Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Առաջնագծում գլխից վիրավորված 20-ամյա Ալբերտի ընտանիքն օգնության կարիք ունի



Հիվանդասենյակում Արմինեն նստում է մահճակալին՝ որդու կողքին, ուշադիր նայում նրան: Ալբերտը հարցեր է տալիս: Մայրն ասում է՝ բալես, անունս կասե՞ս: «Մամ ջա~ն…»: Հարցից անընդհատ խուսանավում է: Մայրը հասկանում է, որ որդին չի հիշում իր անունը: «Ար-մի-նե… Արմինե է մամայի անունը, բալես»:

Արմինեն Ալբերտի մոտ ցույց չի տալիս հուզմունքը: Երբ հիվանդասենյակից դուրս ենք գալիս միջանցք, ասում է՝ որդին հիշողության կորուստ ունի, բայց չի խոսում այդ մասին:

Ալբերտ Դալլաքյանը 20 տարեկան է դարձել հուլիսի 23-ին: Ծննդյան օրը կոմայի մեջ է եղել (այդ վիճակում է եղել 35 օր), սակայն մայրը տորթ է տարել հոսպիտալ, բուժանձնակազմին հյուրասիրել՝ հույս ունենալով, որ որդին հաղթահարելու է բոլոր դժվարությունները:

Ամեն ինչ սկսվել է այս տարվա հունիսի 24-ին: ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում 11 ամսվա զինծառայող Ալբերտը հերթափոխից հետո իջել է գետնատնակ (բլինդաժ): Մայրը՝ Արմինե Ղազարյանը, ասում է, որ սպան ինչ-որ մեկի զենքի հետ խաղալուց կրակել է Ալբերտի գլխին: Զինվորներից Գևորգ անունով մեկը՝ 6 ամսվա ծառայող, առաջին բուժօգնություն է ցույց տվել Ալբերտին, ապա Մարտունու հոսպիտալ են տեղափոխել: Արմինեն նշում է, որ բժիշկները զարմացել էին, թե այդ վնասվածքով ինչպես են կարողացել տեղ հասցնել, քանր որ արնաքամ լինելու վտանգ է եղել: «Գնդակը գլխի մի մասով մտել, մյուսով դուրս է եկել: Ձախ կիսագունդը ջնջխել է, փոքր ուղեղի միջով է անցել, գլխավոր արյունատար անոթն է վնասել… Սկզբից բժիշկները ժամերի կյանք էին տվել»,- հիշում է Արմինեն:

2007-ին Վանաձորից, որտեղ ապրում էին Արմինեի հայրական տանը, ընտանիքով տեղափոխվել էին Ռոստով: Դեպքի օրը Արմինեն ամուսնու հետ գնացել էր 11-րդ դասարանն ավարտած դստեր պատվոգիրը ստանալու: Այդ ժամանակ էլ Հայաստանում բնակվող բարեկամները զանգել էին ամուսնուն ու ասել, որ Ալբերտը թևից վիրավորվել է:

Իրականությունը ծնողները Հայաստանում են իմացել: Արմինեն պատմում է, որ որդին սովորում էր Ռոստովի պետական համալսարանի բիզնեսի կառավարման բաժնում: Երկրորդ կուրսում Ալբերտը որոշել էր, որ պիտի վերադառնա Հայաստան՝ բանակ գնալու: Այդ ժամանակ ծնողները Հայաստանում էին, փաստաթղթային հարցեր ունեին կարգավորելու: «Զանգեց, ասաց՝ մամ, գալիս եմ գնամ բանակ, ասացի՝ սպասի կգանք, կխոսենք: Ասաց չէ՝ մամ, որ ես չգնամ, մյուսը չգնա, մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու»,- նշում է մայրը, ով դեմ էր որդու որոշմանը, բայց ամուսինը խրախուսել էր Ալբերտին:

Ալբերտը համալսարանում 2 տարվա տարկետում է վերցրել ու եկել Հայաստան:

Հիմա նախկին զինվորը բուժումը շարունակում է ստանալ հայաստանյան Կարմիր խաչում: Մեր այցելության օրը նա քայլում ու աղոտ տեսնում էր: Երեկ ուշ երեկոյան Արմինեից զանգ ստացանք: Ասաց, որ մեր տեսած դրական տեղաշարժը չկա. որդին հիմա չի տեսնում: Արմինեի ասելով՝ երկու օր շատ էր ուրախացել դրական տեղաշարժով, բայց երբեմն հույսը կորցնում է: Բժիշկներն ասել են, որ Ալբերտը պետք է ստանա լավ սնունդ, իսկ դրա համար առայժմ ծնողներն ի վիճակի չեն: Ամուսինն արդեն վերադարձել է Ռոստով, որտեղ վարձով են բնակվում: Նա հիմա այնտեղ աշխատանք է փնտրում:

Արմինեն ասում է, որ Երևանում պետք է բնակարան վարձակալեն, որպեսզի որդուն դուրս գրելուց հետո տեղափոխեն այնտեղ: Սննդի համար նույնպես գումար է անհրաժեշտ: Ֆինանսական օգնության խնդրանքով Արմինեն նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, բայց այնտեղից մերժել են խնդրանքը (ՊՆ-ն, սակայն, ներկայում հոգում է բուժման ծախսերը): Ասում է՝ ամաչում է, որ խոսում է իրենց ընտանեկան խնդրից, բայց հանուն որդու առողջության փորձում է ամեն ինչ անել: «Մենք երբեք ոչ մեկից ոչ մի բան չենք խնդրել, մի կտոր հացը վաստակել ենք մեր քրտինքով, բայց հիմա իսկապես օգնության կարիք ունենք»,- Ալբերտի մայրը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Աննա09:21 - 29 սեպտեմբերի, 2016
Կարող եք հայտնել ընտանիքի տվյալները?
2. Հասմիկ Ղալաչյան10:18 - 29 սեպտեմբերի, 2016
Խնդրում եմ տալ հեռախոսի համարը:
3. Մարինե Մարտիրոսյան15:45 - 29 սեպտեմբերի, 2016
Շնորհակալ եմ արձագանքի համար: Կարող եք զանգել Արմինե Ղազարյանին՝ 095 96 46 96: Ալբերտի մայրն է:
4. Ռուբիկ Վարդանյան19:49 - 3 հոկտեմբերի, 2016
Հայ ազգ ջան խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք նյութը, որպեսզի ինչ-որ բանով օգնենք ընկերոջս: Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեղան և ինչ-որ կերպ արձագանքեցին:
5. Карина10:58 - 5 հոկտեմբերի, 2016
Подскажите как связаться с родителями Альберта???
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ