HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեջանում կպայքարեն նախկին ու ներկա գյուղապետերն ու գյուղապետարանի հաշվապահի որդին

Լոռու մարզի Լեջան համայնքում հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են: Համայնքապետի տեղի համար այստեղ պայքարում է երեք թեկնածու՝ գործող գյուղապետ Սասուն Մարգարյանը, նախկինում 6 տարի որպես համայնքապետ պաշտոնավարած Արմեն Մկրտչյանը և 33-ամյա Էդգար Սախլյանը:

«Ես գյուղապետ աշխատել եմ 1996-2002 թվականներին: 14 տարվա դադարից հետո ժողովուրդը նորից պահանջեց, որ իմ թեկնածությունը դնեմ, ես էլ չմերժեցի»,- կրկին ընտրապայքարի մեջ մտնելն այսպես է հիմնավորում Արմեն Մկրտչյանը:

Վերջինիս վստահեցմամբ՝ 2002թ. կայացած համայնքապետի ընտրություններին պարտություն է կրել 23 ձայնի տարբերությամբ, այն էլ` «անարդար մրցակցության պայմաններում»:

«Մեր գյուղում արդար մրցակցություն մի անգամ էլ ա չի եղել: Միշտ էլ գործել ա կաշառքը, փողը, դիրքը: Ես դրա արդյունքում եմ պարտվել,- ասում է Ա. Մկրտչյանն ու հայտարարում,-ես ընդհանրապես կաշառք տված չկամ: Կցանկանայի, որ ամբողջ հանրապետությունում էդ կաշառք ասածը վերանար, մնար ժողովրդի կամքին, ում ցանկանային, նրան էլ ընտրեին»:

Գյուղապետի աշխատանքի փորձ ունեցող Ա. Մկրտչյանն արդեն հստակեցրել է  անելիքների ցանկը, որոնց լուծմամբ պետք է զբաղվի համայնքապետ ընտրվելու դեպքում: Ծրագրերից մի քանիսն, ինչպես ինքն է ասում, իր պաշտոնավարման տարիներին գործող ծրագրերի վերականգնումն է:

«3.5 կմ սարից խմելու ջուր եմ քաշել համայնքի համար: Դա եղել է «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության կողմից: 3 կմ-ի ներդրումն իրենք են արել, 500 մետրինը՝ համայնքը: Բայց չի բավարարում այդ ջուրը համայնքին, պետք է ջրի խնդիրը լուծենք:

Երկրորդ խնդիրը աղբահանությունն է: Ձորի մոտ, ճանապարհին, գերեզմանոցի մոտ, ամեն տեղ աղբի կուտակումներ են: Էս հարցի լուծումը մի մեծ ֆինանսական խնդիր էլ չի իրենից ներկայացնում: Պետք է արգելվի ամեն տեղ թափելը, համապատասխան վայր ընտրվի, մեքենան գա տանի, համապատասխան տեղում թափվի, վառվի: Իմ գյուղապետ եղած տարիներին ես արգելում էի»,- ասում է թեկնածուն:

 Ընտրվելու դեպքում մտադիր է գյուղի դպրոցակաների համար խրախուսման մեխանիզմ կիրառել, որով լավ սովորող աշակերտները կպարգևատրվեն:

Թեկնածուն անհրաժեշտ է համարում գյուղի երիտասարդության համար տարբեր խմբակների ստեղծումը՝ նրանց գյուղից հեռանալը կապելով հենց ժամանցի ու զբաղվածության տարրական պայմանների բացակայության հետ:

Ժողովրդական բժշկությամբ ու անասնապահությամբ զբաղվող Ա. Մկրտչյանը հույս ունի, որ համագյուղացիներն իրեն կընտրեն: Իսկ եթե ո՞չ:

«Եթե չեն ընտրի, թող էլի գնան տուժեն, ի՞նչանեմ: Շահագրգռում ա,  սոցօգնություններ ա տալիս, հարկերը մուծում իր կողմից»,- ասում է նա` նկատի ունենալով գործող համայնքապետին:

 Համայնքապետ, ՀՀԿ-ական Սասուն Մարգարյանի հետ զրուցելու համար քայլեցինք դեպի գյուղապետարան: Եթե գյուղապետարանի խամրած ցուցատախտակը չլիներ, առանց եռագույնի, դեռ նախորդ տարվանից ցելոֆանապատ պատուհաններով ու անբռնակ դռնով երկհարկանի շենքի տեսքից չէինք էլ կասկածի, որ տեղում ենք:

Մեր զարմանքն ավելի մեծացավ աշխատանքային ժամին գյուղապետարանի դռները փակ տեսնելով: Համայնքապետ Ս. Մարգարյանի հետ տևական ժամանակ կապվել չէր հաջողվում նաև հեռախոսազանգերի միջոցով: Համայնքապետի հեռախոսահամարն անհասանելի էր: Շուրջ 30 րոպե անց, երբ գյուղի կենտրոնում տեղեկացան, որ գյուղ եկած լրագրողը համայնքապետին է փնտրում,  հեռախոսահամարը դարձավ հասանելի:

Ավելի ուշ մեզ մոտեցած համայնքապետը գյուղապետարանի փակ լինելը հիմնավորեց նախատոնական օր լինելով (գյուղ այցելել էինք սեպտեմբերի 20-ին):

«Որպես նախատոնական օր ժամը երկուսից բոլորին թույլատրեցի, որ տուն գնան»,- նշեց նա:

 Անարդար մրցակցության ու ընտրակաշառքով անցնող ընտրությունների մասին մրցակցի խոսքերին Ս. Մարգարյանը լուրջ չի վերաբերվում: Վստահ է` անցել են այն ժամանակները, երբ գյուղացուն կարելի էր ընտրակաշառքով խաբել:

«Էսօր առաջվա ժողովուրդը չի: Տարեք մեկին 100 մլն դրամ տվեք, եթե ձեզ չի ընտրելու, չի ընտրելու: Եթե դու համայնքի ղեկավար ես ու պետք է մեկին մի դրամ տաս, որ քեզ ընտրեն, ավելի լավ ա դու դիմումդ գրի ու ընդհանրապես գյուղից գնա»,- կարծիք է հայտնում Ս. Մարգարյանը:

Գյուղում առկա խնդիրները 14 տարի պաշտոնավարող համայնքապետը կապում է դրանք տևական ժամանակ չլուծելու հետ: Ա. Մկրտչյանի խոսքով՝ համայնքապետի պաշտոնը ստանձնել է նախկին գյուղապետից մնացած պարտքերով ու ստիպված է եղել տարիներ շարունակ մարել դրանք:

«Երբ համայնքը ընդունել եմ նախկին գյուղապետից , համայնքն ունեցել է 9 մլն դրամ աշխատավարձի պարտք: Այս տարիներին այդ պարտքերն են մարվել»:

 Գյուղապետը նշում է, որ համայնքը նաև 1 մլն 600 հազար դրամի ջրի պարտք է ունեցել: Այս փաստով հարուցված դատական գործը, սակայն, երկու տարվա քաշքշուկներից հետո կարճվել է համայնքի անվճարունակ լինելու պատճառով:

Տասնամյակներ շարունակ խմելու ջրի խնդիր ունեցող Լեջանում մարդիկ օգտագործում են  կենցաղային օգտագործման համար նախատեսված ջուրը: Նրանք, ովքեր չեն զլանում, խմելու ջուր են բերում գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից:

Ս. Մարգարյանը վստահեցնում է՝տարիներ շարունակ փորձել է լուծել խմելու ջրի խնդիրը, սակայն ջրի հաշվիչներ տեղադրված չլինելու, գյուղացիների անվճարունակության ու մաշված ցանցի պատճառով հարցը հնարավոր չի եղել կարգավորել: Համայնքապետի մտահղացումը՝ բոլոր տներում ջրի հաշվիչներ տեղադրել, բնակիչների մի մասը դժգոհությամբ է ընդունել:  Ս. Մարգարյանը, սակայն, հույսը չի կտրում: Վերընտրվելու դեպքում շարունակելու է պայքարել ջրի հաշվիչներ տեղադրելու ուղղությամբ:

Պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքներից նա մատնանշում է երկու անգամ համայնքի փողոցների փոսային  ու մեկ անգամ գրունտային նորոգման փաստը: Վստահեցնում է` մինչև սեպտեմբերի վերջ փողոցային լուսավորությամբ կապահովվի գյուղի փողոցների 35-40 տոկոսը: Ս. Մարգարյանի խոսքով` լուսավորության ապահովման հարցում շուրջ 800.000 դրամ ծախսել է սեփական գրպանից:

 Գյուղի մանկապարտեզի գոյությունը ևս համայնքապետը կապում է իր անվան հետ` նշելով, որ երեխաների ամենօրյա սննդի ծախսերը վերջին 4 տարիներին հոգում է ինքը՝ սեփական միջոցներից:

 -Փաստորեն, այդքան հարուստ եք,- հարցնում եմ ես:

 -Ես հոգով եմ հարուստ, ես ի՞նչ հարուստ: Սովորական անասնապահ մարդն ի՞նչ հարուստ,-ասում է համանքապետն ու ներկայացնում համայնքի բյուջեի անմխիթար վիճակը,-բյուջեում այլ գումար չունենք ո՛չ վառելանյութի, ո՛չ անգամ թուղթ գնելու համար: Անգամ էլեկտրաէներգիայի համար գումար չունենք, չենք նախատեսում:

-Դա է՞լ եք դուք տալիս,- հարցնում եմ:

-Այո, դա էլ եմ ես տալիս:

Հարցիս՝ որքա՞ն է կազմում համայնքի համար ձեր ամենամսյա ներդրումների չափը, Ս. Մարգարյանը պատասխանում է.

-Ես չեմ հաշվում, պարզապես փորձում եմ օգտակար լինեմ:

 Համայնքապետի խոսքով` 16 մլն դրամ կազմող համայնքի բյուջեից շուրջ 9 մլն-ը ծախսվում է գյուղապետարանի աշխատակազմի, 7 մլն-ը՝ մանկապարտեզի աշխատողների աշխատավարձի վճարման համար:

 Վերընտրվելու դեպքում թեկնածուն մտադիր է ակտիվացնել գյուղում սկիզբ առած հողերի միավորման ու գյուղացիական կոլեկտիվների ստեղծման գործընթացը:

 Այլ ծրագրեր էլ կան: «Այսօր պայմանագիր ենք կնքել, որ համայնքում երաժշտության խմբակ բացվի: Նպատակ ունեմ համայնքի ընդհանուր կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ կատարել»,- ծրագրերի շարքն է ամփոփում թեկնածուն:

Իր 14 տարվա աշխատանքը համայնքապետը գնահատում է բավարար:

«Ընդունում ենք, որ հնարավոր էր ավելի լավ, բայց ավելի լավի համար իմ հետ պետք է համայնքն էլ քայլի: Հասարակ բան ասեմ. գերեզմանոցն ենք ցանկապատել: Գերեզմանոցը ընդհանուր է, չէ, բայց չէին գալիս ամենքը մի փոս փորեն, որ խողովակները դրվեին, ցանկապատը քաշվեր,- անկեղծանում է համայնքապետը, բայց և քիչ անց վրա բերում,-համայնքը եթե իմ հետ չքայլեր, երկրորդ ընտրությանը ինձ չէր ընտրի»:

 Վերջինս որոշել է՝ նախընտրական քարոզարշավ չի իրականացնելու:

Ասում է. «Ես ի՞նչ ասեմ, մարդիկ տեսել են»:

 Համայնքապետի երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Էդգար Սախլյանը, գյուղապետարանի հաշվապահի որդին է: Նրան գյուղում հանդիպել չհաջողվեց: Վերջինս մեր հեռախոսազանգին ի պատասխան նշեց, որ բացակայում է գյուղից:

Այդուհանդերձ, հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ թեկնածությունն առաջադրել է` հաշվի առնելով գյուղի երիտասարդների առաջարկը: Նրան հետ չի պահել նաև գյուղապետարանում որպես հաշվապահ աշխատող մոր դեմ լինելը:

Է. Սախլյանը ևս նախընտրական քարոզարշավ չի անցկացնում:

«Բոլորը բոլորին ճանաչում են, էլ ով ինչ պետք ա ներկայացնի: Ես չեմ անում, քանի որ ինձ ճանաչում են, բոլորը գիտեն, որ ինչքան հնարավոր է, լավ բան պիտի արվի, էլի: Երիտասարդները  ոնց ուզում են, ըտենց էլ աշխատիլ տենք անենք»:

Կատարելիք աշխատանքների մասին խոսելիս թեկնածուն մատնանշում է գյուղի հանդիսությունների սրահի կահավորման հարցը: Ապա հավելում. «Դե դա սկզբնական: Դա չի, էլի, նպատակս: Գյուղում երեխեքին սպորտի, բանի, ընդհանուր երիտասարդների համար ինչ-որ բաներ կազմակերպելու վրա ենք աշխատելու, քանի որ էսօր երիտասարդներն են իմ կողքին»:

Մասնագիտությամբ սոցիոլոգ թեկնածուն հույս ունի՝ ընտրություններն  արդար  են անցնելու: Նրա լավատեսությունը չունեցող Ա. Մկրտչյանը, սակայն, հրաժեշտին մեզ հորդորում է՝ հոկտեմբերի 2-ին եկեք, տեղում տեսեք, թե ինչպես են անցնում ընտրությունները:

Գայանե Սարգսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter