակարդակով ընկերությունը պարտավորվում է միանալ կոդեքսին: Որոշման կայացումից հետո տեղի է ունենալու մի շարք փաստաթղթերի ստորագրում եւ աուդիտների շարք մինչեւ հանքի շահագործումը եւ որոշ ժամանակ էլ շահագործումից հետո»:

Մեկ-երկու տարվա մեջ ընկերությունը որոշակի գործընթաց պետք է անցնի: Պետք է գտնի նրանց կողմից հավատարմագրված մասնագետ, ով դառնում է ծրագրի անմիջական մասնակից, սկսում ուսումնասիրել նախագծերը, ճանապարհները, որով պետք է ցիանիդը տեղափոխվի, որտեղից է ներմուծվելու ցիանիդը`Եվրոպայի՞ց, թե՞Ասիայից եւ ինչ ճանապարհներով: Ցիանիդը Հայաստան ներմուծվելու պահից ի՞նչ ճանապարհներով է անցնելու, արդյո՞ք այդ ճանապարհները բարվոք են, թե ոչ: «Այսինքն միանգամից ասել ես ուզում եմ ստորագրել՝ այդպես չէ, դա երկար պրոցես է, որ պիտի փուլ առ փուլ անցնի ընկերությունը,-նկատում է զրուցակիցս,-նախ պարտավոր ենք ցիանիդը ձեռք բերել արտադրող այնպիսի ընկերությունից, որը լիարժեք անդամ է կամ գտնվում է այդ կոդեքսի ստորագրման վերջնական փուլերից մեկում: Ձեռք բերելուց հետո պետք է գտնենք տեղափոխող կազմակերպություն, որն ևս պետք է լինի կամ լիիրավ անդամ,կամ անդամակցության վերջնական փուլերից մեկում, որ թույլատրվի: Ընկերությունը, որ միանում է այդ կոդեքսին, պարտավորվում է իր գործունեության ընթացքում պահպանել նրա բոլոր պահանջները»:

Lydian Armenia-ն ոսկու կորզման ցիանային եղանակն համարում է ամենաարդիականն ու կիրառելին Ամուլսարում

«Միֆեր և իրականություն Ամուլսարի մասին» հոդվածում  Ա. Ստեփանյանը անդրադարձ է կատարել Ամուլսարի ծրագրի հետ կապված շահագրգիռ կողմերի մտահոգություններին՝ առանձնացնելով «միֆերը» մտահոգություններից: Նշված հոդվածում առաջ քաշած մի շարք հարցերի թվում է նաեւ Ամուլսարի հանքաքարի ծագման շուրջ քննարկումները: Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ, լուրեր տարածողները թյուրիմացության մեջ են, քանի որ Ամուլսարի հանքաքարն ունի ոչ թե սուլֆիդային, այլ օքսիդային ծագում:

Ամուլսար

«Այլապես մենք չէինք կարողանա օգտագործել ոսկու կորզման ցիանային եղանակը, որը կիրառելի է միայն հանքաքարի օքսիդային ծագման դեպքում: Սուլֆիդային հանքաքարերը կույտային տարալվացման եղանակով չեն մշակում սովորաբար: սուլֆիդայինի դեպքում ենթադրվում է, որ թթվային ռեակցիաներ տեղի կունենան, իսկ թթուն ցիանիդի առաջին թշնամին է»,-նկատում է բանախոսը:

Լոս Անջելեսաբնակ գիտնական, բնապահպան-ճարտարագետ, դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդոն, ով միանշանակ «ո՛չ» է ասում հանքարդյունաբերությանը, ընդարձակ մի հրապարակման մեջ Ամուլսարի ծրագիրը համարել է մակերեսային, կեղծ եւ թերի: Դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդոյի կարծիքով ժամանակի հետ կույտային լուծակորզման հրապարակի ամբողջականությունը խախտվելու է եւ ցիանիդի ֆիլտրատը աղտոտելու է դրա շուրջ եւ տակը եղած հողը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հարթակի հատակում տեղադրված 3 մմ հաստությամբ գեոմեմբրանային թաղանթը տասնյակ տարիներ անց չի քայքայվելու, մտահոգություն է հայտնում Անահիտ Շիրինյան-Օրլանդոն:

Նման մտահոգություն արտահայտել են նաեւ գնդեվազցիները: «Նախքան նմանատիպ նախագծեր իրականացնելը կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Արհեստական ճնշումներ են գործադրվում գեոմեմբրանային թաղանթի վրա, որ պետք է կիրառվի ցիանային հարթակը կառուցելիս: Հաշվի է առնվում կոնկրետ հանքաքարի յուրահատկությունները՝ խտություն, ծանրություն եւ այլն: Ասեմ, որ իսկզբանե բացառվում է մեմբրանի պատռվելու, վնասվելու տարբերակը: Վերջին 20 տարվա մեջ դեռ չի գրանցվել որեւէ դեպք աշխարհում, որ կույտային տարալվացման հարթակը որեւէ խնդիր առաջացրած լինի»,-պարզաբանում է Արմեն Ստեփանյանը:

Ցիանային հարթակը` Գնդեվազի հարևանությամբ

Հանքաքարից ոսկու կորզման փակ ցիկլային եղանակով են շահագործվում հանքավայրեր ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Թուրքիայում եւ այլն: Որպես օրինակելի օրինակ Lydian Armenia-ի պատասխանատուները մշտապես շեշտում են Կոլորադո նահանգում շահագործվող Կրիպլ Կրիկ հանքավայրը, որն ըստ հավաստիացումների շատ նման է Ամուլսարին եւ որտեղ լավագույն նվաճումներից մեկը հենց ոսկու կորզման փակ ցիկլով համակարգն է: :

Lydian Armenian բացառում է Ջերմուկի տուրիզմի եւ հանքային աղբյուրների վրա հանքի բացասական ազդեցությունը

«Մեր կարծիքով Ջերմուկի տուրիզմի վրա մեր գործունեությունը բացասական հետեւանք չի ունենալու,-պնդում է Արմեն Ստեփանյանը,-այն խոշոր բանկերը եւ ֆինանսական հաստատությունները, որոնք նմանատիպ ծրագրեր են ֆինանսավորում, մասնավորապես Ամուլսարի ծրագիրը, Հավասարության(Էկվատորյան) սկզբունքների անդամ են: Եթե նախագիծն իրականացվում է «բարձր եկամուտ» ունեցող երկրներում, ֆինանսավորող կողմին բավարար է, որ ընկերությունը շարժվի տվյալ երկրում ընդունված ստանդարտներով ու օրենքներով՝ օրինակ Գերմանիայում կամ ԱՄՆ-ում: Բայց եթե ծրագիրն իրականացվում է ԱՊՀ նախկին երկրներից որեւէ մեկում կամ Աֆրիկյան երկրներում, այդտեղ պարտադիր պետք է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ստանդարտներով իրականացվեն բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականները: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին»:

Lydian Armenia-ի պատասխանատուները չեն թաքցնում, որ ծրագրի կողմից ազդակիր ճանաչված համայնքների բնակիչների հետ ցանկացած հանդիպման ժամանակ բնական հանքային ջրերի անվտանգության վերաբերյալ հարցն առնվազն գոնե մեկ անգամ հնչում է: «Ես ինքս երկրաբան չեմ, հիմնվում եմ արհեստավարժ գործընկերներիս գիտական կարծիքի վրա: Ամուլսարն ու Ջերմուկը բաժանված են երկրաբանական խզվածքով, որը բացառում է ազդեցությունը հանքային բնական աղբյուրների վրա,-հավաստիացնում է Արմեն Ստեփանյանը,-ի հավելումն դրան, ընկերությունն իրականացրել է բավական թանկարժեք իզոտոպային հետազոտություն, որպեսզի համոզվի, որ իզոտոպային մակարդակի վրա գտնվող ջրային ռեսուրսներն իրար հետ ոչ մի կապ չունեն:  Ծրագիրն էլ նախագծված է այնպես, որ հանքը շահագործելիս ջրերը չաղտոտվեն: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ամուլսարի շահագործման արդյունքում Ջերմուկի հանքային աղբյուրների վրա ազդեցություն չի լինի»:

Ամուլսարի քամիներն անկառավարելի են

Գնդեվազցի Արմեն Համբարձումյանը համարում է, որ անհնար է բոլոր հնարավոր ռիսկերը հաշվարկել ու կանխարգելել: Օրինակ, Ամուլսարից փչող քամիները կառավարելի չեն ու հանքից տարածվող փոշու սահմանների հստակ որոշումը, կանխատեսումը կամ դրանց սահմանների նշումն առնվազն «ֆանտաստիկայի» ժանրից են:

«Որքան էլ Lydian-ը պնդի, որ ինքը պատասխանատու հանքարդյունաբերությամբ է զբաղվելու եւ բոլոր ռիսկերը հաշվարկված ու ներառված են իրենց 440 էջանոց ՇՄԱԳ-ում, մեկ է՝ չեն կարողանալու կառավարել բնության անկառավարելի երեւութները: Քամին հանքի փոշին տարածելու է ու դա 1 կմ չի լինելու, ինչպես իրենք են պնդում: Բնությունը միանշանակ աղտոտվելու է: Մարդը բանական էակ է, բացատրեցին, հասկացավ ու ենթադրենք մի երկու տարուց դադարեցրեց էդ տարածքներից խոտաբույսեր հավաքելը, բա անասունին, թռչունին, ի վերջո մեղվին ո՞նց պիտի բացատրես: Էս տարածքում մարդիկ անասնապահությամբ, թռչնաբուծությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Էն երկուսը չգիտեմ, բայց մեղվաբուծությունը կմեռնի»,-մտահոգվում է Արմեն Համբարձումյանը:

Արմեն Համբարձումյանը մանրամասն ուսումնասիրել է «Գեոթիմ» փբը-ի հրապարակած ծրագիրը, համարում է, որ այնտեղ ամեն ինչի հետ կապված ռիսկերի հաշվարկ կա ներկայացված, բացի մարդ արարածից: «Էս ծրագրի բնութագրումը լավագույնս տվել է բնապահպան Լեւոն Գալստյանը, երբ ասել է, թե ուսումնասիրելուց հետո առաջին տպավորությունն էն է, որ հանքը անապատում են շահագործելու՝ ոչ մի տող չկա մարդու մասին,-ասում է Արմեն Համբարձումյանը,- էնտեղ կա խոսք սողունների, գորտերի, օձերի, բույսերի, արջերի, բոլորի համար հաշվարկներ են արել ու եկել եզրակացության, որ ամեն ինչ լավ է, բայց մարդու մասին ոչ մի խոսք: Ի՞նչ է սպասվելու տարածքում ապրող մարդկանց, ի՞նչ կանխատեսումներ են արել՝ անհասկանալի է: Օձերին բերում ենք այստեղ, գորտերին տանում ենք էնտեղ, արջերին ուղարկում ենք հեռու, բույսերը վերատնկում ենք, իսկ թե համայնքների բնակիչներն ինչ են լինելու՝ անհասկանալի է»:

Գնդեվազի բնակչին անհանգստացնում են նաեւ Արարատի մարզից Վայոց ձորի մարզ ձգվող ճանապարհները՝ հարուստ ոլորապտույտներով եւ անկանխատեսելի վտանգներով: «Երասխավանից մինչեւ էստեղ, որ կազմում է 140 կմ, քիչ չեն ոլորանները, այսինքն բարձր կատեգորիայի ծանր, նեղ ճանապարհներ են: Օդով չեն բերելու էդ ցիանիդը, գնացք չկա, միակ ճանապարհը իմ նշած ճանապարհն է: Որ հարց ես տալիս, ասում են՝ տեղափոխումը, բեռնաթափում, պահպանումը՝ ամեն ինչ հաշվարկված է անվտանգության նվազագույն արդյունքով: Ասում են՝ անհոգ եղեք, բայց իրենց ասելուց էդ ճանապարհներն անվտանգ չեն դառնում, ոչ էլ ոլորապտույտներն են հարթվում»:

Մեկ տարի առաջ իրենց մտահոգող մի քանի խնդիրների հետ կապված գնդեվազցիները նամակ-բողոք էին ուղարկել Համաշխարհային բանկին կից գործող մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին (Համաշխարհային բանկը Lydian International Limited-ի խոշոր բաժնետերերից է-հեղ.): Նամակում բնակիչներն առաջ էին քաշել հարցեր կապված ապահովագրության(կյանքի, բնակելի շենք-շինությունների, ընտանի կենդանիների) եւ կույտային տարալվացման հարթակի կառուցման նպատակով գնված տարածքների նկատմամբ գերակա շահ ճանաչելու հետ: Նամակին արձագանքել էին: Համաշխարհային բանկի փորձագետները մոտ երկու ամսի առաջ այցելել են Գնդեվազ եւ հարցումներ անցկացրել բնակիչների շրջանում:

«Ասեմ, որ համաշխարհային մակարդակով շատ հեղինակավոր էքսպերտներ էին,-հավաստիացնում է զրուցակիցս,-մի կին կար խմբի մեջ, առաջին հարցը, որ ինձ տվեց. արդյո՞ք ապահովագրել են մարդկանց, եւ մեկ էլ հողերի առք ու վաճառքի հետ կապված, արդյո՞ք ժողովրդին վախեցրել են գերակա շահով, եթե հանկարծ մարդիկ որոշեն չվաճառել: Իրենք շփվում էին բոլոր կողմերի հետ՝ ովքեր կողմ են հանքին, ովքեր դեմ են եւ այլն: Ես հարցրեցի էդ փորձագետ կնոջը, թե ձեր այցերը որեւէ օգուտ տալի՞ս են, էդքան գալիս գնում եք, թե՞ամեն ինչ ձեւական է: Նա պատասխանեց, որ քեզ թվում է, թե ոչ մի բան չի փոխվում, մի օրինակ բերեց, ասեց՝ Թեղուտում հողը մարդկանցից գնել էին քմ-ը 20-30 դրամով, ձեր մոտ՝ 500-700  դրամով, ու դա էլ նրանից է, որ բողոքել եք ու ինչ որ տեղ շահել: Ես մտածում եմ, որ էդ շահելն էլ է հարաբերական, իսկ գուցե ինչ որ շատ կարեւոր բան կորցրե՞լ կամ կորցնելու ճանապարհի՞ն ենք»:

Ի՞նչ են շահում կամ կորցնում Ջերմուկում գործող ավանդական առողջարանները հանքի գործարկումից

Ջերմուկի «Մոսկվա» վերանվանված նախկին թիվ 1 առողջարանը գործում է 1964թ-ից: Այս տարվա սեպտեմբերի 15-ից առողջարանը մեկ տարով վարձակալական հիմունքներով հանձնվելու է շինարարական կազմակերպության: 170 մահճակալանոց առողջարանը ծառայելու է որպես բնակելի տարածք կազմակերպության աշխատակիցների համար: «Մոսկվա» առողջարանի տնօրեն Արարատ Առաքելյանի փոխանցմամբ կազմակերպությունը կապ ունի Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող Lydian Armenia-ի հետ՝ շինարարական աշխատանքներ է իրականացնելու նրանց պատվերով:

«Կան առողջարաններ, որ սեպտեմբերի 15-ից փակվում են եւ մինչեւ հունիս էնտեղ մարդ չի գալիս,-պարզաբանում է Արարատ Առաքելյանը,-նույնը վերաբերում է մեզ: Հիմա որ գան վերցնեն, աշխատացնեն, մի 40 մարդ կաշխատի, չգնա նստի տունը, վա՞տ կլինի: Մենք աշխատում ենք հիմնականում պետպատվերի եւ սոցփաթեթների շրջանակում: Գալիս են մարդիկ, հետո գումարները չեն փոխանցվում, պարտքեր են կուտակվում: Անցած տարվա փողերը դեռ չեն փոխանցել: Մենք շատ վատ վիճակում ենք եւ ոչ միայն մենք»:

Արարատ Առաքելյանի հավաստիացմամբ, առողջարանը վերջին տարիներին բավական պարտքեր է կուտակել: Մեկ տարով շենքը վարձակալությամբ հանձնելը որոշակիորեն կշտկի իրավիճակը, համոզված է տնօրենը:

«Մեզ էլ են պարտք, բայց չեն փոխանցում՝ ուշացնում են, մենք էլ ուրիշներին ենք պարտք մնում: Շենքի վերանորոգում կա, ջեռուցում կա, 5700 քմ տարածք է՝ պահպանության հարց կա, դրանք բոլորը գումարներ են, աշխատողի աշխատավարձը վճարելու հարց կա: Ջերմուկում կենտրոնից հեռու առողջարանները, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մտնեք՝ դատարկություն է: Տուրիզմը լրիվ հետ է գնացել Ջերմուկում, մենք էլ տուրիստի հաշվին ապրող մարդիկ ենք: Դուք է՛դ հարցին անդրադարձեք: Ջերմուկը տարին երեք ամիս է լիաթոք շնչում: Հիմա լավ հնարավորություն է ընձեռվել մարդկանց աշխատանքի մեջ պահելու, առողջարանն էլ չփակելու, կարծում եմ դա առաջընթաց է: Հիմա վերցրել են, թե երբ կգան՝ չգիտեմ, կարեւորը պարապուրդ չենք ունենա»,-ասում է Արարատ Առաքելյանը:

«Ջերմուկ աշխարհ» առողջարանը

Հոկտեմբերի 3-ից «Ջերմուկ աշխարհ» առողջարանի մի հատվածը 7 տարով վարձակալական հիմունքներով կհանձնվի Lydian Armenia ընկերությանը: Ամուլսարի հանքի շահագործման 7-ից 10 տարիների ընթացքում այստեղ բնակվելու են հանքի աշխատակիցները: Առողջարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Սարգսյանի փոխանցմամբ, եթե առաջիկա 7 տարիների համագործակցությունն երկու կողմերին էլ բավարարի, ապա եւս 3 տարով կերկարացնեն պայմանագիրը:

«Առողջարանն ամբողջությամբ չի հանձնվել Լիդիանին: Մենք բուժական մասն ամբողջությամբ պահպանել ենք՝ չի փակվելու: Տրամադրել ենք շենքի այն հատվածը, որ առանձնացված է եւ մեր բուն գործունեությանը չի խանգարելու: Դրա փոխարեն ընկերությունը խոստացել է արդիականացնել շենքի այն հարկաբաժինները, որոնք վերանորոգման կարիք ունեն: Սա եղել է մեր համար առաջին ու կարեւոր պայմանը,-ասում է Կարինե Սարգսյանը-այս պահի դրությամբ առողջարանը գործում է՝ ունենք 170 հանգստացող: Կարող եմ վստահաբար ասել, որ միջինը կկարողանանք 100 հոգու համար աշխատանք ապահովել եւ կրճատումների չգնալ»:

1300 աշխատատեղ, բարձր աշխատավարձ, արատագաղթի նվազում՝ խոստանում է Lydian Armenia-ն

Lydian Armeni-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը AMCHAM ամսագրին տված հարցազրույցում անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման, ներդրումների, ակնկալվող եկամուտների, հանքարդյունաբերությունը, որպես երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի, հանքի կառավարման անվտանգության եւ դրական ազդեցության մասին՝ նշել է, որ ոսկու ներկայիս գների հաշվարկով պատրաստվում են տարեկան ՀՀ բյուջե վճարել 40-50 մլն դոլարի հարկ եւ ռոյալթիներ: Հանքի շինարարության ակտիվ փուլում ստեղծվելու է մոտ 1300 աշխատատեղ, որից 700-ը կպահպանվի հանքի շահագործման ողջ ընթացքում: Խոստում է հնչել հանքը շահագործելուց հետո կարճ ժամանակում տեղ զբաղեցնել հայաստանյան խոշոր հարկատուների առաջին եռյակում:

Ամուլսարը դեռեւս գործող հանք չէ, հանքի շինարարությունը նոր է սկսվել, չունի արտադրանք, հետևաբար՝ շահույթ, բայց դա չի խանգարել ընկերությանը 2016 թ. հունվար-հունիս ամսիներին հայաստանյան1000 հարկատուների ցուցակում զբաղեցնել 308-րդ տեղը վճարած հարկեր հաշվին:


Create column charts

Ներկայում Lydian Armenia ընկերության կողմից ձեռք բերված տարածքում ընթանում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ: Կառուցվելու է 17 կիլոմետր նոր ճանապարհ: Շինարարական աշխատաքնների ներկա փուլում տեղափոխվել և վերանորոգվել են որոշ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ Գնդեվազի գործող ոռոգման խողովակաշարը տեղափոխվել է ապագա կույտային տարալվացման տարածքից, նոր խողովակաշար է կառուցվել ոռոգման համար: Ապամոնտաժվել են տարածքի հին շինությունները: Վերանորոգվել են որոշ գործող ճանապարհներ: Հանքում աշխատողների համար նախատեսվում է բնակելի ավանի կառուցում Գնդեվազ համայնքի մոտակայքում:

Ամուլսարի հանքավայրում աշխատանքն ընթանալու է երկհերթ կամ եռահերթ հերթափոխով, նախատեսվում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկ: Վճարելու են Հայաստանի պայմաններում մրցունակ աշխատավարձ, հավաստիացնում են ընկերության պատասխանատուները: Աշխատավարձի ֆոնդը 10 տարվա կտրվածքով կազմելու է 200 մլն դոլար, որը վճարվելու է միայն հայ մասնագետներին: Նշված գումարի մեջ ներառված չէ օտարերկրյա մասնագետների աշխատավարձը: Մոտ 15 մասնագետներ՝ հրավիրված Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հարավ Աֆրիկյան հանրապետությունից, ընկերությունում զբաղված են հետազոտական, խորհրդատվական եւ ուսուցողական աշխատանքներով: Ընկերությունը զգալի ներդրումներ է արել սոցիալական ծրագրերում: Ընդհանուր առմամբ, 2007թ.   մինչեւ օրս, Lydian Armenia-ն սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 2.5 միլիոն դոլար:

….վերջաբանի փոխարեն

Գնդեվազցիները կշարունակեն զբաղվել գյուղատնտեսությամբ՝ վստահեցնում են Lydian Armenia-ից: Գնդեվազի հյուսիսում գտնվում է մի տարածք, որտեղ խորհրդային տարիներին ծիրանի այգիներ են եղել: Ժամանակի ընթացքում ոռոգման համակարգը շարքից դուրս է եկել եւ մարդիկ դադարեցրել են այգիների մշակումը: Նշված տարածքում Lydian Armenia ընկերությունը պարտավորվել է վերականգնել 20 կմ երկարությամբ ոռոգման համակարգը, այդ նպատակով ներդնելով մոտավորապես 200 հազար դոլար: Այս տարի գնդեվազցիները մոտ 10 հազար ծիրանի տնկիներ են տնկել այդ հատվածում՝ մտադրություն ունենալով վերականգնել ցիանային հարթակի կառուցման նպատակով ոչնչացված այգիները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (3)
1. ՀԲՃ10:52 - 24 սեպտեմբերի, 2016
Lydian Armenian բացառում է Ջերմուկի տուրիզմի եւ հանքային աղբյուրների վրա հանքի բացասական ազդեցությունը: Է՜, մենք էլ բացառում ենք, որ Սատուրնի այլմոլորակայինները կհարձակվեն Երկրագնդի վրա։
2. Անահիտ Շիրինյան01:38 - 8 հոկտեմբերի, 2016
Lydian-ը պարտավորված է հրապարակել իր ջրաերկրաբանական ու ջրաբանական ուսումնասիրությունները, բացահայտել մանրամասն թե ինչ մակարդակով է կատարված իրենց ուսումնասիրությունը, որպեսզի մասնագետները հավատան որ բացառվում է Ջերմուկի տուրիզմի եւ հանքային աղբյուրների վրա հանքի բացասական ազդեցությունը:
3. Անահիտ Շիրինյան02:36 - 8 հոկտեմբերի, 2016
Պատասխան Արմեն Ստեփանյանի անհիմն հայտարարությանը որ " Ասեմ, որ իսկզբանե բացառվում է մեմբրանի պատռվելու, վնասվելու տարբերակը: Վերջին 20 տարվա մեջ դեռ չի գրանցվել որեւէ դեպք աշխարհում, որ կույտային տարալվացման հարթակը որեւէ խնդիր առաջացրած լինի»,-պարզաբանում է Արմեն Ստեփանյանը:" The mine operated by Glencairn Gold Corporation (now Central Sun Mining Inc headquartered in Toronto), at the Bellavista site near Miramar in Costa Rica, had a leach pad rupture and contaminated waterways with cyanide and other chemicals. See https://www.earthworksaction.org/voices/detail/bellavista#.V_gi-vkrLZ5 Բացի այդ, ի՞նչ է լինելու ոսկուզ ազատված հսկա, մոտ 100 մետր բարձրության հասնող թունավոր պոչանքի կույտերի՝ լքված կույտերի, ճակատագիրը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։