HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Արագացված բարեփոխումների» միֆը, կամ իշխանության անհաջող շպարը

Սեպտեմբերի 8-ին իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «...Մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն: Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ»:

Դրանից երկու շաբաթ անց, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ իր շնորհավորական ուղերձում նա նշեց, որ  նոր՝ «արագացված» բարեփոխումները սոսկ կադրային փոփոխություններ չեն ենթադրում, այլ համակարգային բարեփոխումներ են՝ «որակապես նոր պետություն» ունենալու նպատակով:  

Փաստորեն, պարզվում է՝ լինում է բարեփոխումների արագացված, հետևաբար՝ նաև միջին կամ դանդաղեցված ընթացք: Մինչ այժմ իշխանությունը պնդում էր, թե մենք բարեփոխումների հարցում շտապելու իրավունք չունենք, որովհետև շտապելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Բայց եթե արագացված բարեփոխումները ոչ միայն վատ չեն, այլև անհրաժեշտություն են, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ էր անում իշխանությունը մինչև հիմա: Բայց սա դեռ թողնենք:

Այսպես կոչված «նոր որակի պետություն» ստեղծելուն ուղղված համակարգային փոփոխությունները, փաստորեն, սկսվում են կադրային և կառավարության կառուցվածքային վերանայումներով: Առաջնահերթությունը տրվում է իշխանության  և կառավարման համակարգի «ֆասադը» փոխելուն, արտաքին նոր իմիջ, կերպար ձեռք բերելուն: Սեպտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը, ով մարմնավորում էր օլիգարխիայի կողմից կառավարման համակարգի ուզուրպացումը: Վարչապետի պաշտոնն առաջարկվեց ավելի շատ հաջողակ մենեջերի համարում ունեցող անձի՝ Կարեն Կարապետյանին, ով հայտարարեց, թե ձևավորելու է պրոֆեսիոնալների, տեխնոկրատների կառավարություն: Գործադիրից հեռացվեցին օլիգարխիայի երկու կարկառուն դեմքերը՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրանց փոխարինեցին խոշոր արտադրական ձեռնարկությունների գլխավոր մենեջերներ: Ամեն ինչից երևում է, որ Կարապետյանը փորձում է ստեղծել այսպես կոչված «կառավարիչների» կառավարություն: Այս շաբաթ կառավարության կաբինետի ձևավորումը կավարտվի:  Գրեթե կարելի է չկասկածել՝ նոր նշանակումները ևս լինելու են այս տրամաբանությամբ:

Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին բազմաթիվ համայնքներում ՀՀԿ-ն պաշտպանեց ոչ թե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ-թեկնածուներին, այլ՝ «ինքնաառաջադրված» անկուսակցականների: Նրանց մեծ մասը հաղթանակներ տարան՝ վկայելով, որ իշխող կուսակցությունը փոխել է մարտավարությունը և ՏԻՄ մակարդակում փորձարկում է այսպես կոչված անկուսակցականի դեմքով իշխանության իրացման հնարավորությունը: Մարտավարություն, որ լիովին տեղավորվում է ապաքաղաքական «մենեջերների» միջոցով կառավարման կոնցեպտի սահմաններում:

Այսինքն՝ առնվազն երկու՝ գործադիր իշխանության և ՏԻՄ մակարդակով տեղի է ունենում իշխանության դիմագծի կտրուկ փոփոխություն. օլիգարխիական, խորշելի, ցինիկ, կիսագրագետ դեմքերին փոխարինում են հանրության համար ընկալելի, առնվազն՝ անծանոթ ֆունկցիոներներ, ինչն ուղղված է իշխանության ոչ ֆորմալ լեգիտիմացմանը: Այս երևույթը թույլ է տալիս ենթադրել, որ Սերժ Սարգսյանը 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն սկզբունքով է փորձելու ձևավորել ՀՀԿ-ի համամասնական ընտրական ցուցակը:

Նման տակտիկա որդեգրելով՝ իշխանությունը փորձում է ցույց տալ երեք բան: Առաջին՝ որ փորձում է ինքնօտարվել մինչ այժմ իշխանական համակարգի շարունակականությունն ու կենսունակությունն ապացուցած ամբիցիոզ կարիերիստների, քրեական, օլիգարխիկ տարրերից, տեղական ֆեոդալներից, իշխանիկներից կամ բդեշխներից: Երկրորդ՝ տպավորություն ստեղծել, թե ունի ոչ թե կուսակցական, այլ համահանրապետական ընդգրկմամբ կադրային ներքին, բովանդակային փոփոխության գնալու և իր դիրքերն այսպես կոչված «պրոֆեսիոնալներին զիջելու» քաղաքական կամք: Ասել է թե՝ ՀՀԿ-ն կառչած չէ իշխանությունից, ինչպիսի համոզմունք ունի հասարակությունը: Երրորդ՝ որ կադրային կոշտ վերանայումներով սկսած համակարգային փոփոխությունների մասին հայտարարությունները ոչ թե չիրականացվող հերթական խոստումների շարքից են, այլ իրականացման մեջ դրված գործողության բաղադրիչներ են, որոնք վկայում են իշխանությունը որակապես արդիականացնելու ցանկության և դրան ՀՀԿ-ի և իշխանական իսթեբլիշմենթի պատրաստ լինելու մասին:

Տեսականորեն չի կարելի բացառել, որ իսկապես խնդիր է դրվել ներքին տրանսֆորմացիայի ենթարկել իշխանությունը և կառավարման համակարգը: Տեսականորեն չի կարելի բացառել նաև, որ անձերից ու դիմափոխությունից սկսելը կարող է արդյունավետ լինել: Ի վերջո, հանրային վստահության և հավատի վերջին նշույլները մսխած, լճացած ու իրենց լիակատար անարդյունավետությունը բազմիցս ապացուցած դեմքերով, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ իրական բարեփոխումներ իրականացնել: Մյուս կողմից՝ ապրիլյան պատերազմը բացահայտեց կառավարման համակարգերի ձախողվածությունը և այն իրողությունը, որ նման համակարգը դարձել է երկրի անվտանգության հիմնական սպառնալիքը:

Իսկ հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հասարակական լայն աջակցությունն ու խմբի անդամների արարքի հերոսացումն առարկայորեն ցույց տվեցին, թե ուր կարող է գլորվել երկիրը՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտության չգիտակցումը: Դրանցից, զուտ տեսականորեն, իշխանությունը կարող էր հետևություններ անել:

Սակայն ամբողջ հարցն այն է՝ որքանո՞վ են իսկապես արվել այդ հետևությունները, և արդյոք գործ չունե՞նք հերթական, առավելապես իշխանության վերարտադրության ապահովագրման տարրական խնդրի լուծմանն ուղղված իմիտացիոն երևույթների հետ:

Եթե այս փոփոխություններն իրական են, ապա դրանք կարող են միայն մեկ հետևանք ունենալ. հանգեցնել ներկայիս ՀՀԿ-ահենք իշխանության կառուցվածքային և գաղափարական ապամոնտաժմանը: Դա, սակայն, հնարավոր է երկու դեպքում: Առաջին՝ երբ իշխանության վերանախավը գալիս է այն համոզման, որ ստեղծված իրավիճակում իր համար լավագույն ելքը անցնցում հեռանալն է կամ գոնե իշխանության մի մասից ինքնակամ հրաժարումը՝ որպես սահուն իշանափոխության մեխանիզմ: Երկրորդ՝ երբ իշխանության իրական կրողը, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը, չկարողանալով իր թիմին համոզել ինքնակամ հեռացման անխուսափելիությունը, ինքն է դուրս գալիս իր քաղաքական ամբողջ հենարանի դեմ՝  փաստացի նախաձեռնելով բառի բուն իմաստով թավշյա սահուն հեղաշրջում: Այս իմաստով ջրբաժանային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի՞նչ դեր է վերապահվելու գործադիր իշխանությունից մեկուսացվող օլիգարխիային, կամ որևէ դեր հատկացվելո՞ւ է ընդհանրապես: Այս հարցի պատասխանը տալիս է նոր ընտրական օրենսգիրքը՝ այսպես կոչված ռեյտինգային կամ տարածքային ցուցակների մեխանիզմի՝ իրականում թաքնված մեծամասնական ընտրակարգի պահպանմամբ:

Կառավարությունից օլիգարխիայի հեռացումը չի նշանակում օլիգարխիայի հեռացում նաև իշխանությունից. կառավարության նկատմամբ նրա՝ մինչ այժմ եղած բացահայտ ազդեցությունը կարող է պարզապես վերածվել ստվերայինի: Օլիգարխիան նույն ինտենսիվությամբ կարող է կատարել առկա այլասերված համակարգի պահպանման և ապահովագրման իր ունեցած ավանդական գործառույթը՝ թեկուզ միայն այն պատճառով, որ առանց այդ համակարգի ինքը գոյություն ունենալ չի կարող: Եվ այս իմաստով իշխանության օրգանիզմի առողջացման, որակապես այլ պետություն ստեղծելու ամենակարևոր չափորոշիչը միշտ լինելու է այն, թե որքանով է օլիգարխիան, տնտեսության արհեստական մոնոպոլացվածությունը շարունակելու գոյություն ունենալ:

Պրոֆեսիոնալների թիմը գրոշի արժեք չի ունենա, եթե շարունակի պետական, վարչական լծակները բացահայտ կամ ստվերային կերպով ծառայեցնել օլիգարխիայի շահերի սպասարկմանը: Դա ավելի վտանգավոր է, քանի որ օլիգարխիայի շահերի սպասարկումը և պետության զոհաբերումը դրան իրականացվելու է ոչ թե «կացնային» ձևով, այլ պրոֆեսիոնալ կառավարիչների ձեռքերով՝ հմտորեն:

Իսկ Կարեն Կարապետյանը մինչև նոր կառավարության ձևավորումն արդեն երեք անգամ անուղղակի հաստատել է, որ չնայած համակարգի դիմափոխության ներկայիս ինտենսիվ գործընթացին՝ ինքը և իր դեռ չձևավորված կաբինետը պատրաստ չեն իրական խորքային և համակարգաստեղծ փոփոխությունների: Առաջին խոստովանությունն այն էր, երբ հայտարարեց, որ նախկին վարչապետը՝ երկրի հիմնական օլիգարխներից մեկը, իր ընկերն է, բայց չհայտարարեց, որ դա նրան ապահովագրման «ինդուլգենցիա» չի տալիս, ինչպես իր մնացած օլիգարխ «ընկերներին»: Երկրորդ՝ երբ նա նախկին կառավարություններին բնորոշ ոճով հայտարարեց, թե մոնոպոլիաներն այնքան էլ վատ բան չեն, և որպես կանոն՝ փոքր շուկաներում միշտ առաջանում են գերիշխող դիրք գրավող սուբյեկտներ, որոնց պարզապես պետք է վերահսկել: Արդեն տասնամյակներ շարունակ հասարակությունը վայելում է այդ պետական հսկողութան պտուղները: Եվ, վերջապես, երրորդ՝ երբ ընդամենը հրահանգով նախարարություններում «պրիմիտիվ գողության» վերացման պահանջ դրեց՝ առանց հիմնավորելու՝ նախ ո՞րն է գողության պրիմիտիվն ու ոչ պրիմիտիվը, երկրորդ՝ ինչպե՞ս կարելի է գողությունը վերացնել հանձնարարականով:

Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում հիմա, ավելի շատ հիշեցնում է մաշկային հիվանդությամբ տառապող կոկետ կնոջ վարքագիծ, որն «արագացված» տեմպերով շպարվելով՝ անհաջող փորձում է ծածկել հիվանդությունից այլանդակված դեմքը:

 

Մեկնաբանություններ (4)

Անի
Ռյուրիկներ... ովքե՞ր են նրանք
Սամվել
Հարգելիներս, կարծում եմ որ հարգառժան Կարեն Կարապետյանը Հովիկ Արգամիչից ստացված արդեն իսկ իր անմիջական ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երում և կառավարության ֆինանսական կառույցներում ՇՏԱՊ իր մարդկանց նշանակի դա արդեն իսկ մեծ բարեպողման ազդեծություն կնշանակի, քանի որ այդ կազմակերպությունները մեծ ֆինանսական հոսքերի ներքո են գտնվում: Կարծում եմ եկող շաբաթ դա էլ կիրականացվի
Գեւորգ
Հարգելի Անի - Ռյուրիկը եւ իր եղբայրները վարյագներ (կամ վիկինգներ էին) Սկանդինավիայի կողմետրից, որոնք հրավիրվեցին (900 ական թ.) ու հիմնադրեցին Կիեւյան Ռուսը, Նովգորոդյան թագավորություն եւ այլն: Ռուսների կիսաստվածներ իշխան Իգորը, Օլեգը, Յարոսլավ իմաստուն, Ալեքսանդր Նեւսկի եւ այլք Ռ.-ի սերունդներն են համարվում:
Գեւորգ Կիրակոսյան
Հայերիս փրկություն համար պետք է հրավիրել այլ ազգի ներկայացուցիչների՝ մեզ կառավարելու ու կարգի դնելու խնդրանքով: Այդպես վարվել են Ռուսները՝ գիտակցելով իրենց տհասությունը եւ հրավիրելով Ռյուրիկներին թագավորելու իրենց գլխին - եւ հաջողությունների են հասել: Այդպես են վարվել անապատի Բեդուինները, հրավիրելով անգլիացիներին: Ստեղծվել է ԱՄԷ - ն, որը հրաշք է օրինականության ու բարգավաճման տեսակետից: Բայց, դրա համար պիտի կարողանալ ընդունել սեփական անպիտանությունը ... որը մեր գլխավոր խնդիրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter