HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2015-ին ՁՊՎ-ներում պահվել է 3127 անձ՝ 79-ը կանայք, 75-ը անչափահասներ

Ոստիկանության ՁՊՎ-ներում, հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանի դիտարկմամբ, 2015 թվականին արձանագրվել են տեսակցության, հանձնուք հանձնելու, զբոսանքի և փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունքերի խախտումներ։

ՁՊՎ-ում տեղի ունեցող խախատումների, արձանագրված թերությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն  իրականացնող խումբը ընթացիկ հաշվետվություններով պարբերաբար դիմել է ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և խախտումները կանխարգելելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ Սահակյանի, ընդհանուր առմամբ, ոստիկանություն են դիմել 48 գործով, որոնց շրջանակներում 35 ոստիկան պատասխանատվության է ենթարկվել։

«Խումբը պաշտոնապես հայտարարում է, որ ՁՊՎ-ներում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքեր չկան, այսինքն՝ տվյալ ՁՊՎ-ներում աշխատող ոստիկանները ՁՊՎ-ներում գտնվողներին չեն ծեծում կամ խոշտանգում, նրանք արդեն իսկ ծեծված գալիս են ոստիկանական բաժիններից»,-նշում է դիտորդական խմբի անդամը։

Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը ՁՊՎ-ների աշխատանքում առաջընթաց է նկատել։ Համեմատելով դիտորդական խմբի կատարած մոնիտորինգի արդյունքները՝ նկատել է՝ նվազել են այնտեղ կատարված խախտումների թվաքանակը։ Սակայն շեշտում է՝ կան խախատումներ, որոնք օրենսդրական բացթողման արդյունք են կամ գիտելիքների պակասի պատճառով են տեղի ունենում։

 «Օրինակ վարչակազմի հետ ունենք որոշակի խնդիրներ, բազմաթիվ խախատումներ էին արձանագրվում, ոստիկանության հետ քննարկման արդյունքում եկանք մի համոզման, որ ցանկալի է՝ ոստիկանության և դիտրոդական խմբի համար սեմինար-պարապունք կազմակերպվի՝ առկա թերությունների վերաբերյալ քննարկվի, լուծումներ գտնվի։ Շատ մեծ սեմինար կազմակերպվեց, դրանից հետո որոշակի ուսումնասիրություն կատարեցինք և նկատեցինք, որ այդ պարապունքները տվել են իրենց արդյունքները»,-մանրամասնում է  Սուրեն Իսկանդարյանը։

Իսկանդարյանը փաստում է, որ ՁՊՎ-ներում այսօր կան խնդիրներ, բացթողումներ, անհամաձայնություններ ոստիկանության հետ, մասնավորապես՝ ձերբակալվածների հետ հանդիպմանը դիտորդական խմբի անդամները նկատել են, որ այնտեղ գտնվող բոլոր անձիք ունեցել են մարմնական վնասվածքներ։  Ասում է՝ կային նաև մարմնական վնասվածքներ, որոնք պատմելու չէին, և միայն իրենց միջնոդությամբ է շտապ օգնություն ժամանել, կալանավորվածին տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ  Վարդան Բադասյանի պարզաբանում է, որ խոշտանգումների մասով կան հարուցված քրեական գործեր, որոնց շրջանականերում ոստիկանության որոշ ծառայողների գործունեությունը կասեցվել է, քանի որ նրանք նախաքննության փուլում ներգրավված են, ունենա կարգավիճակ։ Հավելում է, որ կան ոստիկաններ, ովքեր ենթարկվել են կարգապահական պատասխաատվության, ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Բադասյանը, անկախ դիտորդական խմբի հետ ունեցած տարաձայնություններից, ցանկանում է փաստել, որ նրանց հետ, տարիների ընթացքում ստեղծվել են գործընկերային հարաբերություններ և շնորհակալ է, որ խումբը ՁՊՎ-ների իրենց աշխատանքում առաջընթաց է արձանագրել։

«Այսօր կարող եմ փաստել, որ մարմնական վնասվածքներ պատճառելու, խոշտանգելու դեպքեր ոստիկանության կողմից որևէ ոստիկանական բաժանմունքում չի արձանագրվել։ Ոչ թե չի արձանագրվել, որովհետև կա, չեն արձանագրում, այլ ոստիկանության ուշադրության կենտրոնում է այդ հարցը և նախորդ տարիների շատ խիստ արձագանքման արդյունքում այսօր ոստիկանների գործելաձևում նման (խոշտանգելու-հեղ.) ոճը բացակայում է»,-նշում է ոստիկանության շտաբի պետի տեղակալը։

Իսկ Իսկանդարյանի այն պնդմանը, որ ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների դեպքեր են արձանագրվում, Բադասյանը նրան առաջարկում է՝ եթե  վստահ եք, որ կան խոշտանգման դեպքեր, սակայն չեն հայտնաբերվում, եկեք միասին աշխատենք և համատեղ ջանքերով հայտնաբերենք դրանք։

Վարդան Բադասյանը նաև ներկայացնում է որոշ տվյալներ ՁՊՆ-ների մասով, մասնավորապես նշում՝ ՁՊՎ-ում 72 ժամից ավել պահման երեք դեպք է հաշվառված, իսկ համեմատելով այլ տարիների ցուցանիշները, շեշտում է՝ այդ տեսակ խախտումների թվաքանակը կրճատվել է։ Իսկ համաձայն այլ ցուցանիշների՝  2015-ին ՁՊՎ-ներում պահվել են 3127 անձ՝ 79-ը կանայք, 75-ը անչափահասներ։ Նշված անձանցից 2523-ը հետագայում տեղափոխվել  են քրեակատարողական հիմնարկներ, այսինքն՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ 604-ը  կա՜մ ազատ են արձակվել, կա՜մ կիրառվել է խափանման այլ միջոց։

Ադրադառնալով ՁՊՎ-ներում տիրող վախի մթնոլորտի առկայությանը ոստիկանության շտաբի պետի տեղակալ հավաստիացնում է, որ ՁՊՎ-ներում ձերբակալվածները իրենց շատ ազատ են զգում՝ շնորհիվ  ՀԿ-ների, ոստիկանության և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի։

Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանի  հաղորդմամբ՝ 2015 թվականին բարձրացվել է ՁՊՎ-ներում պահվող անձանց անվճար սնունդի ձեռք բերման համար նախատեսված գումարը. նախկին 690 դրամը փոխարինվել է 830 դրամով, իսկ  հղի կանանց և անչափահասների դեպքում այն 790 դրամից՝ դարձել է 980։

Բացի այդ, հիմնովին վերանորոգումներ են կատարվել Մասիսի բաժնի ՁՊՎ-ում, իսկ վեց այլ ՁՊՎ-ներում իրականացվել են ընթացիկ վերանորագման աշխատանքներ։  

Լուսանկարները՝ Մեդիակենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter