Երեքշաբթի, 28 մարտի

Էլեկտրոնային առողջապահությունն ու պացիենտի գաղտնիության իրավունքը. ինչպես են պահպանվում մեր առողջական վիճակի մասին տեղեկությունները



Օրենսդրությունը թերի է, ներքին կարգավորումները չեն գործում

Երբ 2015թ. հուլիսին Human Rights Watch («ՀՅՈՒՄՆ ՐԱՅԹՍ ՎՈՏՉ») կազմակերպությունը հրապարակեց «Քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում» թեմայով իր զեկույցը, հասարակությունը վրդովվեց՝ տեղեկանալով, որ պոլիկլինիկաների ուռուցքաբանները ամենամսյա գրավոր տեղեկանքներ են ներկայացնում ոստիկանությանն ափիոնային ցավազրկող դեղեր ստացող հիվանդների վերաբերյալ: Խախտելով պացիենտի գաղտնիության իրավունքը՝ այդ տեղեկանքները ներառում են պացիենտի անունը, ազգանունը, հասցեն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ախտորոշումը, նշանակված դեղաչափը և դեղատոմսը վերցնող անձի անունը և այլ տվյալները:

HRW-ի գնահատականով՝ թեպետ ոստիկանությունը և իրավապահ այլ մարմիններն իրավաչափ շահ են հետապնդում, որպեսզի բացառեն ափիոնային ցավազրկող դեղերի մուտքը սև շուկա, սակայն առողջության իրավունքի շրջանակում անձը պաշտպանված է բժշկական պատշաճ գործունեության նկատմամբ անհարկի միջամտությունից: «Մասնավոր գաղտնիքի իրավունքի պայմաններում իրավապահ մարմինների պաշտոնյաները չեն կարող հիվանդանոցներից, կլինիկաներից կամ դեղատներից մշտապես գաղտնի բժշկական տեղեկություններ պահանջել ափիոնային ցավազրկող դեղեր ստացող պացիենտների վերաբերյալ: Նշանակման և տրամադրման գործընթացի նկատմամբ ոստիկանական հսկողությունը խիստ է, ներխուժող, և վախի ու տագնապի զգացում է առաջացնում ուռուցքաբանների և դեղագործների շրջանում»,- եզրակացրել էր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Նման հետազոտություն ավելի վաղ՝ 2013-ին, կատարել էր նաեւ տեղական «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն: ՀԿ-ի ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը հաստատում է՝ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի խախտումը շատ տարածված է քաղցկեղով հիվանդների պարագայում. «Ուսումնասիրությունների ընթացքում ականատես եղանք մի փաստի, երբ պացիենտների մեծ մասը տեղյակ չէ իր ախտորոշման մասին, բայց ամբողջ քաղաքը տեղյակ է»: Կենտրոնը փորձել է պարզել, թե ինչ իրավական ակտի հիման վրա է ոստիկանությունը բուժհաստատություններից պացիենտների մասին տեղեկություններ պահանջում: «Հարցում արեցինք պոլիկլինիկաներին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են քաղցկեղով հիվանդների տվյալները տրամադրում ոստիկանությանը, ոչ մի պատասխան չստացանք: Ոստիկանության ասելով՝ դրանք ներքին կարգավորումներ են, որոնք հասանելի չեն իրավական ակտերի հրապարակային կայքերում»,- այս տարվա օգոստոսի 30-ին «Բուժհաստատություններում քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության ապահովումը եւ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Վիոլետա Զոփունյանը:

«Համաձայն  ՀՀ կառավարության 18.03.2010թ-ի  N 270-Ն որոշման՝ ափիոնային դեղորայք ստացող հիվանդների մասին գրավոր տեղեկատվություն ենք հայտնում ՀՀ ոստիկանություն: Հիվանդի մահանալու դեպքում, երբ առկա են ափիոնային դեղորայքի չօգտագործված սրվակներ՝ ոչնչացվում են, որին մասնակցում է ոստիկանության ներկայացուցիչը»,- մեզ հետ զրույցում ասում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի ամբուլատոր գծով տեղակալ Ռենիկ Հարությունյանը:

Վիոլետա Զոփունյանը պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի խախտման այլ դրսեւորումներ է մատնաշում. «ՄԻԱՎ-ով ախտորոշված անձանց իրավունքը խախտվում է, երբ նրանք դիմում են բուժհաստատություն այլ հիվանդության հետ կապված բուժծառայություն ստանալու եւ իրենց կարգավիճակը հայտնի է դառնում բոլորին: Իրենց առողջական վիճակի պատճառով հետագայում նրանք խտրականության զոհ են դառնում, արժանանում հասարակության խարանին»,- ասում է Վ. Զոփունյանը:

Հետազոտողները ուշադրություն են հրավիրում հիմնականում բնակչության «խոցելի» խմբերի իրավունքների խախտման վրա, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց օգտագործողները, հոգեկան առողջության խնդիրներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն, սակայն առօրյայում նման խմբերում չընդգրկվածների իրավունքներն էլ են խախտվում։ «Գինեկոլոգիական սենյակներում սպասարկում են միաժամանակ մեկից ավելի պացիենտի, եւ մեկը մյուսի մասին ինֆորմացիան լսում է եւ տեղեկանում»,- ասում է Վ. Զոփունյանը: Նա օրինակ է բերում նաեւ վիրահատությունները կամ այնպիսի հետազոտությունները, որոնց, բուժող բժշկից բացի, մասնակցում են բժշկական համալսարանի օրդինատորները:

Զոփունյանի կարծիքով՝ այս հիմնահարցերը Հայաստանում ծագել են, որովհետեւ չեն ստացել օրենսդրական հստակ կարգավորում։ Թեեւ ՀՀ-ն վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցով պարտավորվել է պաշտպանել տվյալների գաղտնիության իրավունքը, անձի առողջական վիճակի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ են նախատեսված նաեւ ներպետական օրենսդրությամբ (փոփոխված Սահմանադրության 34 հոդված, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, հոդված 3 «Բնակչության առողջության եւ բժշկական սպասարկման մասին» օրենք, հոդված 5, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, հոդված 4 եւ այլն), չի կարելի ասել, որ դրանք լավագույնս կարգավորում են այս հարցը:

ԶԼՄ-ներում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ մարդու անունով եւ ազգանունով գրված է, թե որ բուժհաստատություն է դիմել, ինչ առողջական վիճակում, տեսանյութեր, լուսանկարներ, որտեղ ակնհայտ ձեւով երեւում են պացիենտի առողջական խնդիրները: «Նույնիսկ բուժհաստատություն դիմելու փաստը պետք է գաղտնի լինի: Ախտորոշման, բուժման մեթոդների մասին ամբողջ տեղեկատվությունը համարվում է գաղտնի»,- ասում է «Իրավունքի զարգացման կենտրոն»-ի ծրագրի տնօրենը:

Խախտումների պատճառ նա համարում է այն, որ «մեր օրենքները չեն առանձնացնում բժշկական գաղտնիք եզրույթը»: «Բժշկական տեղեկատվության տիրապետողն ունի պարտավորություն այն գաղտնի պահելու, բայց այստեղ իրավական ձեւակերպման խնդիր ունենք: Բուժսպասարկում իրականացնող կարող է լինել եւ՛ բուժհաստատությունը, եւ՛ բժիշկը, մայրապետը, քույրը: Բայց պատասխանատվության դեպքում նրանցից ո՞ւմ պետք է ուղղենք բողոքը, եթե օրենքում ընդհանուր ենք նկարագրում բժշկական սպասարկում իրականացնելը»,- հարց է ուղղում Զոփունյանը:

Պացիենտի տվյալների գաղտնիության ոչ պատշաճ պահպանման հնարավոր իրավիճակ է նկարագրում նաեւ «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Ռենիկ Հարությունյանը. «Ճիշտ է, բուժաշխատողները բարեխիղճ են, բայց կարող է ծանոթ բուժքույրը գալ եւ բժշկից խնդրել որեւէ մեկի ամբուլատոր քարտը: Իհարկե, ըստ կարգի, չպետք է տրվեն, սակայն մարդկային գործոնը որտեղ կա, նման դեպքերը չեն բացառվում»:

«Իրավունքի զարգացման կենտրոն»-ի հետազոտությունը ցույց է տվել, որ բուժհաստատություններում, որպես կանոն, չկան ներքին կանոնակարգեր, որոնցով սահմանված կլինեն պացիենտի տվյալների շարժը և դրանց գաղտնիության ապահովման անհրաժեշտությունը։ Այդ տվյալները մատչելի են բուժհաստատության բոլոր աշխատակիցների համար: Անգամ մայրապետն ազատ մուտք ունի գրանցամատյաններին և կարող է դրանք բուժհաստատության տարածքում շրջանառել:

Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրմամբ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը կհեշտանա:

ԽԱՊԿ վերը նշված քննարկման ժամանակ նման տեսակետ արտահայտեց «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ)  ՓԲԸ-ի ծրագրի ղեկավար Հովհաննես Մինասյանը, որը հանդես եկավ «Էլեկտրոնային առողջապահության ներդրման գործընթացը եւ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը ոլորտում միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու պայմաններում» թեմայով զեկույցով:

2010թ. դեկտեմբերին Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն համակարգում և իրականացնում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքները: 2012թ. նոյեմբերին Կառավարությունը հաստատել է Առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը:

Տեղեկանք 

ԷԿԵՆԳ-ը ՀՀ էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Այն հիմնադրվել է ՀՀ կողմից' ի դեմս ՀՀ կառավարության: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:

ԷԿԵՆԳ-ը միակ լիազորված ընկերությունն է ՀՀ-ում, որը ֆիզիկական անձանց տրամադրում է էլեկտրոնային թվային ստորագրություններ նույնականացման քարտերում, ինչպես նաև զբաղվում նույնականացման քարտերի համակարգի սպասարկմամբ, համակարգում է էլեկտրոնային առողջապահության, պաշտոնական էլեկտրոնային փոստի և այլ նախագծերի ներդրումը:

Տնօրեն՝  Արթուր Թունյան (2015-ից)

2002-2013թթ. – ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն

2014-2015թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

Մամուլում Ա. Թունյանի անունը շրջանառվել է «Դատաիրավական ԾԻԳ»-ում Վերահսկիչ պալատի 2013թ. ստուգումների աղմկահարույց պատմության մեջ: ՎՊ-ն ԾԻԳ-ի կողմից պետությանը հասցված վնասը գնահատել էր 5 մլն դրամ, սակայն ԾԻԳ տնօրեն Արթուր Թունյանը չէր ընդունել դա եւ համարել էր, որ ՎՊ նախագահը սուբյեկտիվ մոտեցում ունի իր անձի եւ իր ղեկավարած հիմնարկի նկատմամբ։

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման նպատակներն են՝ առողջապահության որակի բարձրացումը, գործընթացների օպտիմալացումը, պացիենտների տվյալների պահպանման հուսալիությունը, ծախսարդյունավետությունը, վիճակագրության ձևավորումը և տվյալների հասանելիությունը: Հովհաննես Մինասյանի տեղեկացմամբ՝ միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ պետք է փոխարինի ներկայում կիրառվող թղթային համակարգին։ Նախատեսվում է ստեղծել առանձին օպերատոր-կազմակերպություն՝ համակարգի շահագործումն իրականացնելու համար: Պացիենտի հին տվյալները չեն մուտքագրվի համակարգ. նրա էլեկտրոնային բժշկական քարտի պատմությունը կսկսվի ընթացիկ բժշկական տվյալների մուտքագրումից: Յուրաքանաչյուր պացիենտի համար կբացվի մեկ միասնական էլեկտրոնային բժշկական քարտ, որը հասանելի կլինի համապատասխան մասնագետին՝ անկախ վայրից ու ժամանակից: Մուտքը համակարգ կիրականացվի ID քարտի միջոցով. պացիենտն իր ID քարտով մուտք կգործի անձնական էջ և կթույլատրի բժշկին մտնել այդտեղ։ Բժիշկն էլ իր ID քարտով մուտք կգործի համակարգ: Միայն արտակարգ  դեպքերում հնարավոր կլինի մուտքը համակարգ՝ առանց պացիենտի համաձայնության:

«Առողջապահության ոլորտում բացակայում են հուսալի եւ հավաստի վիճակագրական տվյալներ, որի շնորհիվ քաղաքականություն մշակողները կկարողանան որոշումներ կայացնել: Մենք նույնիսկ ճշգրիտ չգիտենք, թե քանի բժիշկ կա Հայաստանում՝ 20-25 հազար թիվն է շրջանառվում: Երբ անցում կատարվի այս համակարգին, վիճակագրությունը կդառնա ավելի արժանահավատ եւ ավելի թափանցիկ: Պետությունն էլ ավելի արդյունավետ գործիքներ կունենա ոլորտը վերահսկելու եւ կարգավորելու համար: Վերահսկման գործիքների կատարելագործման շնորհիվ կմեծանա բժիշկների պատասխանատվությունը: Կշահեն բոլորը՝ քաղաքացին, բժիշկը, պետությունը»,- վստահեցնում է Հ. Մինասյանը:

Ներդրվելիք համակարգով լուծում կստանան բազմաթիվ խնդիրներ՝ հերթերի կառավարումից մինչեւ բուժման անվտանգության վերահսկողություն: Առողջապահական ծառայություններ մատուցողները հնարավորություն կունենան օպտիմալացնել գործընթացները, ավելի լավ կառավարել անձնակազմը եւ կրճատել ծառայությունների մատուցման ժամանակը եւ ծախսերը: «Հիմա փոքր ծառայության համար պացիենտը ստիպված է բազում դռներ բացել, մեծ գումարներ եւ ժամանակ ծախսել մեկ ծառայություն ստանալու համար, համակարգի ներդրման դեպքում մեկ պատուհանի միջոցով քաղաքացին կկրճատի ժամանակն ու միջոցները»,- համակարգի առավելություններն է ներկայացնում Հ. Մինասյանը:

                     Գործընթացների իրականացումը ներկայումս եւ ծրագրի ներդնումից հետո 

Տեղեկանք

Ծրագրի ստեղծման տեխնիկական աշխատանքներն ավարտելուց հետո 2015թ. հոկտեմբերից Երևանում և ՀՀ մարզերում գործող 5 բուժհաստատություններում իրականացվել է համակարգի պիլոտային փորձարկում։  Դրանում ներառվել են «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրները, Գորիսի բժշկական կենտրոնը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան, Բալահովիտի բժշկական ամբուլատորիան, «Աբովյան» բժշկական կենտրոնը  և «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը։

Փորձարկման նպատակով իրականացվել է ավելի քան 60 բուժաշխատողի ուսուցում։ Ծրագրով իրական ժամանակում սպասարկել են ավելի քան 100 պացիենտի։   

Ռենիկ Հարությունյանը, որը 2015-2016թթ. մասնակցել է համակարգի պիլոտային տեստավորմանը, վստահեցնում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմամբ բժիշկների գործը շատ կհեշտանա, բայցեւ կաճի պատասխանատվությունը: «Ուղեգրող բժիշկը օնլայն կհետեւի, թե իր ուղեգրած պացիենտը որ բժշկի մոտ եղավ եւ ինչ եզրակացություններ ստացվեցին: Դա շատ լավ ծրագիր է թե՛ բժիշկների, թե՛ բնակչության համար: Պացիենտը նույնպես կշահի: Կկիրառվի օնլայն հերթագրում: Պացիենտը օնլայն իր բժշկից ժամ կուզի, բժիշկը կնշանակի, պացիետն իր ժամին կգա եւ չի սպասի: Երկրորդ՝ պացիենտը կտեսնի, թե իր ամբուլատոր քարտում ինչ է գրված, տեղյակ կլինի ամեն ինչին: Մյուս առավելությունն այն է, որ էլեկտրոնային համակարգում, ճիշտ է, կարելի է ուղղումներ անել գրածում, սակայն դա հետ է բերվում եւ երեւում է, թե ի սկզբանե ինչ է գրված եղել: Այսինքն՝ ջնջել ու անհետ կորցնել հնարավոր չէ, ինչպես նախկինում փաստաթղթերը կարող էին կորչել: Բժշկի պատասխանատվությունը մեծանում է՝ ինչ գրեց, մնալու է»,- ասում է բժիշկ Հարությունյանը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի կարծիքով՝ իրավունքի պաշտպանությունը կախված չէ ձեւից՝ «կլինի սեպագի՞ր, թե՞ էլեկտրոնային»:

Տեղեկանք

էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանում իրականացվելու է երեք փուլով:

1-ին փուլ՝ բուժհաստատությունները միանում են համակարգին եւ մուտքագրում իրենց տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների, մատուցվող ծառայությունների մասին տվյալներ:

2-րդ փուլ՝ պացիենտների հոսքի կառավարում՝ հերթ կանգնելու փոխարեն օնլայն ռեժիմով հերթագրում: Այս փուլում ոչ մի առողջապահական տվյալ չի մուտքագրվում:

3-րդ փուլ՝ էլեկտրոնային բժշկական քարտի (ԷԲՔ) բացում: Բժիշկները կսկսեն մուտքագրել պացիենտի տվյալները: Անցումային ժամանակահատվածում բժիշկները զուգահեռ թղթային տարբերակով էլ կգրանցեն, մինչեւ բոլոր բուժաշխատողները վերապատրաստվեն եւ անցնեն էլ. համակարգի կիրառմանը: 

Օնլայն առողջապահությունը կգործի՝ ինչպես օնլայն բանկինգը

Քանի որ առողջապահության էլեկտրոնային համակարգը գործելու է իրական ժամանակում՝ օնլայն, մտահոգություններ կան, որ պացիենտի տվյալները կարող են հասանելի դառնալ այլ անձանց հաքերների կողմից այդ համակարգը կոտրելու կամ այլ եղանակով: Տվյալների անվտանգության երաշխավորման առնչությամբ մտահոգություններին ի պատասխան՝ Հովհաննես Մինասյանն ասում է, որ ծրագիրն իրականացրել է «Էրիքսոն» ընկերության խորվաթական գրասենյակը, որն Արեւելյան Եվրոպայի երկրներում այդ համակարգը հաջողությամբ ներդրել է 15-20 տարի առաջ: «Անվտանգությունը «Էրիքսոն»-ի առաջնահերթություններից մեկն է, եւ լուրջ գործիքներ կան պաշտպանությունը բարձր մակարդակով ապահովելու: Բոլորը համակարգ կարող են մուտք գործել ID քարտերով: Տեղեկատվական անվտանգության կիրառվող ստանդարտը այս քարտերում աշխարհում ամենահուսալին է: ID-ն ունի այլ առավելություններ՝ չկա մի տեխնոլոգիա՝ քարտը կոտրելու եւ համակարգ մուտք գործելու համար: Այդպիսով կարող ենք ապահովել իդենտիֆիկացիան եւ իմանալ, թե ով է մուտք գործել համակարգ: Մյուս կողմից՝ անձնական տվյալների կառավարումը լինելու է պացիենտի գործը՝ ինքն է որոշելու, թե ով, երբ, ինչ եղանակով եւ ինչ տվյալներ է տեսնելու»,- բացատրում է Մինասյանը:

Ըստ նախագծման՝ կա անվտանգության կառավարման հնարավորություն ԷԲՔ-ում (էլեկտրոնային բժշկական քարտ): Օրինակ՝ բժիշկը մուտք ունի, բայց պացիենտը, ստանալով ծանուցում, պիտի քարտը վավերացնի՝ բժշկին թույլ տալու համար մուտք գործել: Համակարգում կա PIN կոդի, թղթային համաձայնության կամ մեկանգամյա SMS հաղորդագրության հնարավորություն այն դեպքում, երբ պացինետը չի կարող մոտենալ հիվանդանոց: Մուտք գործողը ծանուցում է տեսնում, որ սա պաշտպանված տեղեկատվություն է, եւ ինքը պատասխանատվություն է կրելու: Առանց պացիենտի համաձայնության միայն մեկ դեպքում՝ արտակարգ պատահարի պարագայում, եթե պացիենտն անգիտակից է, բժիշկը կարող է մուտք գործել համակարգ: «Պացիենտը կարող է փակել բժշկի մուտքը համակարգ նույնիսկ այդ դեպքերի համար, բայց այս պարագայում ինքն է պատասխանատվություն կրում սխալ բուժման համար»,- ասում է «ԷԿԵՆԳ»-ի ներկայացուցիչը:

Ծանուցման ձեւը նախնական է, այն կլրացվի համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո

Այս համակարգը տեխնիկական առումով նա համեմատում է օնլայն բանկինգի հետ. «Այստեղ ներդրված են նույն տեխնոլոգիաները, անվտանգության նույն մեխանիզմները: Ռիսկը միշտ էլ կարող է լինել, բայց պետք է գնահատել՝ ռի՞սկը, թե՞ բարեփոխման բերած առավելությունները»:

Մինասյանի հավաստիացումները չեն փարատում համակարգի հուսալիության առնչությամբ եղած կասկածները:

«Կոռեկտ չէ համեմատել այս երկու համակարգերը»,- ասում է անկախ փորձագետ Անդրանիկ Մարկոսյանը:

«Առողջապահական տեղեկատվությունը ավելի կարեւոր է, քան ֆինանսականը»,- հավելում է Վիոլետա Զոփունյանը:

Մինասյանը հավաստիացնում է՝ համակարգը սպասարկող կազմակերպությունը, որը շուտով հիմնադրվելու է, ունենալու է անվտանգության ստորաբաժանում, որը վերահսկելու է, թե ով, երբ ու ինչպես է մուտք գործելու համակարգ, կլինեն նաեւ սանկցիաներ եւ կարգավորումներ՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնումը կարող է է՛լ ավելի խոցելի դարձնել մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքի պահպանումը։ «Այսօր անգամ այն բանի իրավական հիմքերը չկան, որ մեկն ընկնում է, դիմում է հիվանդանոց, հիվանդանոցն անմիջապես այդ տվյալը հաղորդում է ոստիկանությանը: Դրա համար կասկածներ կան նաեւ այս համակարգի ներդրման առնչությամբ, ոչ մի երաշխիք չկա, որ ոստիկանությունը չի դիմի «ԷԿԵՆԳ»-ին կամ համակարգը սպասարկող օպերատորին ու ասի՝ տրամադրիր տվյալները»:

Ամիրյանը համոզված է՝ ոչինչ չի ստացվի եւ օրինակ է բերում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի պարզեցումը, որի նպատակով որոշվեց, որ վարորդական իրավունք ձեռք բերելու համար ՀՀ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի առողջության վերաբերյալ տեղեկանք («պսիխո») ներկայացնել: «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի եւ հոգեբուժարանի բոլոր տվյալները տվեցին ոստիկանությանը: Գնում ես ՃՈ, սպասասրահում նստած ես, զանգում են հարցնում՝ մի հատ էս մարդու անունը նայի կա՞ նարկոյի ցուցակում: Այս ֆոնին ուզում են ներդնել մի համակարգ, որի հիմնավորումն է՝ համաչափ քայլել ժամանակակից աշխարհում: Ինչպե՞ս ենք երաշխավորում քաղաքացու տվյալների պաշտպանության հարցը, երբ ոստիկանությանն առանց իրավական կարգավորման տրվում են մարդկանց անհատական տվյալները»,- հարցնում է Ամիրյանը:

Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս, «ԷԿԵՆԳ»-ի պիլոտային ծրագրի պատասխանատու Լուսինե Դանիելյանը հակադարձում է՝ միեւնույն է հիմա առանց այդ ծրագրի էլ ոստիկանությունը դիմում է եւ ստանում: 

«Էլ ինչու՞ ենք այս ծրագրի համար 2 մլն դոլար վճարում ու դրա տոկոսը, եթե պիտի ստեղծենք մի համակարգ, որն ավելի հեշտ եւ կենտրոնացված ձեւով հասանելի կդարձնի մեր տվյալները»,- կրկին հարցնում է Դավիթ Ամիրյանը:

Հովհաննես Մինասյանը համաձայն է՝ մինչ համակարգի ներդնումը պետք է ապահովվի համապատասխան իրավական բազան: Իսկ ֆինանսական եւ կադրային խնդիրների լուծման դեպքում ծրագրի հաջողությանը նա չի կասկածում՝ նախատիպը էստոնական eHealth (էլեկտրոնային առողջապահություն) համակարգն է, որն էլ իրենք ուսումնասիրել են Հայաստանի համար ծրագիրը մշակելուց առաջ:

Տեղեկանք  

eHealth Estonia

2007-2013թթ. ԵՄ-ն Էստոնիային է տրամադրել 3.4 մլրդ եվրոյի (շուրջ 3.8 մլրդ ԱՄՆ դոլար) կառուցվածքային օգնություն: Էստոնական eHealth հիմնադրամը օգտագործել է ԵՄ կառուցվածքային ֆոնդերը՝ չորս ազգային eHealth նախագծեր զարգացնելու համար: 2005-2008թթ. eHealth հիմնադրամը կենտրոնացել է առողջապահական էլեկտրոնային գրանցումների, թվանշային գրանցման, թվանշային պատկերների և թվանշային դեղատոմսերի վրա:

Այսօր Էստոնիայի առողջապահության ոլորտի ավելի քան 10 000 մասնագետներ են օգտվում համակարգից, որն ընդգրկում է 1,3 մլն մարդկանց առողջապահական գրառումները: Ամեն ամիս 500 000-ից ավելի հարցում է արվում համակարգում առողջապահության մասնագետների կողմից և 300 000-ից ավելի՝ բուժվողների կողմից:

2009-ին Էստոնիայի կողմից իրենց Առողջապահական ինֆորմացիայի փոխանակությունը (ԱԻՓ) իրագործելուց ի վեր այն մեծ հաջողություն է ունեցել: ԱԻՓ-ն օգտագործվում է երկրի բնակչության ավելի քան 98%-ի կողմից, և առողջապահական ծախսերը նվազել են ՀՆԱ-ի 6%-ի չափով՝ դարձնելով այն ամենածախսարդյունավետը: Դեղատոմսերի 99,5%-ը դուրս է գրվում առցանց՝ ePrescription-ի միջոցով: Ընդունելով, որ բուժվողներն իրենց առողջապահական ինֆորմացիայի մեծ մասը ստանում են առցանց, eClinic-ը օգտվողներին տրամադրում է առցանց տեղեկություն բժիշկների, բուժքույրերի և բժշկական ոլորտի մասնագետների կողմից: Օգտվող/բուժվողները, ունենալով տեղեկությունը, խնայում են ժամանակի 80%-ը՝ աստիճանաբար նվազեցնելով առողջապահական ծախսերը:

ԱԻՓ-ը արժեցել է 10 միլիոն եվրո կամ 7.5 եվրո՝ ամեն քաղաքացու հաշվով:

Ծրագիրը կա, բայց գումար առայժմ չկա

էլեկտրոնային առողջապահության համակարգը մշակվել է Համաշխարհային բանկի տրամադրած «Հանրային սեկտորի բարեփոխումներ» վարկային ծրագրի շրջանակներում եւ արժեցել է 2 մլն դոլար: Հ. Մինասյանի տեղեկացմամբ՝ 1 մլն դոլար կազմել է համակարգի զուտ ծրագրային մասը, 1 մլն դոլար էլ՝ սարքավորումները: 2015թ. ԷԿԵՆԳ-ն իրականացրել է պիլոտային փորձարկում, որից հետո որոշվել է համակարգը ներդնել երկրի ամբողջ տարածքում՝ 1-1.5 տարվա ընթացքում: Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ ֆինանսական միջոցներ եւ որտեղից են ներգրավելու այս համակարգի ամբողջական ներդրման համար: Ըստ Հ. Մինասյանի՝ ներկայում քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարության, Առողջապահության նախարարության ու «ԷԿԵՆԳ»-ի միջև, թե ինչ ռազմավարությամբ, ինչ ժամանակացույցով և ինչ ֆինանսական միջոցներով պետք է իրականացվի համակարգի ներդնումը։ Մենք Առողջապահության նախարարությունից հետաքրքվեցինք՝ կա՞ն, արդյոք, հաշվարկներ, թե որքան կարժենա այս համակարգի ներդնումը ամբողջ հանրապետությունում: Նախարարությունը պատասխանը ստանալու համար մեզ ուղղորդեց ԷԿԵՆԳ ՓԲԸ: Ընկերության ծրագրի ղեկավար Հովհաննես Մինասյանը մեզ բանավոր հայտնեց. «Համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը և բիզնես քեյսը ներկայումս քննարկումների և մշակման փուլում են։ Ուստի, այս պահին որևէ հստակ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

Ակնհայտ է, որ անհրաժեշտ են լինելու ահռելի ֆինանսական միջոցներ ծրագիրը շահագործելու համար. Հայաստանի բոլոր բուժհաստատությունները պետք է ապահովվեն համակարգիչներով, ինտերնետ կապով, բոլոր բուժաշխատողները՝ բժիշկներից մինչեւ լաբորատոր-գործիքային հետազոտություն իրականացնողներ, պետք է վերապատրաստվեն եւ այլն:

«Ծախսվել է 2 մլն դոլար, որի ապագան հայտնի չէ»,- եզրակացնում է Դավիթ Ամիրյանը:

Էլ. առողջապահության համակարգի նախատիպի լուսանկարները տրամադրել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, դրանք նախնական են:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ա.Հ.Ռուբեն00:01 - 8 մարտի, 2017
Դա արվում է, որպեսզի ավտոմատ գտնել տվյալների բազայի մեջ օպտիմա; դոնորին հիվանդ VIP-պետչինովնիկների համար: Դրանով նաև շատ դեպքերում հնարավոր է պարզել, թե ով է խելացի և վտանգ ներկայացնում արտաքին դեստրուկտիվ կառույցների-քաղաքական մաֆիայի համար, որոնք գաղտնի իշխում են Արևմուտքում: Եվ դա պարզելու են հզոր համակարգիչների միջոցով, ստուգելով ավտոմատ բոլոր անկետաները: Եվ ակնհայտ է-համակագը հեշտությամբ հաքերները կոտրելու են: Այսպիսով նախագիծը շատ վտանգավոր է և Հայաստանի արտաքին պարտքը դրա պատճառով շատ ուժեղ աճելու է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ