HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծմանթաշցիները ծանոթ չեն համայնքի ղեկավարի 5 թեկածուների նախընտրական ծրագրերին

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար 6 թեկնածու էր ինքնաառաջադրվել, որից մեկը ներկայիս համայնքապետն է: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ է հայտարարել՝ առողջական խնդիրների պատճառով: Այսպիսով՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ կմրցակցի 5 թեկնածու:

Նրանց նախընտրական ծրագրերի մասին գյուղացիները տեղեկացված չեն, նույնիսկ չգիտեն, թե ովքեր են առաջադրվել: Սակայն բնակիչները լավատեղյակ են իրենց խնդիրներից եւ համոզված են՝ «ով էլ գա` սեփական շահն է փնտրելու»:

Փորձեցինք թեկնածուներից ճշտել, թե ինչ կարեւոր հարցերի են անդրադառնալու ընտրվելուց հետո:

Անկուսակցական Վարուժան Վարդերեսյանը կարեւոր է համարում համայնքի ջրամատակարարման եւ ոռոգման ջրի խնդիրը, հակակարկտային կայանների թիվն ավելացնելը (2 կարկտակայանը չի բավականացնում ողջ գյուղին): Նաեւ՝ մշակույթի տան, սպորտդպրոցի, պատմամշակութային վայրերի վերականգնումը:

Գրիգոր Սարգսյանը (այժմ՝ անկուսակցական) 2005թ. եղել է Մեծ  Մանթաշի համայնքապետը եւ որպես խնդիրներին լավատեղյակ անձ կրկին առանձնացրեց համայնքի մաքուր ջրի եւ ոռոգման համակարգի աղտոտվածության հարցը, դաշտ տանող ճանապարհների վատթար վիճակը: Ըստ նրա՝ համայնքապետարանը բավարար գումար ունի, որր ճիշտ օգտագործելու դեպքում  կկարողանան առաջիկա 5 տարիներին լուծել բոլոր խնդիրները:

Թեկնածուներից Արկադի Գրիգորյանի հետ կապվել չհաջողվեց: Բնակիչներից պարզեցինք, որ նա նույնպես անկուսակցական է: Նախկինում եղել է ԲՀԿ անդամ, հիմա էլ ցանկանում է համալրել ՀՅԴ կուսակցության շարքերը, բայց այդ «պաշտոնը» խոսք են տվել Գրիգոր Սարգսյանին:

Հովակիմ Շահվալադյանը եւ Գեղամ Սարոյանը նույնպես անկուսակցական թեկնածուներ են:  Բնակիչների խոսքով` երկուսն էլ կարող են իրենց համայնքը ղեկավարել, պարզապես գիտեն, որ կհաղթի նա, ով ավելի շատ բարեկամներ ունի: 

Գյուղացիները դժգոհում են, որ թեկնածուները մինչեւ ընտրությունները խոստումներ են տալիս, բայց ընտրվելուց հետո անհետանում են ու մոռանում: Բնակչության մեծամասնությունն այս տարի խիստ է դատելու թեկնածուներին, եւ ցանկացան նրանց փոխանցել, որ չեն հանդուրժելու կեղծիքներն ու ընտրախախտումները:

Ի տարբերություն թեկնածուների, շարքային գյուղացին ավելի լավ գիտի իր համայնքի խնդիրները, որոնք չնշեցին թեկնածուները: Օրինակ՝ Մեծ Մանթաշի միջով անցնող գետի աղտոտվածությունը, որը հենց համայնքապետարանի կողքով է անցնում, բայց ոչ մի համայնքապետ չի անդրադարձել այն մաքրելու հարցին: Թաղման ծես անցկացնելու եւ հարսանիք կազմակերպելու համար սրահ չունեն եւ այլն:

Էմմա Թումանյան

Լուսանկարը՝ https://hy.wikipedia.org-ի 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter