HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Արմեն Հյուսնունց. Համբուրգերային երաժշտության, սիրո պակասի և սահմանին հնչող ջազի մասին

Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը մեր երաժշտական կյանքում, հատկապես ջազի աշխարհում, ամենասիրված և ճանաչված անուններից մեկն է: Երաժշտասերները նրան ճանաչում են առաջին հերթին կատարողական բարձր վարպետության առանձնահատկությամբ, սակայն շատերը Հյուսնունց-երաժշտին բացահայտեցին և սկսեցին ունկնդրել «Time Report» էթնոջազային և «Հայկական Նավատորմի Նվագախումբ» ճանաչված բենդերի կազմից: Երաժշտի կյանքում շատ կարևոր հանգրվան հանդիսացող այս բենդից և առաջ, և հետո էլ նա իր երաժշտությամբ և աշխատանքով վստահեցրել է, որ ջազը և հայ երաժշտությունը դեռ երկար ապրելու է նման հուսալի ձեռքերում: Արտաշես Քարտալյանի անվան ջազ քառյակ, Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Հանրային ռադիոյի էստրադային, սիմֆոնիկ նվագախումբ, «Time Report», «Հայկական Նավատորմի Նվագախումբ»,  «Artasax» սաքսոֆոնային քառյակ, բազմաթիվ միջազգային համագործակցություններ և ելույթներ անվանի երաժիշտների հետ և այլն… այս ամենը ներառում է երաժշտի ստեղծագործական կյանքը՝ ջազի պես հարուստ գույներով ու անակնկալներով: 2010թ. նա Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է:

Ժամանակ առ ժամանակ տարբեր երաժշտական նախագծերով և համերգներով նրան կարող ենք հանդիպել մայրաքաղաքի բեմերում և ակումբային ջերմ ու անմիջական մթնոլորտում: Թեև հարցազրույցներ և ընդհանրապես ուշադրության կենտրոնում լինել չի սիրում, բայց երբեմն համաձայնում է խոսել, կամ արտահայտել իր մտահոգությունները երաժշտության, կյանքի և այս երկու տարածքներն իրար կապող մարդու էսօրվա կերպարի մասին:

«Ջազը իր զարգացումն է ապրում:- ասում է Ա. Հյուսնունցը,- Կան միջոցառումներ, որոնք խթանում են էդ զարգացումը, օրինակ՝ Երևանյան ջազային միջազգային փառատոնը: Դա մեծ խթան է ու պարտադիր նախագիծ մի երկրի համար, որն իսկապես ունի ջազային մեծ մշակույթ: Բայց սա բավարար չէ, պետք է շատ լինեն նման նախագծեր և ոչ կիսածխած ակումբներում, որտեղ շատ հաճախ ջազի անվան տակ այլ բան է հնչում: Երաժշտության, կոնկրետ այս դեպքում՝ ջազի զարգացման համար անհրաժեշտ է նաև հնարավորինս հաճախ մենակատարներ հրավիրել համատեղ ելույթի համար: Սա մեզ և' ճանաչում է բերում, և' լավ փորձառություն, հատկապես երիտասարդների համար, որոնց համար մասնագիտական շփումները շատ անհրաժեշտ են»:

«Ջազը սահմանին` բաց երկնքի տակ»

Նախկին Շամշադինը՝ այսօրվա Տավուշի մարզի մի հատվածը, Հայաստանի ամենաչքնաղ և, թերևս, համեմատաբար քիչ բացահայտված վայրերից մեկն է: Երկնքից կախված հսկա, սպիտակամաշկ ժայռերով ու բարձրահասակ անտառներով շրջապատված այս աշխարհը մենք առավելապես հիշում ենք այն ժամանակ, երբ սահմանից կրակոցների չլռող ձայներ ենք լսում: Մինչդեռ հողին արդեն դժվարությամբ կառչած այս լեռներում ապրում է սահմանապահ ժողովուրդը, որը հասարակ մարդկային ուշադրության ու ջերմ զրույցի կարիք ունի:

Այս տարվա օգոստոսի 20-ին Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների 5-րդ փառատոնը», որի հիմնական մասնակիցները Տավուշի տարբեր գյուղերի բնակիչներն են՝ իրենց մշակած բերք ու բարիքներով, ձեռագործ աշխատանքով, գործարանային արտադրանքով և, իհարկե, մեղրով: Փառատոնն ամեն տարի նշվում է նաև մշակութային միջոցառումներով, որոնց մասնակցում են Երևանից հյուրեր: Այս անգամ սահմանապահ Բերդի անտառապատ բարձունքն ու երկինքը ողողված էին ջազի գույներով: Փառատոնն ու մարզի բնակիչները այս տարի հյուրընկալել էին Հայաստանի պետական ջազ նվագախմբին:

 «Ջազը սահմանին». այս խորագիրն էր կրում համերգը, որը տեղի ունեցավ նվագախմբի համար ոչ սովորական պայմաններում՝ բաց երկնքի տակ, անտառապատ «համերգասրահում»՝ եղևնիների մի հրաշագեղ պուրակում, և խոտի ոսկեգույն կապուկներին նստած ունկնդիրների ոգևորված հայացքների ուղեկցությամբ: Ջազ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը առանձնակի ջերմությամբ է խոսում այս հանդիսատեսի մասին: Առաջին անգամ այստեղ ելույթ ունենալու առիթ ունեցել էր երկու տարի առաջ և մշակույթի տանը հանդիպելով շամշադինցի ունկնդիրներին՝ շատ բան էր փոխվել իր պատկերացումներում: Ասում է, որ այստեղ հանդիպել է բարձրաճաշակ ունկնդիրների, որոնց պակասը նա հաճախ է զգում ջազի պակաս չունեցող Երևանում:   

«Փառատոնն ինձ համար իրականում առիթ էր նվագախումբն այդ սահմանամերձ գոտի տանելու համար,- ասում է Ա. Հյուսնունցը,-  ես շատ էի ուզում, որպեսզի երաժիշտներն այնտեղ լինեն և նվագեն: Առաջարկս մեծ ոգևորությամբ ընդունվեց կազմակերպիչների կողմից: Ես նաև այս համերգի խորքում թաքցրած ունեի այն դիտավորությունը, որ երաժիշտներն էլ ճանաչեն այս գեղեցիկ, բայց ինչ-որ տեղ անուշադրության մատնված շրջանը, ճաշակեն այն զգացողությունը, որը ես ունեցա երկու տարի առաջ, երբ նվագեցի այս շրջանի հանդիսատեսի համար: Նպատակս կարծում եմ հաջողվեց իրականացնել»:

Այս ընթացքում նա ջազ բենդի հետ իրականացրել է բազմաթիվ համերգային ծրագրեր և հանդիպումներ անվանի երաժիշտների հետ: Սակայն արտասահմանյան շրջագայությունների հմայքից  ու բարձրահունչ համագործակցությունների կողքին, նա իր գերագույն նպատակներից մեկն է համարում իրենց երաժշտությունը Հայաստանի մարզերում հնչեցնելը: Փառատոնի մասնակցությունն այդ ծրագրի իրականացման առաջին քայլերից մեկն է, որը ոգևորող ու հուսադրող էր նաև իրենց՝ երաժիշտների համար:

«Թեև սկզբում փոքր-ինչ դժկամությամբ համաձայնեցին, բայց հետո իրենք՝ երաժիշտներն էլ հայտնաբերեցին շատ կարևոր պահեր. նրանք ոգեշնչված էին թե՛ բնաշխարհով, որն իսկապես աննկարագրելիորեն գեղեցիկ է, թե՛ տեղի ժողովրդով, որը ի դեպ, շատ բարձրաճաշակ հանդիսատես է՝ շատ երախտապարտ և շատ ուշադիր, այս տեսակն այսօր Երևանում էլ երբեմն դժվարությամբ կարող ենք հանդիպել:- ասում է Հյուսնունցը,- Այս տարիների ընթացքում իմ առաջնահերթ նպատակներից մեկն է եղել կարողանալ նվագախմբի ելույթները հասցնել մարզեր: Առայժմ այն լիարժեքորեն չի ստացվում իրականացնել, բայց հուսամ, որ կկոտրվի սառույցը»:

Սառույցն առայժմ կոտրելու ամենաուժեղ գործիքը ֆինանսական աջակցությունն է: Մեր զրույցից հասկանում եմ, որ նպատակն իրագործելու համար նա ակնկալում է գոնե տեխնիկական աջակցություն, առանց որի համերգը նվագախմբի համար անհնար կլինի կազմակերպել: Իսկ երբ հարցնում եմ, թե ի՞նչ խնդիր է նա դրանով ուզում լուծել, Հյուսնունցը կես-զարմացած և ծիծաղով պատասխանում է. «Հասցնել մարդկանց էն երաժշտությունը, որն իրենց երբեք չի մատուցվում ո՛չ հեռուստատեսությամբ և ո՛չ էլ նախընտրական համերգների ժամանակ»:

Ջազ բենդի երաժշտացանկը հարուստ է և, միևնույն ժամանակ, ինչպես Հյուսնունցն է բնորոշում, խայտաբղետ: Այն ներառում է թե՛ հայ, թե՛ համաշխարհային ջազային արվեստի գործեր՝ ամենահայտնի անուններից մինչև ժամանակակից ամենաբարդ ստեղծագործությունները:

«Երևանյան պարբերական աշխատանքներից բացի, նպատակ ունենք խմբում ներգրավել միջազգային ճանաչում ունեցող մենակատարներ,- ասում է Ա. Հյուսնունցը,- զուգահեռաբար մեծ ցանկություն ունեմ  հաջորդ տարվանից  իրականացնել մարզային համերգաշարեր, որոնց համար հույս ունեմ աջակիցներ կունենանք: Իմ ցանկությունն է՝ կարողանալ այս ծրագրով ավելի լայն աշխարհագրական տարածք ընդգրկել ու ելույթներ ունենալ տարբեր մարզերում: Ի վերջո սա Հայաստանի՛ պետական ջազ նվագախումբն է, ոչ թե Երևանի: Ու երբեմն հնչող կարծիքները, թե իբր մարզերում ջազ լսող չկա կամ չեն սիրում և այլն, վստահ ասում եմ, որ դրանք թյուր կարծիքներ են: Իրականում ճիշտ հակառակ պատկեր է. էնտեղ շատ ավելի լավ են հասկանում, թե ինչ են լսում, ուստի նաև սիրում են: Մանավանդ, երբ ծրագիրն էլ համեմված է մեր ողջ ժառանգությամբ: Մինչդեռ Երևանում շատ ակումբներ կան, որտեղ ունկնդիրը ներկա է, բայց էդպես էլ չգիտի, թե ինչ է լսում»:  

Պրոֆեսիոնալ խնդիրներ պրոֆեսիոնալների համար

Անդրադառնալով իրենց ընդհանուր գործունեությանը՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը կարևոր է համարում համապատասխան պայմաններով ապահովված համերգասրահի և ձայնագրման ստուդիայի անհրաժեշտությունը: Մինչև օրս նրանք թողարկել են երեք ձայնասկավառակ, այսօր, սակայն, այս առումով լուրջ դժվարություններ կան, որի արդյունքում 2010 թվականից հետո նոր ձայնագրություններ գրեթե չեն ներկայացնում:

«Նման մեծ կազմով նվագախմբերի համար ձայնագրման ստուդիայի հարմարավետությունն ուղղակի պարտադիր պայման է: - ասում է երաժիշտը,- Էսօր համապատասխան ձայնագրման ստուդիա չունենք. նախկինում արվել են, օրինակ՝ «Տերյան» ստուդիայում: Իհարկե, շատ ստուդիաներ կան, որտեղ կարելի է մաս-մաս ձայնագրել, հետո մոնտաժի միջոցով ստանալ ամբողջական տեսք: Շատերը հենց այդպես էլ անում են, բայց մեր նվագախմբի դեպքում կենդանի հնչողությունը շատ կարևոր է, հակառակ դեպքում՝ասես ինչ-որ բան կորչում, պակասում է երաժշտության մեջ»: 

Տերյան փողոցի վրա գտնվող և տարիներ շարունակ «Տերյան» ստուդիա անվանումը ստացած շենքում ժամանակին արվում էին ամենակարևոր ձայնագրությունները: Ստուդիական բարձրորակ ակուստիկ նյութերով ապահովված այս տարածքը հատկապես մեծ նվագախմբերի համար փրկություն էր, քանի որ ապահովում էր ձայնային անհրաժեշտ հնչողությունն և որակը: Ասում են, որ ժամանակին հատուկ Մոսկվայից տարին մեկ-երկու անգամ մասնագետներ էին գալիս, ակուստիկ ստուգումներ անում, հնչողությունը կարգավորում՝ ստուդիայի աշխատանքը լիարժեքորեն ապահովելու համար: Այս շենքում ֆիլմեր էին նկարահանում կինոաշխարհի վարպետները, դասական, ջազ, սիմֆոնիկ երաժշտություններ էին ձայնագրում լավագույն երաժիշտները: Վերջին տարիներին, սակայն, մայրաքաղաքի այդ հատվածում կարող էինք հանդիպել ժանգոտ, խարխլված, անխնամ ու անուշադրության մատնված մի շենքի, որի տեսքից անգամ երևում էր, որ այստեղ դժվար թե կենդանության նշաններ հայտնաբերվեն: Իսկ վերջում, ինչպես հիմա հաճախ է պատահում, շենքերն իբրև տարածքներ ընկալող մարդկանց ձեռքերն այստեղ էլ հասան:

««Տերյան» ստուդիան այդ առումով բացառիկ էր, պրոֆեսիոնալ, ձայնային պահանջվող ակուստիկայով:- ասում է Ա. Հյուսնունցը,- Իսկ հիմա ամեն մի կիսանկուղային տարածք ստուդիա է դառնում: Կան իհարկե մի քանի լավ ստուդիաներ, բայց նվագախմբի համար էլեմենտար պայմաններ կան, որ անպայման պետք է առկա լինեն: Ջազ նվագախմբի համար հարմար համերգային դահլիճներ էլ առանձնապես չունենք, եղածներն էլ ոչ լիարժեք պայմաններ ունեն և շատ թանկ վարձավճարներով: Բացի այդ, լավ ձայներ ունենք, որոնց հետ լուրջ աշխատանք պետք է տարվի: Զարգացում կա, իհարկե, բայց կարծում եմ՝ մենք կարիք ունենք մի քանի լուրջ ու խթանող միջոցառումների, դրանց հաճախակիացմանը, որպեսզի այդ զարգացումն իր նպատակին ծառայի և ավելի տեսանելի արդյունք ունենա»:

Հայկական Նավատորմի Նվագախումբ  (Armenian Navy Band)

90-ականների վերջին հայ ժամանակակից երաժշտության մեջ մի նոր ու կոլորիտային էջ բացվեց, որի ազդեցությունը զգացվում է մինչ օրս՝ շատ հայտնի ու պահանջված երաժիշտների, բենդերի գործունեության մեջ: Ճանաչված թմբկահար Արտո Թունջբոյաջյանը, կամ ինչպես ինքն է ներկայանում՝ միստր Ավանգարդ-Ֆոլկը, Հայաստանում նախաձեռնեց տեղի երաժիշտներից կազմված նոր խմբի ստեղծումը: Այն անվանեց «Հայկական Նավատորմի Նվագախումբ» (ANB), երաժշտությունը՝ ավանգարդ-ֆոլկ, ուղղությունը՝ դեպի համաշխարհային երաժշտական մեծ օվկիանոս: Արտոն այս կազմով իր առջև մի քանի կարևոր խնդիր էր դրել. զարգացնել երաժշտական նոր մոտեցումներ նաև մեր միջավայրում և գտնելով, բացահայտելով հայ տաղանդավոր երաժիշտներին՝ նրանց հնարավորությունները միացնել մեծ աշխարհի ձայնին: Արմեն Հյուսնունցը այս արտասովոր, բայց հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված խմբի կազմում էր, նրա հիմնական՝ նավը առաջ տանող երաժիշտներից մեկը:

«Անշուշտ, բացառիկ նախագիծ էր դա, որն այս տարիների ընթացքում ապրեց իր ներքին փոփոխություններն ու զարգացումները:- ասում է Ա. Հյուսնունցը,- Խմբի առաջնորդից՝ Արտո Թունջբոյաջյանից բոլորս ենք սովորել: Դրանք մեզ համար շատ կարևոր փորձառության տարիներ էին թե՛ մասնագիտական, թե՛ կյանքի առումով: Մանավանդ երիտասարդ երաժշտի համար ամիսներով շրջագայությունների մեջ լինելն իսկապես շատ բան է սովորեցնում հենց երաժշտական կյանքի խորքերի մասին, դրանից ավելի մեծ քննություններ կյանքում չեն կարող լինել: Հիմա էն երիտասարդներն արդեն վետերան են դարձել, այդ ընթացքում նոր սերունդ էլ կրթվեց: Այսօր ես «ANB»-ի ազդեցությունը տեսնում եմ ժամանակակից հայտնի մի քանի խմբերի և երաժիշտների վրա և միանշանակ կարող եմ ասել, որ այն իր անջնջելի հետքը թողել է: Երբ խումբը բնորոշում էին որպես ջազ բենդ, Արտոն դրանից շատ նեղվում էր, քանի որ, այն, ինչ մենք նվագում էինք, իր էությամբ ամբողջությամբ ջազ չէր: Արտոն իր անունն ուներ՝ ավանգարդ- ֆոլկ»:

Այսօր խումբն իր նախկին փայլուն ժամանակները չի ապրում: Հավանաբար, որովհետև  երաժշտական կյանքում մի հերթական հանգրվան էր, որը իր նախանշած ուղին անցած է համարում: «ANB»-ի համերգներ էլ հաճախ չեն լինում, և խմբի նախկին անդամներից ամեն մեկն իր անհատական ուղին է անցնում: «Այն, որ այս խումբը մեր երաժշտության պատմության մեջ իր մնայուն տեղն ունեցել է, դրանում ոչ մի կասկած չկա և արժանի է ուսումնասիրության»:- ասում է Ա. Հյուսնունցը:

Երաժշտություն կա, որ պատրաստի կերակուրի է նման՝ հեշտ մարսվող, հաճելի, բայց՝ նույնահամ

Արմեն Հյուսնունցը ժամանակակից երաժշտական կյանքում նոր խոսքի, նոր մոտեցման պակաս է նկատում, ավելի ճիշտ՝ համարձակության պակաս, որից էլ բխում է երաժշության մեջ նոր հնչողության, ոճի և գույների զարգացումը:

«Ջազ անվան տակ էսօր երաժշտական էնքան լայն շերտեր են ամփոփված,- ասում է երաժիշտը,- անշուշտ, ջազն իր էությամբ շատ ավելի ինտերակտիվ երաժշտություն է և սիրում է էքսպրոմտ- իմպրովիզացիաներ, իսկ դա նշանակում է՝ առավել անկեղծություն, երաժշտությամբ խոսել այն, ինչ այդ օրը ապրել ես և զգացել: Բայց կան ֆորմատներ, որոնք պատրաստի կերակուրի են նման՝ հեշտ մարսվող, գրեթե միշտ նույն համով ու բաղադրությամբ: Այն համբուրգերի է նման: Ոչ բոլորն են պատրաստ նոր կերակուր սարքելու ռիսկին գնալու: Հանդիսատեսից շատերը նույնպես պատրաստ չեն նոր ուտեստի համը փորձելու և հասկանալու, թե որ համեմունքն էր շատ և որը պակաս: Դրա համար էսօր ակումբներում ավելի շատ համբուրգերային երաժշտություն է հնչում՝ հեշտամարս, հաճելի, գեղեցիկ, նույնիսկ՝ որակյալ, բայց նույն՝ կրկնվող համ ու հոտով: Կարծում եմ՝ նման տենդենցներ այսօր բոլոր տեղերում էլ կան: Դրանց կողքին, թեկուզ ոչ այնքան շատ, բայց գոնե ինչ-որ անկյուններ լինում են, որտեղ կարողանում ես քեզ թույլ տալ տեղում ինչ-որ նոր բան պատրաստելու: Եվ համոզված ես, որ ունկնդիրն էլ այն համտեսելու ցանկություն ունենալու է»:

Հյուսնունցի կարծիքով երաժշտության զարգացման և պրոպագանդման համար շատ կարևոր են «մեծ» ելույթները, որոնք բարձր պրոֆեսիոնալների առկայության դեպքում դառնում են շատ վարակիչ և շատ ուսուցողական: Այս պարագայում հատկապես երիտասարդները առիթ են ունենում վայելելու և զգալու կենդանի համերգների, կենդանի հնչողության առավելությունն ու ազդեցությունը ունկնդրի վրա: «Միևնույն ժամանակ ես չեմ ուզում, որ ջազն ինքնանպատակ դառնա,- ավելացնում են,- Ջազը երաժշտության մի ձև է, և եթե դու երաժիշտ ես, անպայման չէ ջազ նվագես: Պետք չէ, որ այն ֆետիշացնես:

Անդրադառնալով ջազային ակումբների, հին ու նորահայտ խմբերի, երաժիշտների գործունեությանը՝ Հյուսնունցն ասում է, որ նրանց ակտիվությունը խոսում է երաժշտական մթնոլորտի մեջ որոշ զարգացումների մասին: Սակայն շատն ու որակը, ինչպես բոլոր ժամանակներում, գրեթե երբեք նույն հունով չեն գնում: Բացի այդ, ամեն ժամանակ իր սկզբունքներն ու ընկալումն ունի: «Ընդհանուր և հայտնի մի բանաձև կա արվեստում՝ «Ոչ թե քեզ պետք է սիրես արվեստի մեջ, այլ արվեստը քո մեջ»:- ասում է երաժիշտը,- Նույնը երաժշտության համար կարող ենք ասել. ո՞րն է առաջնահերթը՝ ես-ը երաժշտության մեջ, թե՞ երաժշտությունը ես-ի մասնակցությամբ: Շատերի մոտ կա հենց այս վտանգը՝ ԵՍ՝ առանց երաժշտության: Դրա վառ օրինակներն էլ կան, ցավոք սրտի: Ինչքան շատ է ես-ի առկայությունը, այնքան դա փչացնում է շատ բան»:

Իրական կյանքը սիրո մեջ է. եթե սեր ունես սրտումդ, ապրում ես, չունես՝ մեռած փայտի կտոր ես դառնում

«Մեր իրականության մեջ շատ շտկելու բան կա և մենք մեծ խնդիրներ ունենք: Սակայն, մյուս կողմից էլ երբեմն գայթակղություն կա ծայրահեղության մեջ ընկնելու և ֆիքսվելու միայն այդ խնդիրների վրա:- ասում է Ա. Հյուսնունցը,- Մենք դառնում ենք անգործունյա, անընդհատ քննադատող, ամեն ինչում միայն բացասականը փնտրող ու տեսնող: Դրա հետևանքով կյանքը ամփոփում ենք միայն բացասական երևույթների մեջ՝ մոռանալով շատ ու շատ այլ բաների մասին: Ես ինքս էլ այդ փորձառությունն ունեցել եմ, և պիտի նշեմ, որ դա շատ անառողջ վիճակ է: Դրա համար ամեն մեկը իր աշխատանքով պետք է զբաղվի և աշխատի այն անպայման լավ անել: Իսկ մենք հիմնականում փորձում ենք մեղավորներ փնտրել, մինչդեռ ինքներս չենք շտապում մեր տեղում ինչ-որ բան անել: Ամենապարզ ձևը իմ կարծիքով այն է, որ ամեն մեկը իր աշխատանքը անի: Անշուշտ, գնահատականներ պիտի տրվեն լավ աշխատանքին, բայց գնահատականներ ստանալը, միևնույն ժամանակ տալը պետք է չվերածվի կյանքի գերագույն նպատակի և զբաղմունքի: Ես կարծում եմ, որ անկախ այս ամենից, մարդը միշտ էլ հնարավորություն ունի անելու այն, ինչն իր կարծիքով օգտակար է, որակյալ և մարդկաց անհրաժեշտ: Իսկ առայժմ էս առկա փոխադարձ բացասական զգացումները՝ իրար չսիրելու, չհանդուրժելու… վարակ է, որը վերջում ջնջում է ճիշտն ու սխալը, լավ ու վատն էլ չի մնում: Երբեմն նույնիսկ էդպես չենք, բայց չգիտես ինչու, փորձում ենք էդպիսին երևալ»:

Կյանքւմ ամենադժվար բաներից մեկն էլ կարևորը անկարևորից զատելու կարողությունն է, դու պիտի կարողանաս տարբեր իրավիճակներում հասկանալ, թե որն է իրականում կարևոր: Երաժշտի կարծիքով մարդիկ այսօր անկարևորը սարքում են գերագույն կարևորության խնդիր ու հայտնվում իրական կյանքից դուրս մի այլ իրավիճակում:

«Իրական կյանքը սիրո մեջ է. եթե սեր ունես սրտումդ, ապրում ես, չունես՝ մեռած փայտի կտոր ես դառնում»,- համոզված է նա:

Երաժշտությունը նոր տարածքներ է սիրում, բայց…

«Պանդխտությունը երբեք չի կարող երանելի ստատուս լինել, բայց ճակատագրերը շատ անհատական են, և այս հարցը ես չեմ կարող ընդհանուր բանաձի մեջ դնել:- ասում է Հյուսնունցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի մտածում երկրից հեռանալու մասին,- Անշուշտ, ես էլ եմ ունենում պահեր, երբ երկրից դուրս գալու մասին մտածում եմ, դա հատկապես երաժշտի համար ինչ-որ տեղ նաև անհրաժեշտություն է: Բայց կա մի կարևոր բան. իմ պարագայում գիտեմ, որ էստեղ շատ բան կա անելու: Մենք տաղանդավոր ազգ ենք, դրանք հենց էնպես ասված խոսքեր չեն, հայ երեխան տաղանդավոր է. ուրեմն երիտասարդ ու տաղանդավոր մեր սերնդի կրթությանը, մասնագիտական փորձառությանը մասնակից դառնալը միշտ իմաստավորում է իմ ներկայությունը: Իսկ ընդհանրապես, ես կարծում եմ, որ մենք բոլորս սիրո պակաս ունենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter