HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Տասը տարի առաջ զոհվեց Մոնթե Մելքոնյանը

Տասը տարի առաջ էր` 1993թ. հունիսի 12-ին: Վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Ադրբեջանի Աղդամի շրջանի մի քանի գյուղերում տեղակայված ռազմական հենակետերի ոչնչացման գործողությունը: Ամեն ինչ հաջող էր ընթանում: Կեսօրին գործողությունն ավարտված էր: Մոնթեն, Կոմիտասը, Սարիբեկը, Սարոն, Հովիկը եւ Գեւորգը «Վիլիսով» մտան Մարզիլի գյուղ: Տարածքը զննելուց հետո նրանք պետք է որոշեին նոր դիրքերի տեղերը: Խաչմերուկում զրահամեքենա նկատելով` «Վիլիսը» կանգնեց: Մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող զրահամեքենայի շուրջ խմբված էին զինվորներ: Կոմիտասը, որ ադրբեջանական զինվորական համազգեստով էր, դուրս եկավ մեքենայից, քայլեց նրանց ուղղությամբ: Նա գոռաց` հայե՞ր եք: Դիմացինները ադրբեջաներենով պատասխանեցին` ոչ: Կոմիտասը հետո պատմում էր. հարցնելու պահին արդեն գիտեր, որ թշնամու զինվորներն են: Նա կրակելով ետ քաշվեց: Մեքենայում գտնվողները դուրս նետվեցին եւ կրակելով սկսեցին դիրքավորվել: Թշնամու ավտոմատավորներին միացավ զրահամեքենայի խոշոր տրամաչափի գնդացիրը: Առաջին կրակոցի ժամանակ տղաները պառկած էին: Մոնթեն վազեց դեպի կողքի տան պատը: Լսվեց գնդացրի երկրորդ կրակոցը: Կպել էր պատին... Բեկորի մի մեծ կտոր մխրճվել էր Մոնթեի գլխի մեջ: Տղաներից չորսն արդեն վիրավոր էին: Հովիկը Մոնթեին գրկած` ռացիայով օգնություն կանչեց. 00-ն չկա, 00-ին խփել են... Հրամանատարի կողքին դիրքավորվելով` նրանք շարունակեցին դիմադրել: Օգնության հասած ուժերը ադրբեջանական ջոկատին ոչնչացրին, ադրբեջանցի զինվորներից մեկին գերի վերցրին: Հետախուզության պետը` Սարիբեկ Մարտիրոսյաննն արդեն արյունաքամ էր եւ հիվանդանոց հասցնելուն պես մահացավ:

Թե ինչպես ադրբեջանցիների այդ ջոկատը հայտնվեց Մարզիլի գյուղի այդ հատվածում, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Մեր զինվորները այդ մասով անցել էին դեպքից մի քանի ժամ առաջ: Ոմանց կարծիքով փախչող ադրբեջանցիները մոլորվել էին եւ չգիտեին ինչ անել:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին Կալիֆորնիայի Վայսիլիա քաղաքում: 1978-ին ավարտելով Բըրքլիի համալսարանը, մեկնել է միացյալ նահանգներից: 1980-ից մասնակցել է սփյուռքում տարվող ազատագրական պայքարին, ընդգրկվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ) մեջ: Հետագայում քաղաքական եւ գործելակերպի շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀԱՀԳԲ-ից եւ մի խումբ ընկերների հետ հիմնեց ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժումը: Տարիներ շարունակ եղել է ընդհատակում եւ ազատազրկման մեջ: 1991-ից մինչեւ կյանքի վերջը պայքարեց Արցախի ազատագրման համար:

Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի

1992թ. հոկտեմբերի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին շրջանի Ամիրանլար, Մուղանլու, Կուրապատկինո գյուղերը: Ադրբեջանաբնակ այս գյուղերում վաղուց խաղաղ բնակչություն չկար: Դրանք վերածվել էին ռազմական հզոր հենակետերի, որտեղից ամեն օր գնդակոծվում էին Մարտունի քաղաքը եւ հարակից գյուղերը: Ռազմական գործողությունը ղեկավարում էր Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: Ներկայացնում ենք գործողության հաջորդ օրը անցկացրած հարցազրույցը հրամանատար Մ.Մելքոնյանի հետ:

- Երեկ մեծ հաղթանակ տարաք: Ռազմական եւ հոգեբանական ի՞նչ նշանակություն ունի այս երեք գյուղերի ազատագրումը:

 - Ասում ես մեծ հաղթանակ է, բայց իրականում մեր շրջանի կարեւոր մի մասը ազերիների ձեռքում է, նրանց բանակն է իշխում այդ տարածքների վրա: Խորհրդային բանակը, որ այստեղ էր, պահում էր այդ տարածքները: Հեռանալուց առաջ դրանք հանձնեց ադրբեջանցիներին: 9 ամսվա ընթացքում ահա այս տարածքներից անընդհատ ռմբակոծում էին. շատ զոհեր ունեցանք: Բնակչությունը անհանգիստ էր. տնտեսությունը ամբողջովին խաթարվել էր: Այս գյուղերը ամեն գնով պետք է գրավեինք: Բայց պետք է հասկանանք նաեւ, որ գրավեցինք այն, ինչ այս շրջանին էր պատկանում: Շրջանից դեռ ուրիշ տարածքներ էլ կան նրանց ձեռքում: Ուրեմն տակավին շատ գործ ունենք: Մեկ ամիս առաջ Ավդալ-Գյուլափլու մտանք ու դրանք էլ ազատագրեցինք: Այդ գյուղերից անընդհատ ռմբահարվում էր Ավդուռն ու Նոր շենը: Դրանք գրեթե ամբողջովին ավերված են, եւ հիմա արդեն ուզում ենք վերականգնել: Այս վերջին մեկ ամսվա ընթացքում անընդմեջ հարձակվել են տարբեր ուղղություններով: Եվ ամեն անգամ կարողացել ենք ջարդել նրանց: Հիմա էլ սրանք գրավեցինք: Սպասում ենք հակահարձակման: Ռազմական ի՞նչ նշանակություն ունեն. այս գագաթները, որ գրավեցինք. շատ կարեւոր են շրջանի պաշտպանության համար: Մեր դիրքերն արդեն իշխող են: Այս կողմերից նրանք արդեն չեն կարող գնդակոծել: Հոգեբանական նշանակությունը նորից կարեւոր է, քանի որ շրջանի ժողովուրդը եւ մեր զինվորները ավելի քան երբեք ինքնավստահ են: Դա նաեւ մեր զինվորների կռվի փորձառության հետեւանք է: Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի հոգեբանության վրա, ամբողջ հայերի հոգեբանության վրա: Պետք է իմանան, որ եթե ուժեղ մնան իրենց դիրքերում, կռվեն, հետո խրամատավորվեն եւ խրամատի մեջ մնան, ոչ թե Մարտակերտի պես կռվեն, առաջ գնան, հետո ամեն մեկը ասի` մեր գործը վերջացավ, եւ թողնեն հեռանան: Այս տեսակ ապուշությունների պատճառով մեծ կորուստներ ենք ունեցել, տվել ենք մեր հայրենիքի շատ կարեւոր մասը` Շահումյանն ու Մարտակերտը: Հուսով եմ, որ բոլորի վրա կազդի մեր հաղթանակը եւ մեր աշխատելու ձեւը: Այսինքն` կռվել, առաջ գնալ, խրամատավորվել, պահել:

-Վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ մարտերի մեջ եք, քանի՞ տանկ եք ոչնչացրել, երեկ ինչքա՞ն զենք եք վերցրել:

- Խփել եւ խլել ենք 22 տանկ, 11 զրահամեքենա: Երեկ վերցրինք մեկ տանկ, մեկը խփեցինք` վառվեց, 4 թնդանոթ, 3 հակաօդային զենք, 3 գնդացիր, 48 ավտոմատ: -Ինչքա՞ն զոհ տվեց թշնամին: -50-60 հոգի սպանվեցին, կան վիրավորներ եւ երեք գերի: Դիակները թափված են, պետք է սկսենք թաղել, որ չհոտեն:

- Ի՞նչ է, հակառակորդը չի ուզում տանել դիակները: Կապի մեջ չեն մտնում դրա համար:

 - Առաջ ամեն ինչ անում էին դիակները տանելու համար: Հիմա` ոչ: Մաճկալաշենի վրա հարձակման ժամանակ 120 հոգի սպանվեց: Դիակները թափված էին, սկսեցին հոտել: Կապի մեջ մտանք, ասացինք` եկեք տարեք ձեր դիակները: Ասացին` չենք ուզում: Դրանից հետո մեզ համար պարզ դարձավ, որ այլեւս չեն ուզում դիակները տանել: Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում, որ ժողովուրդն իմանա զոհերի թիվը: Միայն առանձին ընտանիքներ են երբեմն կապի մեջ մտնում եւ խնդրում իրենց երեխաների դիակները: Իշխանությունները չեն ուզում, որովհետեւ խայտառակություն է, որ ամեն օր այսքան դիակ են ուղարկում տուն:

- Իսկ զինադադարի մասին ի՞նչ ես մտածում: Ստորագրվել է փաստաթուղթ: Հնարավո՞ր է այսօր զինադադար:

- Ամենքս գիտենք, թե ինչ է դա: Սեպտեմբերի 25-ին` կեսգիշերին, պայմանավորվածության համաձայն պետք է սկսվեր զինադադարը: Դրանից մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին այդ փաստաթուղթը: Ադրբեջանն այդ փաստաթուղթը ստորագրեց մեկ պատճառով. նրանք մեծ պատրաստություն էին տեսել որպեսզի մինչեւ սեպտեմբերի 25-ը մեզ ճնշեին: Երկու հիմնական նպատակ ունեին. մեկը` Լաչինի ճանապարհը կտրելն էր, մյուսը` մտնել Մարտունու շրջան, հասնել ճանապարհին եւ կտրել Հադրութը Ստեփանակերտից: Որոշել էին մինչեւ զինադադարը մեր թիկունքը կտրել հետո սկսել բանակցությունները, երբ հայերը գրեթե ուժ չէին ունենա: Իրենց բոլոր ծրագրերը ձախողվեցին: Մարտունու շրջանի գրեթե բոլոր ճակատներով հարձակվեցին եւ մեծ հարվածներ ստացան: Մաճկալաշենի ճակատում մեկ օրվա մեջ 10 տանկ, 2 զրահամեքենա խփեցինք: 120 զոհ տվեցին, սպանվեց Ֆիզուլու շրջանի հրամանատարի տեղակալը: Գյուլափլուի ճակատում 6 տանկ, 4 զրահամեքենա խփեցինք, Մարտունու ուղղությամբ հարձակման ժամանակ 3 տանկ գրավեցինք: Բերդաշենի կողմերը մեծ վնասներ տվեցինք: Եւ Լաչինի ճանապարհն էլ չկարողացան կտրել: Երբ որ ժամկետն եկավ, ասացին` չենք կարող ընդունել այս զինադադարը: Ոչ մի անկեղծություն ու լրջություն չկա Ադրբեջանի կողմից այդ զինադադարը հաստատելու համար: Եւ կռիվը պետք է շարունակվի: Մի բան կա, որ իրենք չեն հասկանում: Կռիվը ինչքան շարունակվի, այնքան մենք պիտի հետ գրավենք մեր տարածքները: Մի ուրիշ բան էլ կա: Ադրբեջանի ժողովուրդը շատ խաբված է: Դեռ հավատում է իր իշխանությունների մեծ ստերին: Իրենց երեխաներին ուղարկում են մեր դիմաց, որ ջարդենք: Ադրբեջանի իշխանությունները ամենապստիկ հարգանք չունեն իրենց զինվորների կյանքի հանդեպ: Իրենց ղեկավարները հանգիստ նստում են հետեւում եւ ասում` առաջ գնացեք: Հաճախ նույնիսկ առանց բացատրելու, թե մեր դիրքերն ուր են, ինչ է իրենց դիմացը: Գերիները, որ վերցրել ենք, չգիտեն, թե իրենք որտեղ են կռվում, թե ինչը որտեղ է: Բերել են եւ միանգամից նետել մարտի: Եւ ջարդվում են: Նրանք ասում են, որ եթե չգային միեւնույն է` կգնդակահարեին: Եւ գնդակահարել են: Այդպիսի դեպքեր գերիների վկայությամբ շատ են եղել:

- Մեր սահմանները որտեղո՞վ են անցնելու:

- Նայենք... նայենք... Մարտունին դեռ լրիվ ազատագրված չէ: Դեռ շատ տարածքներ կան, որ նրանց ձեռքում են: Հայաստանը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ ենք: Լուրջ է այս պատերազմը: Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք: Ինչքան կամաց աշխատենք, այնքան դժվար կլինի, ավելի շատ զոհեր կունենանք: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ: Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով: Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք: Բայց պատերազմը այդպես է: Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել եւ միեւնույն ժամանակ պատերազմել, ուրեմն շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք: Այս ամենը չմոռանալով` մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար:

03.10.92թ. Մարտունի

Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը

Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենա-ամենա ազնիվն էր աշխարհում: Իր անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել՝ անձնուրաց, հերոս, ֆանատիկոս: Բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր: Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն: Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ: Պատկերացրեք՝ 35-40 տարեկան ֆիդայի զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար՝ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի ազնվությամբ ու պարզությամբ: Այս կերպարի դեմ խաղ չկա: Սա իր ետեւից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ «Դանկոյի սիրտը» գրված չլիներ. նյութը փչացրել են: Իր կերպարը Մոնթեին շատ բնորոշ է: Կուզեի, որ իր մասին գրվող գործերը սրտիս հզորությունն ունենան: Փառք Աստծո, որ այս առաջին գրքի հեղինակը հավակնոտ չի եւ գրականություն չի շինում: Ականատես ու բախտակից զինակցի աչքերով պատկերներ է ներկայացնում Մոնթեի կյանքից: Դուք ինչպես ուզում եք՝ ընկալեք. իր մասին դեռ շատ են գրելու արժանի ու, ցավոք, անարժան գրիչներ, որոնց նպատակը Մոնթեով իրենց անգույն գոյությունը հրապարակի վրա պահելն է: Ուշադիր լինենք՝ չէժանացնեն:

Ինքը հրաշալի գրիչ ուներ: Մոնթեի նամակներն այսօր արդեն, պատմականից բացի, գրական մեծ արժեք են ներկայացնում: Մի օր, երեւի պատերազմից հետո, բոլորս արխիվներից այդ հրաշալի նամակները կհավաքենք եւ կտպագրենք: Համոզված եմ, որ դա կլինի Մոնթեի մասին ամենաճիշտ եւ լավ գիրքը: Իսկ պատերազմն առայժմ շարունակվում է: Առայժմ Մոնթեին առավելապես փնտրեք իր մտերիմ զինակիցների՝ Հարոյանի, Նեսոյի, Մոսոյի, Մարտիրոսի մեջ: Փնտրենք զարմանալի, ապշելի գեներալ Իվանյանի մեջ, որն, ասես, Ավոյի մեծ եղբայրը, հայրը, կամ հենց ինքը՝ Ավոն, լինի 70 տարեկան հասակում: Իսկ ընդհանրապես Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը հաղթական ավարտին հասցնելը:

Վազգեն Սարգսյան

27 մայիսի, 1994 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter