HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն շարունակելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններում իր պայքարը»

Գյումրիում սեպտեմբերի 23-ին, օրվա երկրորդ կեսից ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 10 կուսակցության եւ 1 դաշինքի ներկայացուցիչներից մի քանիսն արդեն վերսկսել էին նախընտրական քարոզարշավը, որ դադարեցրել էին` կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի 25-ամյա տղայի մահվան պատճառով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, սեփական տան նկուղում, ժամը 13-ի հատվածում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր Արշակ Վարդեւանի Գրիգորյանը, ում կյանքը Գյումրի բժշկական կենտրոնում փրկել չէր հաջողվել: Ոստիկանությունն առաջ էր քաշել ինքնասպանության վարկածը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110 եւ 225 հոդվածների առաջին մասի հատկանիշներով:

Սեպտեմբերի 20-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները հայտարարեցին քարոզարշավը դադարեցնելու մասին: Այսօր արդեն սպասվում է, որ սեպտեմբերի 9-ից սկսված թեժ ընտրապայքարը կմտնի բնականոն հուն: Նախընտրական քարոզարշավին կմիանա նաեւ ԲՀԿ կուսակցությունը, սակայն անձամբ Վարդեւան Գրիգորյանը չի մասնակցի հանդիպումներին:

Կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Հետք»-ին հայտնեց, որ ընտրական պայքարը շարունակելու որոշումն ընդունվել է անձամբ Վարդեւան Գրիգորյանի հետ խորհրդակցելուց հետո: «Դեպքի ժամանակ ես բացակում էի հանրապետությունից, սեպտեմբերի 18-ին մեկնել էի Չինաստան՝ խորհրդաժողովի մասնակցելու եւ ահավոր լուրն առնելուն պես մեկ օրվա ընթացքում վերադարձել եմ Հայաստան: Ընտրապայքարը շարունակելու հարցը քննարկել եմ անձամբ Վարդեւան Գրիգորյանի հետ եւ պիտի ասեմ, որ պարոն Գրիգորյանը շատ ճիշտ ու արժանապատիվ որոշում կայացրեց՝ հանուն Արշակի, հանուն նրա, որ մենք ունենանք Գյումրի, որտեղ կրիմինալով հարցեր չեն լուծելու, որտեղ ընտրությունը չի կարող կյանքի ու մահվան պայքար դառնա: Այնպես, որ մեկ երկու օրից կվերսկսենք նախընտրական քարոզարշավը»,- շեշտեց Զոհրաբյանը:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ իրենք որոշ մարտավարական, նաեւ աշխատանքային փոփոխություններ են կատարելու: Նախընտրական հանդիպումները կանցնեն առանց Վարդեւան Գրիգորյանի, նրա փոխարեն մարդկանց հետ կհանդիպեն կուսակցության առաջին դեմքերն ու տեղի կառույցի ներկայացուցիչները:

Հարցին, թե գուցե նման որոշումից հետո մեղադրանքներ հնչեն կուսակցության հասցեին, որ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքն օգտագործում են դիդվիդենտենր շահելու նպատակով, Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Ես շնորհակալություն եմ հայտնում ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, որոնք մեկ մարդու նման որոշեցին դադարեցնել քարոզարշավը եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է նման անպարկեշտ բան իր մտքով անցկացնել: Վարդեւան Գրիգորյանի ցանկությունն է եղել շարունակել եւ մենք հարգում ենք նրա որոշումը»:

Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից առաջ քաշած ինքնասպանության վարկածին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի հավատում, քանի որ Արշակ Գրիգորյանին ճանաչում է որպես առողջ դատողության տեր երիտասարդի, ով մինչեւ մահը զբաղվում էր հոր՝ Վարդեւան Գրիգորյանի նախընտրական քարոզարշավով եւ չէր կարող առանց լուրջ պատճառի նման քայլի գնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter