HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակի անմրցակից թեկնածուն նախընտրական քարոզչության անհրաժեշտություն չի տեսնում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ ներկայիս քաղաքապետ ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը եւ նրա մրցակիցը ԲՀԿ-ական, սակայն ինքնառաջադրված Սերյոժա Ավալյանը: Չնայած ազգանունների նույնությանը, նրանք չունեին բարեկամական կապեր: Բնակիչների համոզմամբ՝ սպասվում էր վերջին տարիների ամենալարված ընտրությունը, քանի որ երկու թեկնածուներն էլ վճռական էին տրամադրված, սակայն Սերյոժա Ավալյանն ինքնաբացարկ ներկայացրեց՝ ասպարեզը թողնելով ՀՀԿ-ական թեկնածուին:

Յուրիկ Ավալյանը 5800 բնակիչ ունեցող Ճամբարակի քաղաքապետ է ընտրվել 2005 թվական, այն ժամանակ նա դեռեւս անկուսակցական էր եւ մրցակցում էր ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Լազարյանի եւ անկուսակցական Ռոբերտ Մարտիրոսյանի հետ: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթել է Յուրիկ Ավալյանը: 2008 թ· նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունների ժամանակ նրա մրցակիցն էր Ռիտա Հովհաննիսյանը, ով լուրջ պայքարի արդյունքում է քաղաքապետի պաշտոնը զիջել Յուրիկ Ավալյանին: 2012 թ·-ին ներկայիս քաղաքապետը մրցակից չուներ եւ ընտրությունների մասնակիցների մոտ 90%-ը կողմ է քվեարկել նրան:

Քաղաքապետի պաշտոնը 11 զբաղեցնելուց հետո, լուրջ մրցակցություն էր սպասվում Յուրիկ Ավալյանին, քանի որ նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ թեկնածու լինելու դեպքում լուրջ պայքար է ընթանում այս համայնքում: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս տարի նույնպես այդ պայքարը տեղի չի ունենա: Այս ամենից զատ մեծ է նաեւ բնակիչների դժգոհությունը: Քաղաքացիները դժգոհ են նրա ղեկավարումից· մարդիկ վախենում եւ բողոքում են թշնամու կրակոցներից, քանի որ Ճամբարակը գտնվում է սահմանամերձ գոտում: Սակայն, եթե սա համապետական խնդիր է, ապա Ճամբարակում գտնվող դպրոցների վատ վիճակի համար արդարացումներ չկան:

Քաղաքացի Անահիտ Մելքումյանը դժգոհ է Ճամբարակի 4 հանրակրթական դպրոցների վիճակից: 4-րդ դպրոցը չունի ջեռուցման համակարգ, հատակը հին է ու փլված, իսկ որոշ մասերում նույնիսկ պատուհաններ չկան: Երիտասարդության շրջանում ամենատարածված դժգոհությունները ժամանցի վայրերի բացակայությունն է: Ճամբարակի բնակիչներ Թամարա Արամյանը եւ Պավել Ղազարյանը նշեցին, որ իրենց քաղաքում չկան խաղահրապարակներ, մարզասրահներ:

Ճամբարակում երկար տարիներ խնդրահարույց է խմելու ջուրը եւ այդ հարցը ամբողջովին լուծվել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ներկայիս համայնքապետ Յուրիկ Ավալյանը, վերջին 3 տարիներին լուրջ աշխատանքներ են կատարվել ջրային ցանցը փոխելու համար, մոտավորապես 500-600 հազար եվրո է ներդրվել եւ առանձին թաղամասեր են մնացել, որտեղ դեռեւս ջուրը խնդիր է համարվում:

Չնայած նրան, որ քաղաքացիներ Անահիտ Մելքումյանը, Սուսաննա Եսայանը, Պավել Ղազարյանը դժգոհում են, որ Ճամբարակում չկան աշխատատեղեր, այնտեղ 2002 թ·-ից սկսած գործում են 4 մանր արդյունաբերական, 2 շինարարական, 3 տրանսպորտային, 8 ծառայություններ մատուցող, 25 մանրածախ առեւտրի գործող օբյեկտներ (թվերը փոփոխական են): Քաղաքում գործում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններ՝ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, «Հայ Փոստ» ՓԲԸ, «Արմենտել» ՓԲԸ, VIVAcell MTS ընկերությունը եւ այլն: Սակայն, ինչպես պարզ է դառնում, այս ամենը բավարար չէ
քաղաքի բնակիչներին աշխատանքով ապահովելու համար: Այդ է վկայում այն, որ ՀՀ-ում միգրացիոն ցուցանիշներով առաջատար է համարվում Գեղարքունիքի մարզը:

Ի դեպ, Ճամբարակ քաղաքի պաշտոնական կայքէջն այժմ չի գործում, իսկ 2016 թ·-ի ընթացքում հրապարակումներ չեն եղել: Վերջին հրապարակումը քաղաքապետի Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների շնորհավորանքն էր ճամբարակցիներին:

Քաղաքացիները նախընտրական քարոզչության դեպքեր ընդհանրապես չէին նկատել (բուկլետներ, նախընտրական ծրագրի հրապարակում): Պրն Ավալյանը պատասխանեց, որ մրցակից չունի եւ դրա կարիքը չկա, սակայն հարկ ենք համարում նշել, որ քարոզարշավն արդեն մեկ շաբաթից ավելի սկսվել է, իսկ մրցակից թեկնածուն ինքնաբացարկ է հայտարարել: Այս ամենը փաստում է, որ միակ թեկնածուն արդեն իրեն հաղթող է համարում եւ նախընտրական քարոզարշավի կարիքն ընդհանրապես չի զգում:

Համայնքապետի թեկնածու Յուրիկ Ավալյանից փորձեցինք պարզել, թե ինչպես է պատկերացնում քաղաքի բարգավաճումն ու խնդիրների լուծումը:
Մեզ հետ զրույցում պրն Ավալյանը նշեց, որ արդեն 11 տարի է, ինչ աշխատում է, որպես քաղաքապետ եւ բնակիչները կարող են փաստել իր կատարած աշխատանքների մասին: Հիշեցնելով վերոնշյալ խնդիրների մասին, քաղաքապետը նշեց, որ բացի ջրային ցանցի նորոգումից, մեծ ծավալի աշխատանք է կատարվում Կառավարության աջակցությամբ եւ հարցերն ամբողջովին լուծման փուլում են: Կենտրոնական փողոցները վերանորոգելու համար հատկացվել է 100 մլն դրամ, մանկապարտեզի շենքը հիմնովին վերանորոգելու համար՝ 160 մլն դրամ:

Լեւոն Հարությունյան

Լուսանկարը` Ճամբարակի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter