HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կապանում հակազդելու սինդրոմն ուժեղ է»

Հոկտեմբերի  2-ին Կապանում տեղի են ունենալու  քաղաքապետի և ավագանու ընտրություններ: Կապանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, դաշնակցական, Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը և ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանը: «Հետքի» հարցերին պատասխանել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

- 2012-ի նախընտրական փուլում լարվածությունը զգալի էր: Հիմա ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը Կապանում, արդյոք նկատելի լարվածություն կա:

- Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները չէի համեմատի 2012-ի ընտրությունների հետ: Իսկ լարվածություն, բնականաբար, նկատելի է: Պետական կառույցների ղեկավարների պարտադրմամբ կազմակերպվում են հանդիպումներ իշխանական թեկնածուի հետ և թիրախավորվում են այլ նախընտրելի թեկնածու ունեցող քաղաքացիները: Հիմնարկների ղեկավարների կողմից իշխանական թեկնածուին ընտրելու հրահանգներ են տրվում և նման անընդունելի այլ մեթոդներ, որոնք, կարծես, օրինաչափություն են Հայաստանում: Սակայն նախորդ մի քանի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ճնշումների միջոցով Կապանում չի ստացվում արդյունք ապահովել, հակազդելու սինդրոմն ուժեղ է:

Քանի որ Կապանում ես բնակվում և անմիջապես տեսնում ես խնդիրները քաղաքում,  ի՞նչ կառանձնացնես: Վերջին  4 տարիներին ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ եղան:

- Համաձայն չեմ այն կարծիքին, որ ոչինչ չի իրականացվել վերջին չորս տարիների ընթացքում: Բավականին աշխատանք է կատարվել, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ տեղական դոնորների աջակցությամբ: Պետք է գնահատել միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու Կապանի համայնքապետարանի նախաձեռնողական մոտեցումը և չանտեսել ձեռքբերումները: Դրական տեղաշարժ եմ համարում նաև պետական գույքի կառավարման գործակալության հաշվեկշռից մի շարք կարևոր շենքերի վերագրանցումը  համայնքապետարանի հաշվեկշռին: Սակայն համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար պետք է  ավելի մանրամասն տիրապետես, թե բյուջեն ինչ արդյունավետությամբ է ծախսվում, ինչքանով են հրատապ և առաջնահերթ իրականացված ծրագրերը: Միգուցե հնարավոր էր կրկնակի ծավալով ծրագրեր իրականացնել, բայց բյուջեի մսխումների հետևանքով դրա կեսն է իրականացվել: Այս տեղեկատվությանը տիրապետելու դեպքում պետք է գնահատել համայնքապետի աշխատանքը: Առավել ևս, որ լուրեր են շրջանառվում, քաղաքապետարանի ենթակա կառույցների կողմից  բարձր վարձավճարով մեքենաներ  վարձակալելու մասին, և դրանք քաղաքապետի և նրա մերձավորների ավտոմեքենաներն են: Կարծում եմ, որ հասարակության շրջանում անվստահությունը փարատելու, ասեկոսեները հերքելու  համար անհրաժեշտ է առցանց ներկայացնել Կապանի համայնքապետարանի, ենթակա կառույցների, «Կապան» հիմնադրամի կողմից վարձակալված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը (գույքի անվանումը, վարձակալման նպատակը, վարձավճարի չափը, տևողությունը, վարձատուի տվյալները), ինչպես նաև միջազգային և  տեղական դոնորների կողմից  իրականացված 1,4 մլրդ դրամ  ներդրման մասին սպառիչ տեղեկատվություն: Համենայնդեպս, գործող քաղաքապետը մի շարք ոլորտների և ծրագրերի ձախողումները փորձել է ներկայացնել ձեռքբերումների քողի տակ: Կառանձնացնեմ մի քանի կետեր:

Որքանով է  ճիշտ  շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ձեռքբերումներ ներկայացնել,  եթե կոմունալ ծառայության աշխատակիցները գետը օգտագործում են որպես աղբատեղի: Այս խնդիրը առկա էր Կապանի բոլոր  քաղաքապետերի ղեկավարման տարիներին:

Սյունիքի մարզպետը Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքների վերին հատվածներում հանք՝ «Գեղի գօլդ»  ՍՊԸ-ն, շահագործելու հավակնություն ունի: Այն անվերահսկելի ռիսկեր է պարունակում Կապան մատակարարվող խմելու ջրի որակական հատկանիշների համար: Այս խնդրով մտահոգ Կապանում գործող մի քանի հասարակական կառույցներ, ընկերությանը տրված արտոնագրերը կասեցնելու և գործունեությունը դադարեցնելու նպատակով դիմել էին ՀՀ նախագահին: Ի՞նչ քայլեր են կատարվել քաղաքապետարանի կողմից, եթե կատարվել են:

Կապանի համայնքապետարանը ներառված է Սուրբ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքը բարեկարգելու ծրագրում, սակայն տեղանքում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակին ներկայացված չէ դոնորի անվանումը: Ինչո՞ւ չի հրապարակվում դոնորի անունը, և որքան գումար է տրամադրվել բարեկարգման նպատակով: 

Ի՞նչ պատճառով կամ շարժառիթով է Կապան համայնքին սեփականության իրավունքով պատկանող խմելու ջրի ենթակառուցվածքները անհատույց, սեփականության իրավունքով տրվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին (հարցը վերաբերում է նաև Կապան համայնքի ավագու անդամներին): Կառավարության  հրահանգով կհամաձայնի՞ իր ամենագնացը նվիրաբերել որևէ մեկին: Կապանի քաղաքապետը տարիներ առաջ հավաստիացնում էր, որ 2014թ-ին Կապանի բոլոր թաղամասերը կապահովվեն շուրջօրյա, պետական ստանդարտներին համապատասխան խմելու ջրով: Ինչքանո՞վ է  իրականացվել այս  խոստումը:

Կցանկանայի անդրադառնալ գործող քաղաքապետի, իր իսկ կարծիքով չորս տարվա ամենակարևոր ձեռքբերումներին: Գործող քաղաքապետը չորս տարվա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է համայնքի երիտասարդների ակտիվությունը, քաղաքապետարանի դիմաց անկաշկանդ նստացույցը  և պլակատ պարզելը: Հարգելի քաղաքապետին կցանկանայի տեղեկացնել, որ քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ու պլակատ պարզած երիտասարդը իր ձեռքբերումը չէ, այլ իր քաղաքական թիմի  հակապետական գործունեության հետևանք: Եվ նա կաշկանդված է տիրող անարդարությունից և նրա համար, որ իր տեսակը  քիչ է հասարակության մեջ: Մարդու այս տեսակը  անկախ զրկանքներից առաջնորդվում է անարդարության դեմ ընդվզելու ներքին մղումով և չի ընդունում հովանավոր ունեցող և բարեկեցության դիմաց անարդարությամբ բավարարվող մարդ տեսակին: Մեկ հարց ևս կցանկանայի տալ գործող քաղաքապետին:

Անհերքելի փաստ է, որ գործող քաղաքապետի հանդիպումները պետական կառույցների աշխատակիցների  հետ կազմակերպվում են  համապատասխան կառույցների ղեկավարների պարտադրանքով և թիրախավորվում են այն աշխատակիցները, ովքեր այլ նախընտրելի թեկնածու ունեն: Սա՞ է կապանցու հանդեպ անկեղծ լինելու  և հավասար պայմաններում քարոզարշավ կազմակերպելու Ձեր  ընկալումը:

- Որպես կապանցի՝ ի՞նչ փոփոխություններ կցանկանաս տեսնել քաղաքում:

- Որքան էլ սահմանափակ լինեն Կապան համայնքի ղեկավարի հնարավորությունները, այդուհանդերձ, նա ունի սոցիալական խնդիրները մեղմելու, հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ արժանապատիվ համագործակցելու հնարավորություն: Պարզապես պետք է ունենալ ազնիվ, ինքնուրույն և համարձակ համայնքի ղեկավար: Համայնքում սոցիալական խնդիրները մեղմելու  համար պետք է հանքարդյունաբերական ընկերությունների կողմից  համայնքին տրվող ֆինանսական միջոցների մի մասն  օգտագործել փոքր և միջին բիզնեսը զարգացնելու նպատակով  (շահագրգիռ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ): Կենսունակ բիզնես ծրագրեր առաջարկող քաղաքացիների համար պետք է ստեղծել մեկնարկային պայմաններ: Համայնքի բնակիչը պետք է անձամբ օգտվի իրեն պատկանող ընդերքի հարստությունից, որի միջոցով և կստեղծվեն  նոր աշխատատեղեր, կզարգանա տնտեսության այլ ճյուղեր:

- Չե՞ս կարծում, որ քո նշած ընդերքից օգտվելու հնարավարությունը տեղական մասշտաբով չէ որոշվում մեր իրականության մեջ: Դա պետական քաղաքականության հետևանք է: Տվյալ դեպքում քաղաքապետը կամ քաղաքապետարանն ի՞նչ քայլեր կարող է անել, որպեսզի իր համայնքի բնակիչն այդ հնարավորությունն ունենա:

- Համաձայն եմ, բայց հանքարդյունաբերական ընկերությունները համայնքապետարանին աջակցում են, և քաղաքապետարանը պետք է աջակցի կենսունակ բիզնես ծրագրեր առաջարկող քաղաքացիներին, բիզնես հիմնելու մեկնարկային պայմաններ ստեղծի:

ՀԳ. Առաջիկայում կփորձենք զրուցել նաև Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:

Մեկնաբանություններ (3)

Ara Harutyunyan
Ցանկալի կլիներ, որ հենց Արմենը առաջադրեր իր թեկնածությունը, հուսով եմ հաջորդ ընտրություններին միանալ նրա ընտրապայքարին: Արմեն ջան, Կապանը երիտասարդ ավյունի կարիք ունի, հաջորդ անգամ եթե չառաջադրվես, ուրեմն Կապանում փոփոխությունների հույս չկա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ո՞վ է ասել,որ «ընդերքից օգտվելու հնարավարությունը տեղական մասշտաբով չէ որոշվում մեր իրականության մեջ» (լրագրողի հարցը): Եթե այդպես մտածեք, բա բան կփոխվի՞: Ձեզ թվում է հանքատերերը պիտի մտածեն. « վայ,էս կապանցիները ինչ մեղք են,եկեք մեր բաժնետոմսերի կամ եկամուտների 10%-ը տանք իրե՞նց»: «Հետքում» տպագրված (ու բավականին կրքեր բորբոքած) իմ հոդվածում արդեն գրել եմ. Կապանի նոր ավագանին՝ քաղաքապե՛տի գլխավորությամբ, պիտի ՊԱՅՔԱՐԻ սրա համար. նաև ուղիղ բանակցություններ վարելով հանքային ձեռնարկությունների հետ:
Վարազ (Սյունի Ամստերդամ)
Ի պատասխան մեկնաբանություն 1-ի ու նման կոմենտներ գրողների. բայց տվյալ դեպքում քննարկվում է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ (այլ ոչ մեկ այլ ուրիշի) անցած 4 տարիներին արա՛ծը: Այդ ի՞նչ ասելու բան է՝ «բա դու ի՞նչ դրական գործ ես արել Կապանի համար, որ “քննադատում” ես »:Ուրեմն ով «գործ» չի արել, ի՛ր քաղաքապետից հաշվետվություն չի՞ կարող պահանջել: Յուրաքանչյուր կապանցի (ամենավերջին քյասիբը ներառյալ) քաղաքապետի աշխատանքին կարող է և պիտի՛ գնահատական տա. հատկապես քաղաքապետի նոր ընտրություններից առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter