ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Փոխառությամբ տրված գումարներ. տրվե՞լ են, թե՞ չեն տրվել



Վարդուհի Զաքարյան
Սառա Պետրոսյան

Երեւանի բնակիչ Արմեն Հակոբյանը երկու տարի է ՀՀ դատական ատյաններում վիճարկում է 1998թ. հուլիսի 1-ին «Փյունիկ Մակմիլան» հրատարակչության հետ կնքած 40 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիրը: Ըստ պայմանագրով ձեռք բերված համաձայնության, ձեռնարկությունը Ա. Հակոբյանից վերցրած 40 հազար ԱՄՆ դոլարը պետք է վերադարձներ մինչեւ 98թ. նոյեմբերի 1-ը, սակայն գումարը չի վերադարձրել: Արմեն Հակոբյանը 2001թ. ապրիլի 27-ին դիմել է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ խնդրելով «Փյունիկ Մակմիլան» հրատարակչությունից բռնագանձել գումարը:

Դատվոր Է. Ավետիսյանը հայցապահանջը մերժել է հավաստի չհամարելով ձեռնարկությանը 40 հազար ԱՄՆ դոլար հատկացնելը: «Հայցվորի կողմից որպես իր պահանջը հիմնավորող միակ ապացույց, ներկայացվել է նրա եւ նախկին գործադիր տնօրեն Լեւոն Մկրյանի միջեւ կնքված պայմանագիրը, ինչը դատարանը բավարար չհամարեց, քանի որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազի տեղակալի կողմից 24.11.99թ. կայացված քրեական գործի մասը կարճելու մասին որոշմամբ հիմնավորվել է, որ Լ. Մկրյանը 01.07.98թ. կեղծ պայմանագիր է կազմել Ա. Հակոբյանի անվամբ, որ իբր թե նա 40 հազար ԱՄՆ դոլար է ներդրել «Փյունիկ-Մակմիլան» ընկերությունում»,- ասվում է վճռում:

Ա. Հակոբյանը վճիռը բողոքարկել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Վերադաս ատյանը հավաստի է համարել, որ 40 հազար ԱՄՆ դոլար Ա. Հակոբյանը հատկացրել է, սակայն փոխառուն՝ «Փյունիկ Մակմիլան» հրատարակչությունը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունը՝ հայցվորին չի վերադարձրել վերցրած գումարը: Դատարանը գտնելով, որ պայմանագիրը կնքվել է քաղաքացիական օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ վճռել է գումարը բռնագանձել «Փյունիկ-Մակմիլան» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունից (ՀՁ):

Պատասխանող «Մակմիլան-Արմենիա» ՓԲԸ ՀՁ-ի ներկայիս գործադիր տնօրեն Ալլա Հարությունյանի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատը բեկանել է վերաքննիչի վճիռը՝ գտնելով, որ նախկին գործադիր տնօրեն Լ. Մկրյանի գործով քննվող քրեական գործի քննության պայմաններում ճիշտ էր, որ վերաքննիչ դատարանը կասեցներ գործի վարույթը: Վճռաբեկ դատարանը որոշման մեջ նշել է նաեւ, որ նյութական իրավունքի խախտման վերաբերյալ պատասխանողի՝ Ալլա Հարությունյանի բողոքի պատճառաբանությունները պալատի կողմից չեն կարող գնահատվել՝ «մինչեւ Լ. Մկրյանի նկատմամբ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը»:

Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո գործը կրկին ուղարկվել է վերաքննիչ դատարան: Քաղ. գործերով վերաքննիչ դատարանը նոր կազմով գործը քննել է 2002թ. հուլիսի 31-ին, երբ քրեական գործով դատաքննությունն ավարտված էր եւ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը ուժի մեջ թողնված դատավճռով Լ. Մկրյանին անմեղ էր ճանաչել Արմեն Հակոբյանի եւ եւս 6 անձանց հետ կնքված փոխառության պայմանագրերի մասով:

Սակայն քաղ. գործերով վերաքննիչ դատարանն այս անգամ հայցապահանջը մերժել է մեկ այլ պատճառաբանությամբ: «Ընկերության նախկին տնօրեն Լ. Մկրյանը պատասխանող ընկերության անունից հայցվորի հետ կնքել է պայմանագիր, որով վերջինս պատասխանողին պետք է հատկացներ 40 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն այդպիսի գումար դրամակարղ մուտքագրելու կամ պաշտոնապես ընկերությանը հանձնելու վերաբերյալ հայցվորը որեւէ ապացույց դատարանին չի ներկայացրել»: Այսինքն, դատարանն ընկերության ստանձնած պարտավորությունը վերագրել է նախկին գործադիր տնօրենին, այնուհետեւ ավելացրել, որ վերջինս ընկերության անունից փոխառություններ վերցնելու իրավասություն չի ունեցել եւ դրա համար դատապարտվել է: Իրականում, ձեռնարկության կանոնադրությունը գործադիր տնօրենին իր անունից հանդես գալու լիիրավ հնարավորություններ է տվել:

Հատկանշական է, որ վերաքննիչ դատարանը կրկին գործը քննելիս չի անդրադարձել այն փաստերին, որոնք հիմք ընդունելով վճռաբեկ դատարանը մեկ անգամ բեկանեց վերաքննիչ դատարանի վճիռը: Վերաքննիչի վճիռը բեկանվել էր միայն այն պատճառով, որ նախկին գործադիր տնօրենի հետ կապված քրեական գործ է քննվում դատարանում, «որի պայմաններում դատարանը չի կարող գնահատել բողոք բերողի կողմից նշվող նյութական իրավունքի խախտումները»: Ավելի ճիշտ, դատարանը շրջանցել է այն հանգամանքը, որ ուժի մեջ մտած դատավճռով պատասխանող ընկերության նախկին գործադիր տնօրեն Լ. Մկրյանը փոխառության պայմանագրերի մասով անմեղ է ճանաչել: Դատարանը հայցապահանջի մերժումը հիմնավորել է դարձյալ գրելով, որ նա այդպիսի չարաշահումների ու խարդախության համար դատապարտվել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 30.05.02թ. դատավճռով:

Իրավաբաններն այս պատճառաբանությունները, որոնցով դատարանները նույն պահանջն առնվազն երեք անգամ քննելիս բավարարել կամ մերժել են 40 հազար դոլարի հայցապահանջը՝ անեկդոտների շարքին են դասում: Գտնում են, որ դատավորների նշած պատճառաբանությունները չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով փոխառության պայմանագրի համար սահմանված պահանջներից: Այսպես, առաջին ատյանի դատարանը պահանջը մերժել է, գտնելով, որ «Փյունիկ-Մակմիլան» համատեղ ձեռնարկության կանոնադրության 28 կետի համաձայն, «գործադիր տնօրենը միանձնյա կարող է գործարք կնքել մինչեւ 30 հազար ԱՄՆ դոլար գումարի սահմաններում», սակայն տնօրենը 40 հազար դոլարի փոխառության պայմանագիր է կնքել: Երկրորդ ատյանն անհիմն է համարել առաջինի մերժման պատճառաբանությունը՝ «դատաքննությամբ նման ապացույցներ չներկայացվեցին, որ Արմեն Հակոբյանը գիտեր կամ պետք է իմանար նշված ընկերության կանոնադրության պահանջների մասին: Ավելին, դատաքննությամբ հիմնավորվեց, որ Ա. Հակոբյանը չգիտեր եւ չէր կարող իմանալ նշված պահանջների մասին»:

Արմեն Հակոբյանը 13.08.2002թ.-ին վերստին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով վերաքննիչ դատարանի վճիռը: Այս անգամ, սակայն, բողոքը վերադարձրել են պատճառաբանելով, որ նա չի վճարել պետտուրքը: Բողոքը վերադարձրել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերի պալատի ավագ խորհրդատու Արմեն Հարությունյանը՝ առանց անդրադառնալու բողոք բերողի միջնորդությանը՝ «տարաժամկետել պետական տուրքի մուծումը եւ այն գանձել վճիռ կայացնելու հետ մեկտեղ»: Ի դեպ, վճռաբեկ դատարանը միշտ չէ, որ անտեսում է նման միջնորդությունները: Քաղ. եւ տնտ. գործերի պալատն օրինակ, ընդառաջել էր նույն գործով պատասխանող «Փյունիկ-Մակմիլանի» խնդրանքին՝ «պետտուրքի վճարումը հետաձգել մինչեւ Ձեր կողմից որոշման կատարման ավարտը» եւ քննել էր բողոքը:

Ճիշտ է, քրեական գործով դատաքննությունն իրականացրած երկու ատյանները ՀՀ քր. օր.-ի 89 հոդ. 4-րդ մասով` խարդախությամբ գումարներ հափշտակելու դրվագներով առաջադրված մեղադրանքներում թեպետ անմեղ են ճանաչել Լ. Մկրյանին, սակայն առանց պատճառաբանական մասի, որից հնարավոր լիներ հետեւություն անել, թե ինչ ապացույցներ են գնահատել նման եզրահանգման համար: Նույնքան անտրամաբանական է դատավճռից դժգոհ մնացած մեղադրող կողմի բողոքի պատճառաբանությունը: Նրանք պայմանագրերի կեղծ լինելու հիմնական պատճառ են նշել այն, որ «Փյունիկ-Մակմիլան» համատեղ ձեռնարկության ղեկավարությունը տեղյակ չի եղել նախորդ տնօրենի կնքած պայմանագրերից: Խնդրել են բեկանել Լ. Մկրյանին անմեղ ճանաչելու մասը, սակայն քրեական գործը քննող երկու ատյաններն էլ դատավճիռը թողել են անփոփոխ:

Այսպիսով, թեպետ քաղաքացիական գործերով քննության ժամանակ դատարանը Ա. Հակոբյանի 40 հազար դոլարի պահանջը պայմանավորել է քրեական գործի քննությամբ, սակայն դատաքննությամբ դատական երեք ատյաններն այդպես էլ չեն պարզել՝ փոխառության պայմանագրերով գումարներ տրվե՞լ է, թե՞ ոչ: Քաղ. գործերով վերաքննիչ դատարանը հենց այդ միտքն էլ դրել է իր մերժման հիմքում եւ վճռել, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր անունից վերցրած գումարների համար: Իրավաբանները գնահատելով դատարանի այս մեկնաբանությունը, նշում են, որ եթե դատավորները որոշել են նման լուծումով ավարտել այսօրինակ վեճերը, ուրեմն դրանից առաջ պետք է «ռեգրեսիվ հայցի» իրավունքը ջնջեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքից: Տվյալ դեպքում, ռեգրեսիվ հայցով ձեռնարկությունը կարող էր տնօրենից բռնագանձել գումարը, եթե նա, իրոք, առանց իր գիտության էր կնքել փոխառության պայմանագիրը:

Արմեն Հակոբյանն իր պահանջը պնդում է՝ ասելով. «Իմ եւ նախկին գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագրային գումարը՝ 40 հազար ԱՄՆ դոլարը, չի յուրացվել, դրա համար նա չի դատապարտվել: Ես դատական պաշտպանության եմ դիմել այն բանի համար, որ պատասխանող կազմակերպությունը իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել: Ինչ վերաբերում է գումարները դրամարկղ մուտք անելուն, ապա դա պատասխանող կազմակերպության խնդիրն է, ոչ թե՝ իմ, քանի որ ես օրինական կարգով պայմանագիր եմ կնքել»:

Ավելին, նա պնդում է, որ գումարները Լ. Մկրյանը վերցրել է հրատարակչության ղեկավարության գիտությամբ ու համաձայնությամբ: «Հրատարակչության նախկին գործադիր տնօրեն Լ. Մկրյանը դատարանում վերահաստատել է, որ գումար եմ ներդրել, ներկայիս գործադիր տնօրեն Ալլա Հարությունյանն ընդունել է, որ ներդրել եմ, ինքն էլ 98թ. պայմանագիրը թարգմանել ու ուղարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ք. Հարիսոնին: (Մակմիլան Արմենիա ՓԲԸ-ն հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն է: Բաժնետերերը երեքն են` «Հրատարակչատուն Փյունիկ»` 2% բաժնեմասով, «Մակմիլան Լիմիթեդ»` 70% եւ Ալլա Հարությունյան` 28%): Բայց, 2001թ. հանկարծ հրատարակչության գործադիր տնօրեն Ա. Հարությունյանը որոշեց դիմում ուղարկել դատարան, որ Լ. Մկրյանը կալանքից ազատվելուց հետո է գրել պայմանագիրը»,- ասում է Արմեն Հակոբյանը: Վերջինս պատմեց, որ Լ. Մկրյանի կալանավորվելուց հետո ինքը դիմել է Հարիսոնին` գումարը ետ ստանալու պահանջով: Վերջինս չի հրաժարվել, առաջարկել է իր մոտ այդ պահին եղած 900 դոլարը, եթե ուզում է՝ վերցնի, մնացածը հետո կտա կամ՝ ավելի ուշ կտա ամբողջական: Ինքը նախընտրել է երկրորդ տարբերակը, բայց հետագայում Ք. Հարիսոնը հրաժարվել է:

 Իսկ հրատարակչության կատարած ծախսերի ու դրամարկղ մուտք եղած գումարների անհամապատասխանության մասին քննիչին բացատրություններ է տվել ձեռնարկության ֆինանսական մենեջեր Արա Խաչատրյանը: «Ֆինանսական բոլոր հաշվետվությունները համաձայնեցված են եղել Լեւոն Մկրյանի եւ Ալլա Հարությունյանի հետ: Իմ կողմից նրանց եւ անգլիացիներին, վերջիններիս` գրավոր, տեղյակ եմ պահել, որ այդ աղյուսակներում կան ծախսեր, որոնք փաստաթղթերով հիմնավորված չեն: Սակայն, ինչպես Մկրյանն ու Հարությունյանը, այնպես էլ անգլիական կողմի ղեկավար Հարիսոնը, ինձ բանավոր ասել են, որ այդ հարցը, այսինքն չհիմնավորված ծախսերը, ինձ չի վերաբերում: Այս մեթոդով շարունակում ենք աշխատել առայսօր, այսինքն՝ 98թ. դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ Ալլա Հարությունյանի ֆինանսական տնօրեն նշանակվելուց 8, իսկ գործադիր տնօրեն դառնալուց 2 ամիս անց»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ