HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Որտեղ են «Արդշինբանկի» փողերը

2002թ. փետրվարի 28-ին մամուլում հրապարակվեց հայտարարություն, որ «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերում Կենտրոնական բանկը նշանակել է ժամանակավոր ադմինիստրացիաներ եւ այդ երկու բանկերի միաձուլման վերաբերյալ կայացրել է որոշում:

Կենտրոնական բանկը, տալով իր համաձայնությունը միաձուլման գործընթացին, միացյալ բանկին տրամադրել է 5,5 մլն ԱՄՆ դոլար համակարգային վարկ: «Արդշինբանկի» ադմինիստրացիայի ղեկավար նշանակվեց ԿԲ-ի բանկային վերահսկողության դեպարտամենտի պետ Արտաշես Դավթյանը (այժմ կալանավորված), իսկ «Ադանա» բանկում` նրա տեղակալ Կարեն Համբարձումյանը:

Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Արդշինբանկի» մի քանի աշխատակիցներ եւ «Ադանա» բանկի գործադիր տնօրենը: Իսկ դրանից մի քանի օր առաջ արդեն դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, որ «Արդշինբանկի» «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գ.Ստեփանյանը բանկից խոշոր չափերի (մոտ 3 մլն) հասնող գումար յուրացնելով՝ անհետացել է: Նրա նկատմամբ հայտարարված էր հետախուզում:

«Արդշինբանկը» Հայաստանի ամենախոշոր եւ համակարգային նշանակություն ունեցող բանկերից էր: «Ադանան» Հայաստանի բանկային համակարգի փոքր բանկերից էր: ԿԲ բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալն այդ օրերին մամուլով հայտնել էր, որ «Ադանա» բանկն անվճարունակ է:

Եւ այս պարագայում անհասկանալի էր «Ադանա»-ի միաձուլումը «Արդշինբանկին»: «Ադանա» բանկում կանոնադիր հիմնադրամի մոտ 80%-ը պատկանում էր սանկտպետերբուրգցի Ալեքսանդր Վարդանովի ընտանիքին: «Արդշինբանկի» խոշոր փայատերերի թվում էին գործադիր տնօրեն Լ.Ֆարմանյանը եւ «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գ.Ստեփանյանը՝ համատեղ շուրջ 30%:

Ա. Վարդանովը բնիկ պետերբուրգցի է: Նա դասախոսում էր Պետերբուրգի Ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտում, գիտությունների թեկնածու է: 1988-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: 1991-ից մինչեւ 1993թ. նոյեմբերի 5-ը Ա.Վարդանովը «Արդշինբանկի» կառավարիչն էր: Ա.Վարդանովի` «Արդշինբանկ»-ում պաշտոնավարման տարիներին նրա առաջին տեղակալն էր Գագիկ Ստեփանյանը: Հենց այդ ժամանակ շրջանառությունից դուրս եկավ ԽՍՀՄ ռուբլին: Ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու համար ստեղծվել էր հանձնաժողով (այն անվանվեց հեղափոխական «տրոյկա»): Հանձնաժողովի նախագահը ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Տ. Սարգսյանն էր, անդամները` Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը եւ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանը:

Նշենք, որ Ա. Վարդանովն իշխանությունների հետ ուներ սկզբունքային տարաձայնություններ սեփականաշնորհման եւ մի շարք այլ հարցերում: Դրանց մասին մամուլում նրա տված հարցազրույցը հարուցեց իշխանությունների դժգոհությունը:

Նրան աշխատանքից ազատելու մասին կայացվեց քաղաքական որոշում: Նա նաեւ ընկալվում էր որպես Վազգեն Մանուկյանի մարդ: Հենց Տ.Սարգսյանն էր Ա.Վարդանովին առաջարկել ազատման դիմում գրել: 1994թ. մայիսին Ա.Վարդանովը ընտանիքով վերադարձավ Սանկտ-Պետերբուրգ եւ աշխատանքի անցավ «Կրեդո» բանկի Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղում` որպես վարչության նախագահի տեղակալ, այնուհետեւ աշխատեց «Կրեդիտ-Մոսկվա» բանկում, իսկ 1997թ. առայսօր «Վնեշտորգբանկի» Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղի վարչության նախագահն է:

1994թ. դեկտեմբերից նա փոքր բաժնեմասով դարձավ «Ադանա» բանկի փայատեր: 1998թ. նոր գումարներ ներդրեց բանկում, եւ նրա ընտանիքը դարձավ «Ադանայի» խոշոր փայատերը: Նշենք նաեւ, որ «Ադանա» բանկի 2001թ. տարեվերջի հաշվեկշռային շահույթը կազմել է 20 մլն դրամ: 2002-ի փետրվարի 27-ին ԿԲ-ն որոշեց, որ «Արդշինբանկը» «առողջացնելու» համար անհրաժեշտ էր շտապ ներդնել 5,5 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ-ն կատարեց այդ ներդրումը: Բնականաբար, 9 ամիս անց անհրաժեշտ էր լինելու եւս 5.5 մլն ԱՄՆ դոլար, քանի որ լրանում է ԿԲ-ի վարկի մարման ժամկետը: Չնայած ԿԲ-ի նախագահ Տ.Սարգսյանի հավաստումներին, «Արդշինբանկը» չառողջացավ, այն կործանվեց վերջնական: Փոխարենը ստեղծվեց «Արդշինինվեստ» բանկը: Սակայն հիմնական հարցադրումները մնացին անպատասխան.

1. Որտե՞ղ մնաց Գ.Ստեփանյանի «տարած» մոտ 3 մլն ԱՄՆ դոլարը:

 2. Ի՞նչ եղավ առողջացման նպատակով հատկացված 5,5 մլն ԱՄՆ դոլարը:

 3. Ի՞նչ եղան ավանդատուների փողերը, այդ 5,5-ից որքա՞նը բաժանվեց ավանդատուներին:

 4. «Արդշինբանկը» վարկեր էր տրամադրել տարբեր անհատների եւ կազմակերպությունների: Ինչպե՞ս են դրանք ետ վերադարձվելու, ասենք, օրինակ՝ Հունական 5 մլն վարկից «Ինտերքիմռեակտիվ» գործարանին տրամադրած 2,5 մլն դոլարը:

Չնայած դատարանը արդեն քննել է «Արդշինբանկի» գործը, կայացվել է դատավճիռ, սակայն, այս պատմության շատ դրվագներ մնացել են անհայտ: Մասնավորապես, «Արդշինբանկի» գործով որպես մեղադրյալ, հետագայում նաեւ՝ ամբաստանյալ, ներգրավված էր նաեւ «Ադանա» բանկի գործադիր տնօրեն Արամ Գասպարյանը, որը դատապարտվեց մեկուկես տարի ազատազրկման:

Շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ կապ ունի «Արդշինբանկի» հետ: Իսկ դա տեղի է ունեցել հետեւյալ կերպ. 2002-ի փետրվարի 26-ին (երբ Գագիկ Ստեփանյանը արդեն երեք օր Հայաստանում չէր), երբ «Ադանա» բանկի ներկայացուցիչը «Արդշինբանկում» ունեցած իրենց հաշվեհամարից փորձել է ինչ-որ նպատակով գումար փոխանցել, «Արդշինբանկում» ասել են, որ այդ հաշվեհամարում պահանջված չափով գումար չկա: Սա անակնկալ է եղել «Ադանայի» ներկայացուցիչների համար:

«Արդշինբանկի» վարչության նախագահ Լ. Ֆարմանյանը նույն օրը հեռախոսով Երեւանում գտնվող «Ադանա» բանկի խորհրդի նախագահ Ա. Վարդանովին պարզաբանել է, որ 2002թ. փետրվարի 5-ին «Ադանա» բանկի պահանջով հաշվից 270 հազար դոլար գումարի չափով փոխանցում է կատարվել: Ա. Վարդանովը եւ նրա կինը` Ն. Մկրտումյանը («Ադանա» բանկի գործադիր տնօրեն Արամ Գասպարյանի տեղակալը) անակնկալի են եկել:

Նրանք շտապով մեկնել են «Արդշինբանկ» եւ Լ.Ֆարմանյանի կաբինետում նրանից պահանջել փոխանցման հիմքերը: Պարզվել է, որ ներկայացված վճարման հանձնարարականը գործադիր տնօրեն Ա. Գասպարյանն է լրացրել (հետագայում քննությունը հաստատել է, որ նրա ձեռագիրն է): Պարզվել է, որ Ա.Գասպարյանը կեղծել է նաեւ բանկի գլխավոր հաշվապահի ստորագրությունը:

270 հազար դոլարը փոխանցվել էր «Աստղացոլք» կազմակերպությանը: Այս կազմակերպությունը պատկանում է այժմ արդեն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: 2003թ. ապրլի 11-ի դատական նիստի ժամանակ դիմելով դատարանին, «Ադանա» բանկի նախկին գործադիր տնօրեն, ամբաստանյալի աթոռին հայտնված Արամ Գասպարյանն ասաց. «Իմ մտքով չէր անցնի, որ լինելով բանկի գործադիր տնօրեն, կհայտնվեմ այստեղ, կատարված գործարքն ընկերական օգնության դրսեւորում էր»:

Իսկ նրա ընկերը Գագիկ Ստեփանյանն է, իսկ գումարը փոխանցվել էր Ստեփանյանի՝ Սամվել Ալեքսանյանին ունեցած պարտքի դիմաց:

Մինչ այդ, Լեւոն Ֆարմանյանի կաբինետից Ա.Վարդանովը զանգահարում է Ա. Գասպարյանին: Վերջինս հեռախոսով ընդունում է, որ ինքն է այդ ամենի հեղինակը, եւ որ կեղծել է հաշվապահի ստորագրությունը: Ա. Վարդանովը համոզում է Ա. Գասպարյանին՝ հանդիպել իր հետ Սախարովի հրապարակի խաչմերուկում: Լ.Ֆարմանյանը հայտնում է «Արդշինբանկի» անվտանգության աշխատողներին: Հանդիպման վայրում Վարդանովը Ա. Գասպարյանին հրավիրում է իր տուն (նա ապրում է Սախարովի հրապարակի հարեւանությամբ), նրա հետեւից տուն են մտնում «Արդշինբանկի» անվտանգության աշխատակիցները:

Վերջիններս զանգում են Կենտրոնի ոստիկանություն: Ա. Գասպարյանը ձերբակալվում է: Նույն օրը Ն. Մկրտումյանը Կենտրոնի ոստիկանությունում հայտարարություն է գրում Ա. Գասպարյանի կատարածի մասին, իսկ երեկոյան գլխավոր հաշվապահի հետ հրավիրվում Կենտրոնի դատախազություն եւ գրում հանգամանալից բացատրություն կատարվածի մասին:

Այստեղ հիշատակենք մի փաստ, որը շատ կարեւոր հետեւություններ անելու հիմք է տալիս: Ա. Վարդանովի կինը` Նունե Մկրտումյանը, պատմում է, որ փետրվարի 12-ին (դրանից տասը օր անց հայտնի էր դառնալու Գագիկ Ստեփանյանի փախուստի մասին) Գագիկ Ստեփանյանը զանգել է Սանկտ Պետերբուրգ` իրենց տուն. «Գագիկը ամուսնուս հետ էր խոսում, հետո հեռախոսը փոխանցել է Տիգրան Սարգսյանին: Գագիկն ասում էր, որ Լեւոն Ֆարմանյանը չի լինելու «Արդշինբանկի» կառավարիչ, որ Տիգրանը շատ զայրացած է նրա վրա, որ նա չի աշխատելու եւ իր` նրան փոխարինելու հարցը համաձայնեցված է բոլոր ատյաններում: Հետո Տիգրանը հեռախոսը վերցրեց: Նա շատ զգույշ էր խոսում: Ասաց, որ Գագիկն իրեն ասել է, որ մենք ներդրումներ ենք անելու, ասում էր` ուզում է իմանալ` ինչ էր մտածում ամուսինս այդ ուղղությամբ: Ամուսինս պատասխանեց, որ ոչ, այդպիսի բան չկա, ինքը ներդրումներ չի անի, այդ ուղղությամբ չի էլ մտածել»:

Փաստորեն այս հեռախոսազանգով Գ. Ստեփանյանը Ա.Վարդանովին հայտնել է, որ ինքը շուտով դառնալու է «Արդշինբանկի» կառավարիչ: Իսկ նման խոստում Գագիկին կարող էր տալ միայն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս զանգից 10 օր անց Գ. Ստեփանյանը «վերցնելով» բանկի 3 մլն դոլարը, մեկնել է Հայաստանից: Իսկ մի քանի ամիս անց նա «մահացել» է Մոսկվայում:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter