HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում նախընտարական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են խախտումներ

Գայանե Սարգսյան

Սեպտեմբերի 24-ին մամլո ասուլիս էր հրավիրել թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը: Հենց այս ընտրատարածքի կազմում են Վանաձոր համայնքի թվով 58 ընտրատեղամասերը, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին կանցկացվեն համայնքի ավագանու ընտրություններ՝ նոր ընտրակարգով:

 Հանդիպմանը հրավիրվել էին նաև ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները: Ներկայացել էին նրանցից 4-ի՝ ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և  Հայաստանի Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 22-ին ժամը 18:00-ին լրացել է ավագանու անդամության թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը: Ինքնաբացարկ է հայտնել երեք թեկնածու, երեքն էլ` ՀԱԿ-ից: Նախ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Նիկոլայ Ամիրբեկյանն ու Աշոտ Ռամազյանը: Տ. Պապանյանի խոսքով` ինքնաբացարկի ժամկետը լրանալուց րոպեներ առաջ ինքնաբացարկ է հայտնել նաև ՀԱԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Այվազյանը:

Ներկայումս կուսակցությունների ներկայացրած ցուցակն ունի այս տեսքը.

 

Կուսակցություն

Թեկնածու

Որից կին

%

անկուսակցական

%

1

Բարգավաճ Հայաստան

28

7

25

4

14.3

2

Լուսավոր Հայաստան

35

8

22.85

10

28.57

3

ՀԱԿ

30

9

30

5

16.66

4

Համախմբում

33

11

33.3

4

0

5

Հայկական Վերածնունդ

70

23

32.86

0

0

6

ՀՀԿ

68

17

25

16

23.53

7

ՀՅԴ

38

12

31.58

11

28.95

8

Քաղաքացիական պայմանագիր

21

6

28.57

0

0

 

Ընդամենը

326

93

28.53

52

15.95

Ընտրության արդյունքում ներկայացված 323 թեկնածուներից կկազմավորվի 33 հոգանոց ավագանու կազմը:

«Առաջին անգամ անց է կացվելու ոչ թե անձի, այլ կուսակցության ընտրություն, որի արդյունքում ձևավորված ավագանին ընտրելու է  համայնքի ղեկավար: Խոսակցություններ կան, թե կոնկրետ մարդու են ընտրելու, կոնկրետ տվյալ անձի մոտ են դնելու նշումը, ինչը ճիշտ չէ: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ նշանը պետք է դնեն ոչ թե կոնկրետ անունների, այլ  կուսակցության դիմաց դրված վանդակում»,- նշեց Տ. Պապանյան: Նա լրատվամիջոցներին ու քաղաքական ուժերին խնդրեց մարդկանց բացատրել ճիշտ ընտրակարգը՝ անվավեր քվեաթերթիկների հնարավորինս փոքր թիվ ունենալու համար:

Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ ընտրությունների կարգի մասին բնակիչների տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է, ավելին` «նույնիսկ հանձնաժողովների անդամների մի մասը չգիտի՝ ոնց են անցկացնելու ընտրությունները»:

Հենց սա է պատճառը, որ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանին` առաջարկելով դասընթաց անցկացնել գոնե հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների համար: Առաջարկն ընդուվել է, առաջիկա օրերին կանցկացվի դասընթացը:

Տ. Պապանյանը տեղեկացրեց, որ Վանաձորի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունն ընթացքի մեջ է: Նա ցույց տվեց քվեաթերթիկի նմուշը, որտեղ ներկայացված էին կուսակցություններն ու ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնողների անուն-ազգանունները: Ընդ որում, ի տարբերություն երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնողների, առաջին համարը զբաղեցնողի անուն-ազգանունը նշված էր ավելի մուգ տարբերակով:

 «Չեք կարծում, որ ԿԸՀ-ն առաջին համարների համար սահմանելով մգեցված անուն ազգանուն` ուղղորդում է նրան, որ անվավեր թերթիկների թիվն ավելի շատ լինի, քան եթե լիներ նույն տառաձևով նմուշ»,- հանձնաժողովի նախագահին հարց ուղղեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Գարիկ Ղուկասյանը:

Հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Երևի հիմք են ընդունվել Երևանի ավագանու ընտրությունները: Իմ կարծիքով` ինչ-որ ձևով պետք է առանձնացվեր, ընդգծվեր առաջին համարը, որ պարզ լիներ՝ տվյալ կուսակցության հաղթելու դեպքում այս մարդն է դառնալու համայնքի ղեկավար»: 

Գ. Ղուկասյանը համաձայն չէր: «2013-ին  Երևանում սրա հետ կապված բավականին քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեցին»,- արձագանքեց նա:

Մեր հարցին՝ հանձնաժողովում որևէ ահազանգ ստացվե՞լ է նախընտրական քարոզարշավի վերաբերյալ, Տ. Պապանյանը պատասխանեց՝ ահազանգեր չեն ստացվել, բայց խախտումներ հանձնաժողովը նկատել է:

«Մենք ինքներս նկատել ենք խախտումներ, կապ ենք հաստատել կուսակցությունների գրասենյակների հետ, վերացնել ենք տվել: Դա կապված է եղել հասարակական տրանսպորտում պլակատներ փակցնելու հետ»:

Ասուլիսին ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդ Գևորգ Քոթանջյանը նշեց, որ թեկնածուների պաստառները փակցված են նաև խանութների, սննդի օբյեկտների պատերին, ինչը ևս օրենքի խախտում է:

«Եթե նման բան կա, գրավոր ներկայացրեք, մենք զբաղվենք»,- առաջարկեց հանձնաժողո վի նախագահը` մատնանշելով այն հանգամանքը, որ թեև քաղաքապետարանը սահմանել է ցուցապաստառները փակցնելու տեղեր,  սակայն, ինչպես միշտ, բնակիչները ցանկացած շենքի պատի փակցնում են:

«Անցած անգամ արձանի վրա էլ էին փակցրել: Այդ կուսակցությանը պատիվ չի բերում արձանի կամ ծառի վրա փակցնելը»,- նշեց Տ. Պապանյանը:

Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Հայաստանի մի շարք համայնքներում, որի ընթացքում եղան դժգոհություններ տեղամասերում խոշարացույցների բացակայության առնչությամբ: Տ. Պապանյանը վստահեցրեց՝ Վանաձորում խոշորացույցների պակաս երբևէ չի եղել ու չի լինի:

Փոխարենը ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս Վանաձորի ընտրական տեղամասերի մի մասում հաշմանդամություն ունեցող անձինք տեղաշարժման խնդիրներ կունենան: Տ. Պապանյանը վստահ է՝ ընտրական իրավունքն իրացնելու հարցում նրանց  կօգնի տեղամասի հանձնաժողովի նախագահը՝ դիտորդների ու վստահված անձանց ներկայությամբ:

Հետքը խախտումների հետ կապված հարց ուղղեց նաև ներկա կուսակցությունների ներկայացուցիչներին:

ՀԱԿ-ը ներկայացնող Արշավիր Ղուկասյանը, որը նաև ՏԻՄ ոլորտի փորձագետ է, նշեց, որ խախտում որպես այդպիսին չի նկատել, բայց լավ կլիներ, որ ՀՀԿ-ի կողմից նախընտրական քարոզարշավի բոլոր օրերին քաղաքի  գլխավոր հրապարակները  զբաղեցնելու հարցն ի սկզբանե կարգավորվեր, «որպեսզի օրերը հավասարաչափ բաշխվեին»:

«Ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում… Համենայն դեպս, մարդկայնորեն միջամտեցինք, խոսեցինք շտաբի հետ, այդ հարցը կարգավորեցինք»,- պատասխանեց Տ. Պապանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter