HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց ևս երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Ինչպես «Հետք»-ին հայտնեց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու միջնորդությունում որևէ փաստարկ չկար։ Ըստ փաստաբանի՝ բացակայում էր այն հիմնավորումը, որը պետք է ապացուցեր, որ Ղուկասյանը, ազատության մեջ գտնվելով, կխոչընդոտի գործի քննությանը։

«Քննիչը չէր նշում Ղուկասյանին՝ անազատության մեջ պահելու փաստական հիմքը։ Միայն ասաց՝ ծանր հանցագործություն է կատարել, այդ պատճառով կթաքնվի վարույթ իրականցնող մարմնից։ Դատարանն էլ քննիչին հարցրեց, թե գործի ինչ նյութով է հիմնավորում, որ Ղուկասյանը կխոչընդոտի քննությանը, սակայն քննիչը չկարողացավ պատասխանել»,- մանրամասնեց Մեժլումյանը։

Ղուկասյանը դատարանում ներկայացրել է իր առարկությունները, փաստաբանի խոսքով՝ շատ ազդեցիկ ելույթ է ունեցել, մասնավորապես նշել է, որ իրեն կալանավորել են քաղաքական նկատառումներով։

Մեժլումյանի հաղորդմամբ՝ դատարանին և վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է, որ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տվել Անդրիաս Ղուկասյանի դեմ, քանի որ առկա են այդ օրվա տեսագրություններ, ականատեսներից վերցված փաստաբանական հարցման պատասխաններ, որոնք վկայում են, որ հուլիսի 28-ին Սարի թաղում Ղուկասյանը զանգվածային անկարգություններ չի հրահրել: «Ինչպես տեսնում եք՝ գործի նյութերում ամեն ինչ 180 աստիճանով փոխվել է»,- հավելում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter