HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սերժ Սարգսյանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող ոչինչ փոխել»,- համոզված է Արզնի համայնքի ղեկավարը

Արզնին հանրապետության երկու ասորաբնակ գյուղերից մեկն է: Կոտայքի մարզում գտնվող այս գյուղում նույնպես հոկտեմբերի 2-ին կայանալու են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:

Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածու՝ համայնքի ներկայիս ղեկավար Վենիամին Վենիամինովը, որն արդեն 19 տարի ղեկավարում է համայնքը եւ անկուսակցական Միտյան Բաբախանովը:

Պրն Վենյամինովին ուղղված մեր հարցին, թե ո՞րն է իր առավելությունը համայնքի ղեկավարի թեկնածությունն առաջադրած մյուս մրցակցի նկատմամբ, նա պատասխանեց· «Ես արդեն 19 տարի համայնքի ղեկավար եմ, կարծում եմ, դա արդեն իսկ առավելություն է: Մյուս թեկնածուն 70-ն անց մարդ է եւ եթե ցանկանում է մտնել մրցակցության մեջ` խնդիր չկա, միայն ուրախ եմ: Աստված առաջ, հաջողություն նրան ընտրական պայքարում»:

Մեր հաջորդ հարցին՝ «ունե՞ք նախնական հավաքած ձայներ»,- համայնքի ղեկավարը պատասխանեց· «Ո՛չ, կյանքումս ձայներ չեմ հավաքել, աշխատակիցներիս նույնպես խնդրել եմ, որ չզբաղվեն  քարոզչությամբ: Չեմ սիրում նման բաներ, ժողովրդի գործն է, նրանց ցանկությունն է, ում վստահում են ու հավատում՝ թող նրան էլ ձայն տան»:

Արզնի համայնքի ղեկավարը գյուղում առկա խնդիրների լուծումը տեսնում է միայն համայնքային բյուջեն համալրելու միջոցով: Նրա ասելով՝ ասֆալտապատում լինելու է ամբողջ համայնքում, սակայն այն ժամանակ, երբ բնակչությունը կվճարի հարկերը՝ հողի հարկ, գույքահարկ: «80-90% հարկահավաքման դեպքում պարտավոր եմ կարգի բերել համայնքը, լուսավորել փողոցները, օգնել թոշակառուներին: Բյուջեից է կախված այդ ամենը, աչքերս փակ պարտավոր եմ լրացնել բոլոր բացերը»,- ասաց համայնքապետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Այն հարցին, թե առաջնահերթ չի՞ համարում գյուղում մշակութային եւ մարզական հաստատություններ ունենալը, Արզնի համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վենիամին Վենիամինովը պատասխանեց· «Մենք ունենք դպրոց, մանկապարտեզ, որոնք շատ լավ վիճակում են, ունենք ուսանողական մեքենա, որն ուսանողներին անվճար տեղափոխում է: Մեր մարզն ամենալավը դարձնելու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի օգնությունը, ուրիշ ոչ ոք չի կարող ոչինչ փոխել»:

Նա նշեց, որ համայնքը մեծ օգնություն է ստացել նաեւ Գագիկ Ծառուկյանից, որին նա բնութագրեց հոյակապ մարդ եւ լավ ընկեր:

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter