HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս համայնքում ուրիշ առաջադրվող էլ չկա»,- ասում է 26 տարվա համայնքապետը

Գայանե Սարգսյան

Հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի Կողես համայնքում կանցկացվեն համայնքապետի ընտրություններ: Ի սկզբանե համայնքապետի պաշտոնն զբաղեցնելու համար առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ Գարեգին Ավետիսյանը և գործող համայնքապետ ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը: Ավելի ուշ Գ. Ավետիսյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել` մրցասպարեզը թողնելով գործող գյուղապետին, ով այդ պաշտոնն զբաղեցնում է վերջին 26 տարիներին:

Հարցին՝ ինչու որոշեցիք այս անգամ էլ առաջադրվել, Ա. Ներսիսյանը պատասխանում է. «Դե ոնց ասեմ, նենց չի, որ խելքահան եմ ըլնում առաջադրվելու համար, ուղղակի էս համայնքում ուրիշ առաջադրվող էլ չկա»:

Գարեգին Ավետիսյանի առաջադրման ձևական լինելու հանգամանքը գործող համայնքապետը չի հերքում, ավելին` ասում է, որ ամեն տեղ է այդպես: «Դե ոնց ուզում եք, ընդունեք: Ընդամենը խնդրել ենք, որ իրա տվյալներով հանդերձ ինքը գա, առաջադրվի, որ հետո իրա հետ գնանք, ինքը հանի: Այսինքն՝ դա մենակ մեր մոտ չի, շատ տեղերում ա: Խնդրել ենք, որ գոնե ձևական դիր, որովհետև էսօրվա օրենքով ամրագրված ա, չի կարելի, ասենք մի թեկնածուի դեպքում առաջադրում չի էղնում: Դա գաղտնիք ա՞, հա՞, ամեն տեղ էլ ըտենց չի՞ արվում հիմնականում»:

Գյուղապետի խոսքով` պաշտոնավարման 26 տարիներին անցկացված բոլոր ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինքը մրցակից չի ունեցել: Պատճառը, ըստ նրա, այն է, որ ուրիշ որևէ մեկը չի ցանկանում առաջադրվել. «Եթե իմանամ, որ մարդ կա, ով  ոչ թե կարա անի, այլ որ գոնե կուզի անի, առաջինը կխնդրեմ, որ առաջադրվի, բայց չեն ուզում»:

Հանրապետական թեկնածուն գյուղում նախընտրական քարոզարշավ ու նախընտրական ծրագրի ներկայացում չի իրականացնում: Ասում է՝ «ես ծրագրով չեմ ներկայանում, ես ինչքան հնարավոր է, անում եմ, դա գյուղացին տեսնում ա»:

Գյուղապետի խոսքով` Կողեսը գիշերային լուսավորություն է ունեցել քաղաքներից էլ շուտ, գյուղերի մեջ առաջինն է աղբահանություն իրականացրել, ունի «յուրահատուկ ոճով սարքած» ակումբ: «Ես էն համայնքապետն եմ, որ հանրապետության ամենացածր աշխատավարձ ստացողն եմ համայնքապետերի մեջ. դա եռանիշ թիվ չի մինչև էսօր»:- վերջում ավելացնում է Ներսիսյանը, որի աշխատավարձը, ինչպես հետո պարզվեց, 99.000 դրամ է,- «Ես եմ ուզել, որ իմ աշխատավարձը եռանիշ թիվ չդառնա»:

Կողեսը 300 բնակիչ ունի, ընտրողների թիվը 250 է, նրանցից փաստացի ներկա են 180-200-ը:

Մնացածը, ըստ գյուղապետի, մեկնել են արտերկիր հիմնական բնակության կամ սեզոնային արտագնա աշխատանքի: Անկախության տարիներին, ըստ Ներսիսյանի, բնակչության թվի առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2000-ականների սկզբին՝ 400-430 բնակիչ:

Համայնքի հիմնական խնդիրը համայնքապետի թեկնածուն համարում է երիտասարդությանը գյուղում պահելը:

«Համայնքի խնդիրը դա էսօր հանրապետույթան խնդիրն ա, որ երիտասադությունը մնա: Գոնե մինիմում պայմաններով մարդիկ ապահովվեն՝ ճանապարհ, լույս, ջուր, որ հնարավորինս քիչ բացակայեն, որ գյուղը շարունակվի: Կողեսը հազարամյակների պատմություն ունեցող գյուղ ա, բայց էսօր 300 բնակիչ ունենալը չի խոսում հազարամյակների պատմություն ունեցող գյուղի մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter