HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական «վետո». արգելվել է ջավախքցու մուտքը Վրաստան

Ջավախքցի Գեորգի Մեծոյանին վրացի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Նա սեպտեմբերի 26-ին հայ-վրացական Բավրայի (Նինոծմինդայի), իսկ երեկ Սադախլոյի անցակետով ցանկացել է մուտք գործել Վրաստան, մասնավորապես՝ Ջավախք, սակայն վրացի սահմանապահները երկու անցակետերում էլ նույն պատճառաբանությունն են արել՝ Թբիլիսիից նրան ներս չթողնելու հրաման ունեն: Թե ինչ հրաման է և ինչու է կոնկրետ Գեորգիի մուտքն արգելվել, ոչինչ չեն պարզաբանել: «Չեն թողնում, որ տուն գնամ»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Գեորգին:

Գեորգին Ախալքալաքից է: Ծնվել և ապրել է այնտեղ: Արտագնա աշխատանքի նպատակով գրեթե ամեն տարի մեկնում է ՌԴ, և 2007-ից ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել: Նրա ընտանիքը՝ ծնողներ, կնոջ և երկու՝ 13 և 17 տարեկան երեխաների հետ ապրում է Ախալքալաքում: Գեորգին ամեն տարի վերադառնում է տուն արտագնա աշխատանքից, իսկ անցյալ տարվա մեծ մասն անցկացրել է Ջավախքում:

«Այս տարի մարտին գնացել եմ, հիմա վերադառնում եմ ու չեն թողնում, որ մտնեմ Վրաստան: Ասում են՝ պետությունն ինձ դեռևս չի թողնում: Ինձ թվում է՝ կապված է առաջիկա ընտրությունների հետ: Բայց ես ոչ ձայն ունեմ, ոչ էլ ընտրելու իրավունք, տուն եմ գնում ընտանիքիս տեսնելու»,- ասում է Գեորգին:

Գեորգի Մեծոյանի ընկեր Աշոտ Սահարյանը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուն է, Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի)  պատգամավոր: Գեորգին կարծում է, որ պատճառը գուցե այս հանգամանքն է:

«Ընկեր է, պարզ է, որ կուզեմ իմ ընկերն անցնի, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ավելի ճիշտ՝ Աշոտի եղբայրն է իմ ընկերը: Իրավունք չունեմ սատարեմ, որ նա պատգամավոր դառնա,- նշում է նա:  -Սահմանում ասում են՝ մենք պատճառը չգիտենք, մեզ հրաման են տվել, մենք հրամանն ենք կատարում: Ասում եմ՝ եթե հանցագործ եմ, թողեք մտնեմ Վրաստան, ձերբակալեք, ասեք՝ այս խնդրի մեջ ես մեղավոր: Ասում են՝ ոչ, նման բան չկա, բայց Վրաստան դեռևս չես կարող մուտք գործել»:

Հիշեցնենք՝ հայ-վրացական սահմանին հայերի մուտքն արգելելու առաջին դեպքը չէ սա: ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, պ.գ.թ. Վահե Սարգսյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և այլ անձինք առ այսօր չեն կարողանում մուտք գործել Վրաստան:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter