HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ով էլ դառնա գյուղապետ, կարևորը՝ գյուղին օգուտ տա»,- ասում է գեղաշենցի թեկնածուն

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը ղեկավար չի փոխել արդեն 20 տարի:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին գործող գյուղապետ, անկուսակցական Արմեն Հովհաննիսյանի հետ կպայքարեն ինքնաառաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Անտոնյանը, անկուսակցական Առաքել Գրիգորյանը և ՀՀԿ-ական Սարգիս Մանուկյանը:

Անկուսակցական Առաքել Գրիգորյանը քարոզարշավն իրականացնում է համայնքի զարգացման սեփական պլանով, որտեղ շեշտը դնում է ոչ միայն անասնապահության, այլև ծխախոտագործության զագացման վրա: Թեկնածուն կարևոր է համարում ոռոգման ջրի հարցի լուծումը: Այս խնդրի լուծումը, ըստ նրա, կնպաստի խմելու ջրի նպատակային օգտագործմանը. գյուղացիները խմելու ջրով տնամերձ չեն ոռոգի:

ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Մանուկյանը քարոզարշավի ընթացքը նորմալ գնահատեց ու նշեց՝ թեկնածությունն առաջադրել է գյուղի բարելավման համար: Մանուկյանը ևս կարևոր համարեց ջրի խնդիրը ու հավելեց՝ ով էլ ընտրվի պիտի լուծի այդ հարցը:

Ինքնաառաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Անտոնյանը գեղաշենցիներին է ներկայացրել 20-կետանոց ծրագիր, որի գլխավոր կետը ջրի խնդրի լուծումն է: Գյուղը չունի մանկապարտեզ, ճանապարհներն անբարեկարգ են, գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, բայց գյուղում սպանդանոց չկա. այս հարցերը ևս ներառված են Անտոնյանի նախընտրական պլաններում: «Ով էլ դառնա գյուղապետ, կարևորը՝ գյուղին օգուտ տա. եթե գյուղը շեն լինի, պետությունն էլ կշենանա»,-եզրափակեց գեղաշենցի թեկնածուն:
Մրցակից թեկնածուները միաբերան պնդեցին՝ գյուղում նախընտրական լարվածություն չկա, իրենք միմյանց հանդեպ լավ են տրամադրված:

Գեղաշենի ներկայիս գյուղապետը, որը համայնքը ղեկավարում է 1996 թվականից, մեր զանգերն անպատասխան թողեց:

Թեկնածուներից մեկը՝ Արամ Ավագյանը, հետ է վերցրել իր դիմումը ու դուրս եկել նախընտրական պայքարից:

Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ի

Անահիտ Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter