HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանի զբոսաշրջության բացթողումներն ու հեռանկարները

Սեպտեմբերի 27-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես զբոսաշրջության միջազգային օր։ Օրվան ընդառաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը և «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը քննարկում էին հայաստանյան զբոսաշրջության խնդիրներն ու հեռանկարները՝ առաջարկելով լուծումներ և զարգանալու ուղիներ։

Մեխակ Ապրեսյանը լրագրողներին ներկայացրեց զբոսաշրջային վեց ամսվա տվյալները, համաձայն որոնց` ներքին զբոսաշրջության ցուցանիշը կազմել է 501 հզ. զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,4%-ով առավել է։

Վարչությանպետի գնահատմամբ՝ զգալի աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության և ներքին զբոսաշրջության ասպարեզում՝ միջոցառումների, ավանդական տոնակատարությունների և փառատոների տեսքով։

Ապրեսյանը նաև կարևոր հանգամանք է համարում Չինաստան-Հայաստան միջկառավարական համաձայնագիրն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև կնքված համագործակցության հուշագիրը, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանին շնորհել է երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ։ Այդ համաձայնագրի շրջանակներում, Ապրեսյանի հաղորդմամբ, ճանաչողական այցով արդեն Հայաստան են ժամանել չինական տուրօպերատորներ, ինչպես նաև սպասվում է չինացի լրագրողների այց։

Վարչության պետը Հայաստանում չի պատկերացնում մի վայր, որը չի կարող զբոսաշրջային կենտրոն դառնալ, այդ հանգամանքը պայմանավորում է զբոսաշրջիկի նախասիրությունով և այցի նպատակով։ Սակայն շեշտում է՝ առավել ակտիվ և ագրեսիվ մարքեթինգային քայլեր կատարելու դեպքում կարող ենք ունենալ զբոսաշրջային առավել լավ արդյունքներ։

Ապրեսյանը զբոսաշրջային ասպարեզում ավելի մրցունակ լինելու համար առանձնացնում է մի քանի անհարժեշտ գործողություններ, որոնք պետք է ընդգրկել օրակարգում։ Մասնավորապես՝ զարգացնել ենթակառուցվածքները, բարելավել ճանապարհները, պատմամշակութային արձանների և բնության հատուկ պահպանվող տարածքները ապահովել անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներով և դրանց գոյությունը առավել արդյունավետ օգտագործել։

Նա կարևոր ձեռքբերում է համարում վերջերս կառավարության կողմից ընդունված՝ քարանձավները որպես զբոսաշրջային կենտրոններ օգտագործելու մասին որոշումը։ Դրա շրջանակներում քարանձավներից մեկը արդեն ներկայացվել է մրցույթի, ներդրողների համար սահմանվել են դրանց շահագործման պայմաններն ու չափանիշները, որով պետք է վարձակալեն քարանձավը։

«Մենք պետք է ձգտենք ավելիին, պետք է ձգտենք գերազանցել մեր հարևաններին, շատ-շատերին և համաշխարհային շուկայում լինենք առավել մրցունակ, իսկ դրա համար նախադրյալներ կան, աշխատանքներ տարվում են, և ես համոզված եմ, հույսով եմ, որ հաջողություններ ունենալու ենք»,- նշում է Մեխակ Ապրեսյանը։

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ հայաստանյան զբոսաշրջությունը զարգացնելու համար միջազգային ասպարեզում Հայաստանը գովազդման կարիք ունի, ինչպես այս պահին արվում է հարևան պետությունում՝ Վրաստանում։ Մանուկյանն ընդգծում է՝ Վրաստանի զբոսաշրջությունը զարգացնելու համար տարեկան 12 միլիոն դոլար է հատկացվում (իսկ Հայաստանի կառավարությունը հատկացնում է 400 հզ. դոլար) և նրանք արդեն լուրջ մարտահրավերն են ներկայացրել, այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է շատ լուրջ տրամադրվի և գումարներ հատկացնի տուրիզմի զարգացմանը։ Մանուկյանը զբոսաշրջության զարգացման ուղի է համարում նաև կազմակերպվող փառատոները, որոնք խթանում են գյուղական տուրիզմի զարգացմանը և նա զբոսաշրջության զարգացումը կապում է հենց էկոտուրիզմի հետ։

Մեխակ Ապրեսյանը պետության կողմից 400 հզ. դոլարի հատկացումը պայմանավորում է երկրում այլ խնդիրների առկայությամբ և ասում է, որ գումարը արդյունավետ է օգտագործվել, քանի որ միջազգային հեռուստաընկերություններով ցուցադրվել են Հայաստանի մասին պատմող ճանաչողական հոլովակներ, կազմակերպվել են փառատոներ։

Նունե Մանուկյանը լավատեսորեն է տրամադրված հայաստանյան տուրիզմի զարգացմանը։ Համոզված է՝ որքան էլ խնդիրներ կան, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը կայուն աճում է, և որ դրա զարգացման արդյունքերը արդեն իսկ նկատելի են՝ կառուցված հյուրանոցների քանակով, համայնքների՝ տուրիստական կենտրոներ դառնալու հանգամանքով։

լուսանկարը` «Մեդիակենտրոնի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter