HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նախագահ Քոչարյանի պարտությունը

10 տարի ուժային կառույցներ ղեկավարելով, նա կարողացավ տիրանալ բազմաթիվ լծակների: Տնտեսության տարբեր ոլորտներ անցան նրա հսկողության տակ: Ուժային կառույցների ղեկավարներ, առանցքային պաշտոնյաներ նշանակելիս վճռորոշը միշտ նրա խոսքն է եղել: Վերջին երեք տարիներին պաշտպանության նախարար, այսօր արդեն նորընտիր ԱԺ պատգամավոր Սերժ Սարգսյանի քաղաքական կշիռն էականորեն աճեց վերջին ընտրություններում։ Սերժ Սարգսյանը դուրս եկավ ժողովրդի մեջ: Նրա քաղաքական գործունեության ընթացքում նման բան երբեք չէր եղել։ Նա ժողովրդի հետ չէր շփվում անգամ ղարաբաղյան շարժման տարիներին: Մասնակցում էր հանդիպումների ու բանակցությունների, բայց ի տես բոլորի երեխա չէր գրկում։ Սա մի նոր փուլ էր, նախարարը ստիպված էր անել իր էությանն անհարիր բաներ, որովհետեւ խաղասեղանին դրված էր իշխանության մեջ նրա լինել-չլինելու հարցը: Սերժ Սարգսյանը գնաց վա-բանկ եւ հաղթեց, բայց հաղթանակն անվերապահ չէ։ Ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի Հայաստանում:

Հայաստանն իսկապես անկանխատեսելի երկիր է: Մեծ տերություններն ինտենսիվ կերպով վերափոխում են աշխարհը, իսկ Հայաստանը դուրս է բոլոր խաղերից: Տարածաշրջանում սպասվում են էական փոփոխություններ, որոնք անպայման ազդեցություն կունենան Հայաստանի վրա, բայց Հայաստանը դուրս է նաեւ այս գործընթացներից: Սա, անշուշտ, մեծացնում է անկանխատեսելի զարգացումների հնարավորությունը։ Ներքաղաքական կյանքում հաշվի է առնվում ամեն ինչ, բացի ժողովրդից, բայց միշտ մի սահման կա, որից այն կողմ վճռորոշը ժողովրդի գործոնն է։ Եվ այդ սահմանը, կարծես, հեռվում չէ։ Սերժ Սարգսյան գործիչը լավ է հասկանում, թե ինչ տեղի կունենա, երբ հատվի այդ սահմանը:

Մայիսի 25-ին պաշտպանության նախարարը փաստորեն գրավեց օրենսդիր մարմինը եւ իշխանությունը վերցրեց ամբողջ ծավալով: Նախորդ խորհրդարանը, Ս. Սարգսյանի ենթակայության տակ չէր, այնտեղ բազմաթիվ լծակներ ուներ Նախագահ Քոչարյանը: Այս խորհրդարանում լծակներ գրեթե չունի: ՀՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար, հանրապետական Հովիկ Աբրահամյանն ընտրություններից հետո անկեղծացավ. «ՀՀԿ-ն իրականացրել է իր նպատակը եւ, վերջնական արդյունքում, ԱԺ-ում կունենա մոտ 30% համամասնություն։ Ինչը մեծամասնականով եւ համակիրներով կկազմի մոտ 73 տեղ»։ Գործադիր իշխանությունում կոփված Հ.Աբրահամյանի հաշվարկն, ընդունեք, ամենաստույգն է եւ ճիշտ կլինի մի կողմ դնել ԿԸՀ-ի հայտարարած թվերը: Սերժ Սարգսյանը խորհրդարանում ունի 73 ձայն: Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում կանցկացնի կամ կմերժի ցանկացած օրինագիծ` կախված Սերժ Սարգսյանի ցանկությունից եւ շահերից:

Ռոբերտ Քոչարյանն իրականում մենակ է։ Այս փուլում նրան սատարող քաղաքական ուժ չկա: Սահմանադրության փոփխությունները մերժվեցին։ Նախընտրական շրջանում տված իր խոստումները չի կարողանալու կատարել։Խոսք անգամ չի կարող լինել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, քանզի ԱԺ-ն՝ նման կազմով, չի ընդունի իր դեմ ուղղված օրենքներ:Ստվերային տնտեսության դեմ պայքարը նույնպես կարելի է համարել ձախողված: Ստվերի բոլոր ներկայացուցիչները խորհրդարանում են:

Նախագահը խորհրդարանում Սերժ Սարգսյանին հակակշռող ուժ չունի: ՀՅԴ փոքրաթիվ խմբակցությունը, կարծում եմ, այլեւս չի հավատա նախագահի խոստումներին, հավատալու դեպքում էլ որեւէ բան չի կարողանա անել:

Քոչարյան-Դեմիրճյան մերձեցումը նույնպես բացառված է։ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր ուժերը խորհրդարանում փոքրաթիվ են՝ ՀՅԴ 11 մանդատին գումարած «Արդարության» 17-ը, բայց նրանք էլ դժվար թե միացյալ ճակատով հանդես գան։

Հանրապետականն է լուծելու կադրային բոլոր հարցերը։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե կստանա՞ արդյոք ՀՅԴ-ն որեւէ ուժային կառույցի ղեկավարի պաշտոն, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կոշտ պատասխան է տվել. «Ոչ, որովհետեւ ուժային պորտֆելներից քաղաքականացված պաշտոնը միայն պաշտպանության նախարարի պաշտոնն է, որը, բնականաբար, մենք որեւէ մեկին չենք զիջի»: Իսկ ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայությունների պետերինը, վարչապետի խոսքերով, «քաղաքական պաշտոններ չեն, հետեւաբար ընդհանրապես քննարկման առարկա չեն լինի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ»: Հանրապետականներն իրենցն են համարում բոլոր պաշտոնները եւ չեն պատկերացնում որեւէ նշանակում առանց իրենց հավանության: Սա է իրականությունը: Երկրի նախագահն ինքը չի կարող որոշել, թե ով է լինելու ազգային անվտանգության ծառայության պետը, նրան, լավագույն դեպքում, կարող են տեղյակ պահել։

Այս դեպքում ի՞նչ է անելու Քոչարյանը։ Ղարաբաղցի մի գեներալ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս ասաց. «Այնտեղ` Ղարաբաղում, ոչ ոք չէր կարող գուշակել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը: Նա ընդունակ է կտրուկ քայլերի»:

Որոշ ժամանակ անց հավանաբար երկրում տիրող իրավիճակի մեղքը Քոչարյանը կբարդի մեծամասնության եւ գործադիրի վրա, իսկ մինչ այդ խորհրդարանում ստեղծված ինչ-որ դաշինք կդառնա առնետավազքի նոր ճամբար:

Քոչարյանն այդ փորձն ունի։ 99-ի ողբերգությունից հետո նրա ջանքերով մասնատվեց ԱԺ-ի մեծամասնությունը կազմող «Միասնություն» դաշինքը։

Հաճախ երկրի ներքաղաքական գործընթացները վերլուծելով հաշվարկներ ենք կատարում` նկատի չառնելով դրսի գործընթացները: Այս պարագայում դրսի ուժերը որոշիչ են լինելու: Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները հայտնվել են եւրոպական կառույցների եւ Ամերիկայի նշանառության տակ։ Խորհրդարանական ընտրությունից հետո նշանակետը մնաց անփոփոխ: Նախագահը շատ կուզեր, որ խորհրդարանական ընտրություններն անցնեին ազատ ու արդար, բայց երաշխավորելու որեւէ շանս չուներ: Նա փետրվար-մարտին թույլ էր տվել բոլորին կեղծել իր օգտին, իսկ մայիսին պետք է թույլ տար, որ ամեն մեկը կեղծի իր համար։ Քոչարյանի իրական պրոբլեմն այն է, որ հայկական քաղաքականության մեջ մաքուր մարդ չի մնացել: Վերջին հինգ տարիներին քաղաքական գործիչների փչացմանը օժանդակել է հենց իր՝ Քոչարյանի, թիմը:

Արեւմտյան մամուլում Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին բացասական շեշտադրությամբ բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին: Արձանագրվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ամրապնդել ու զարգացնել ժողովրդավարությունը Հայաստանում, քանզի ժողովրդավարությունը եւ ընտրախախտումներով նախագահ դառնալն անհամատեղելի են:

Նախագահ Քոչարյանը թույլ է եւ մենակ: Նրանից երես է թեքել նույնիսկ ՀՅԴ-ն, հուսախաբված ռամկավարները սպառնում են, արեւմուտքը չի հուսադրում, ժողովուրդը դարձել է անտաբեր։ Նա արդեն չի կարող համառ ու հետեւողական լինել, ինչպես եղել է մինչ նախագահական ընտրությունները: Եթե անցած տարիներին բանակցությունների սեղանի շուրջ նա կարողանում էր իր տեսակետները պնդել եւ չնահանջել, այսօր այլեւս չի կարող անել:

Քոչարյանի շրջապատը կարծես կանխամտածված արեց ամեն ինչ, որպեսզի Նախագահը թույլ լինի: Թույլ Նախագահ, նշանակում է թույլ երկիր։ Բայց նրա շրջապատը երկրի մասին չի մտածում: Նրանց հուզում է միայն փողը, որը պետք է կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի, սա է Քոչարյանի գաղափարազուրկ եղբայրության մորմոքն ու տառապանքը: Խորհրդարանի «նոր սերունդը» Քոչարյանի ընկերոջ, զինակցի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերջին նվերն էր Նախագահին։ Նվեր, որ բերում է նոր խաղի նոր կանոններ՝ անկանխատեսելի, անհասկանալի, տագնապալի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter