HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անշարժ գույքի գործակալության տնօրեն. «Միտում կա՝ Ռուսաստանի հայերը Հայաստանում գույքը վաճառում են, գումարն այնտեղ տանում»

Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրեթե միշտ վաճառողներն ավելի շատ են եղել, քան գնորդները։ Սակայն այս տարի, ինչպես նկատել է «Լավ առաջարկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Խաչատրյանն, այդ տարբերությունն ավելի է խորացել։ Պատճառը բնակչության գնողունակության ցածր մակարդակն է։ «Առաջարկը շատ-շատ է, պահանջարկը՝ քիչ»,- նշում է Վ. Խաչատրյանը։

Ավելի վաղ գրել ենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին եռամսյակում նկատված որոշակի դրական տեղաշարժից հետո նորից անկում է գրանցվել։ 

Հոգեբանական արգելքն հաղթահարվել է, իսկ պասիվությունը շարունակվում է

2014 թվականի տարեվերջին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ շոկ առաջացրեց ինչպես հայաստանյան տնտեսության բոլոր հատվածներում, այնպես էլ անշարժ գույքի շուկայում։ Անշարժ գույքի գնանկման պայմաններում վաճառողները նախընտրեցին չշտապել և ունեցվածքը էժան գնով չվաճառել։ Գլխավորապես դրանով պայմանավորված՝ շուկայում 2015-ի սկզբին գործարքների թիվը պակասեց։ Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ 19.2%-ով անկում գրանցվեց:  

«Իսկ այս տարվա սկզբին գրանցված աճը պայմանավորված էր հենց այդ հոգեբանական արգելքի կոտրմամբ։ Վիճակը պասիվ է, բայց կայուն։ Մարդիկ արդեն գիտեն, որ հիմա այս գինն ու սկսել են բանակցել, վաճառել ու գնել։ Բայց գնողունակության մակարդակը երկրում բավականին ցածր է։ Դա էլ ընդհանուր տնտեսության մի շարք բացասական երևույթների հետևանքն է։ Պարզ օրինակ՝ Երևանի Թումանյան ու Աբովյան փողոցներում արդեն ամեն տեղ կարելի է հանդիպել «Վաճառվում է» կամ «Տրվում է վարձով» գրություններ։ Նույնը՝ մարզերում, համայնքներում։ Տեսնում ենք, թե ինչքան բիզնեսներ են փակվում։ Պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ տնտեսությունը պասիվանում է»,- նշում է «Լավ առաջարկ»-ի տնօրենը։

Այնուամենայնիվ, շուկայի աշխուժությունը, եթե իհարկե այդ բառը անշարժ գույքի շուկայի մասով տեղին է, չի վերականգնվել ու չի հասել 2014թ. սկզբի մակարդակին։ Այդ մասին են վկայում նաև Կադաստրի տվյալները։ Եթե առաջին եռամսյակիների կտրվածքով դիտարկենք, ապա վերջին հինգ տարում մինչև 2014-ը աճ է եղել, հաջորդող երկու տարում ՝ անկում։

Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների

Սա տարվա սկզբի մասին։ Իսկ ներկա վիճակը ևս Վ. Խաչատրյանը գնահատում է հանդարտ, բայց ավելի պասիվ։ Չնայած Կադաստրի կոմիտեն դեռև չի հրապարակել երկրորդ եռամսյակի ընդհանուր տվյալները, սակայն, ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, ամսական տվյալներից երևում է, որ ապրիլից շուկայում գործարքները նորից պակասել են։

Այդուհանդերձ, Վ. Խաչատրյանի խոսքով՝ մարդիկ և տուն են գնում, և վաճառում։ Որքան էլ տնտեսության վիճակը սուղ լինի, միևնույն է՝ անշարժ գույք միշտ էլ գնում են. տանիքի խնդիր կա, նոր ընտանիքներ են ձևավորվում և այլն։ Այլ հարց է, որ շուկան հագեցած է խնդիրներով։ Մարդկանց սպասելիքներն ու եկամուտները հաճախ չեն համապատասխանում միմյանց։

«Երևանում կարելի է բնակարան վաճառել ու Մոսկվայում գնել, կամ Աբովյանում վաճառել՝ Կրասնոդարում գնել»

Գլխավոր խնդիրներից մեկը հիփոթեքային վարկերի բարդացված պայմաններն են։ Բայց այդ թեման հանգիստ կթողնենք՝ առաջիկայում ավելի ծավալուն անդրադարձ կատարելու նպատակով։

Իսկ մինչ այդ շուկայի մյուս կարևոր խնդիրներից մեկի մասին, որը քիչ է բարձրաձայնվում։  Նախորդ տարի Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա զգալի բացասական ազդեցություն ունեցավ ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտների անկումը, որն էլ  Ռուսաստանի տնտեսության անկման և դոլարի նկատմամբ ռուբլու դիրքրերի թուլացման հետևանք էր։ Բացի այդ, Ռուսաստանում ռուբլու արժեզրկման, կամ ավելի պարզ ասած՝ դոլարի թանկացման հետևանքով մի արատավոր երևույթ նկատվեց ՀՀ անշարժ գույքի շուկայում։

«Ռուսաստանաբնակ հայերի մի մասը, որոշակի սպասելիքներ ձևավորելով, որոշեցին Հայաստանում գտնվող իրենց անշարժ գույքի գները զգալի իջեցնել ու վաճառել, գումարն էլ տանել Ռուսաստան։ Դա շահավետ գործարքն էր նրանց համար, քանի որ դոլարով այստեղ, թեկուզ էժան, վաճառելն ու նույն դոլարը ռուսաստանում ռուբլով փոխանակելը ձեռնտու գործարք էր, այն պարզ պատճառով, որ դոլարը Ռուսաստանում գրեթե կրկնակի թանկացավ։ Այդ երևույթը մասամբ շարունակվում է նաև այսօր»,- ասում է «Լավ առաջարկ»-ի տնօրենը։

Ըստ նրա՝ դա նոր երևույթ է, որը նկատվել է ոչ թե մեկ-երկու հաճախորդի  դեպքում, այլ ավելի համատարած է։ «Դժվար, թե որևէ մեկը լսած լիներ, որ Երևանում կարելի է բնակարան վաճառել ու Մոսկվայում գնել, կամ Աբովյան քաղաքում վաճառել՝ Կրասնոդարում գնել։ Այն վերջին հույսը, որ մարդիկ ունեին՝ այստեղ մի անկյուն կա, որ կարող են հետ գալ հայրենիք, դա էլ են վաճառում»,- նշում է Վ. Խաչատրյանը։

Ի դեպ, նրա խոսքից հիշեցինք, որ այս և նախորդ տարի Հայաստանից դեպի Ռուսաստան դրամական փոխանցումներն ավելացել են, ինչի մասին բազմիցս գրել ենք։ Չի բացառվում, որ Վ. Խաչատրյանի նշած հանգամանքը կապ ունի այդ աճի հետ։

Նրա խոսքով՝ շուկայի առողջացման իրական ծրագրեր են անհրաժեշտ։ «Ես հիմնականում հակված եմ, որ պետությունը համակարգի այդ ծրագրերը։ Օրինակ՝ 2008 թվականին մեր տնտեսական լավագույն աճի ժամանակ պետությունը միառժամանակ մի քանի ծրագիր գործարկեց՝ փախստականների բնակարանների ձեռքբերման, բռնագաղթածների և այլն։ Եվ դա բավականին մեծ աշխուժություն բերեց շուկային։ Մարդիկ սկսել էին մարզերում բնակարաններ գնել, մարզերից էլ գալիս էին Երևան։ Հիմա հակառակ պրոցեսն է՝ Երևանում, կարիքից ելնելով, վաճառում են իրենց բնակարններն ու հաճախ ավելի էժան գնով բնակարաններ գնով մարզերում։ Բավականին հաջողված ծրագիր է նաև  «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան»-ը։ Անշարժ գույքի շուկան շաղկապված է տնտեսության շատ ոլորտների։  Եվ այս շուկայի ակտիվացումը որոշակի աշխուժություն կմտցնի շատ շուկաներում։ Եթե մեկը գնում է բնակարան, նա կարող է նաև վերանորոգել այն, կահույք գնել և այլն։ Արդյունքում նա նպաստում է շինանյութի խանութի շրջանառության ծավալների մեծացմանը, կահույքի խանութը ևս մեկ գնորդ է ունենում և այլն։ Բայց երբ վաճառվող գույքի գումարների մեծ մասը գնում է ՌԴ, այդ դեպքում այս օղակները չեն աշխատում։ Կառվարությանը կոչ եմ անում այս ոլորտին ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Մեր համայնքի անդամները պատրաստ են քննակրումների, լուծումների առաջարկմանը։  Փորձենք միասին ծրագրեր կազմել։ Իսկ եթե ոլորտը թողնենք բարձիթողի, ապա խնդիրը միայն շուկայով չի սահմանափակվի։ Դա արդեն ավելի մեծ վնաս կհասցնի ամբողջ տնտեսությանը՝ հաշվի առնելով արտագաղթն ու մարդկանց անվճարունակությունը»,- եզարափակում է  «Լավ առաջարկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Խաչատրյանը։

լուսանկարը` news.bitcoin.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter