Ապրած տարիների կեսը բանտում
Ամալյա Մարգարյան
Ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանն իր 40-ամյակը կնշի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ մասին հայտնի դարձավ Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատման բողոքի քննության ժամանակ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որովհետև գործով դատախազ Վահան Հարությունյանը Գլխավոր դատախազությունում ունեցած խորհրդակցության պատճառով չէր ներկայացել դատարան:
Մինչ ոստիկանները Մկրտչյանին դատարանի դահլիճից դուրս կուղեկցեին, Արթուրի հայրը խնդրեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրելյանին՝ թույլատրել, որպեսզի մայրը գրկախառնվի որդու հետ, շնորհավորելով վերջինիս 40-ամյակը: Արթուրի ծննդյան օրը վաղն է:
Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը դատարանում վիճարկում է իր պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, որն արդեն երկրորդ անգամ մերժվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից: Ամիսներ առաջ Մկրտչյանը դատարանում վիճարկում էր այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ը իր նկատմամբ չի կիրառել վաղաժակետ ազատում. հիմնական պատճառը դատապարտյալի մոտ հայտնաբերված բջջային հեռախոսներն էին:
Սակայն տույժի ժամկետը լրանալուց հետո «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովը նորից մերժման որոշում է կայացրել՝ չպատճառաբանելով, թե ինչու Արթուր Մկրտչյանին չեն ներկայացնում պայմանական ազատման:
Մկրտչյանը և նրա շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել են Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան, «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովի կայացրած որոշումը վերացնելու պահանջով:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 29-ին, որի ընթացքում դատախազը կներկայացնի իր դիրքորոշումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել