HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով է մրցունակ Հայաստանը. «դրսի աչքով» ու ներսի խնդիրներով

«Համաշխարհային մրցունակության զեկույց 2016-2017»-ն (ՄՀԶ)  արդեն հրապարակվել է։ Հայաստանն այս անգամ իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 138 երկրների շարքում։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը դիրքը բարելավելով 3 հորիզոնականով: Նախորդ տարի զբաղեցրել էր 82-րդ տեղը՝ 140 երկրների շարքում։

Մինչ մանրամասներին անցնելը նախ ընթերցողին հիշեցնենք, որ այս զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է ըստ մրցունակության 12 հենասյուների։ Օրինակ՝ ըստ մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության ու տարրական կրթության և այլն։ Դրանք ամբողջական կոչվում են  Համաշխարհային մրցունակության ցուցիչ (ՀԱՄ ցուցիչ)։ Այն մշակել է և հաշվարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ Հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքներ:  Հայաստանից զեկույցի պատրաստմանը մասնակցում է «Տնտեսություն և արժեքներ» կենտրոնը՝ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հետազոտական թևը։

Ինչպես նկատում են  «Ի-Վի Քոնսալթինգ»-ի տնօրեն Մանուկ Հերգնյանն ու կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը, ովքեր զեկույցն այսօր ներկայացրին լրագրողների հետ հանդիպմանն, այս զեկույցում Հայաստանի մասով նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել նորարարություն, գործարարության կատարելագործվածություն և ինստիտուտներ հենասյուները:  Սակայն զգալի վատթարացել են մակրոտնտեսական միջավայր և շուկայի չափ հենասյուների ցուցանիշները: Ըստ «Ի-Վի Քոնսալթինգ»-ի մասնագետների՝ մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար են ազդել գնաճի և պետական բյուջեի պակասուրդի բարձր մակարդակները։

Ընդհանուր ամփոփմամբ՝ նշված 12 կետերից 9-ի մասով առաջընթաց կա, 2-ի մասով՝ անկում,  1-ի մասով էլ փոփոխություն չի գրանցվել։ Հայաստանը միայն ապրանքների շուկայի արդյունավետություն մասով է հայտնվել  առաջին 50-յակի մեջ 138 երկրների շարքում։ Մնացած ցուցանիշներով թույլ դիրքերում է։ Ամենաանմխիթարը շուկայի չափի հենասյունի վիճակն  է, որի մասով  Հայաստանը  120-րդ տեղում է։


Create bar charts

Զեկույցի գլխավոր եզրահանգումներից է այն, որ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները մնում են Հայաստանի առավելությունների շարքում: Դրանց շարքում են նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Սակայն, մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվը։ Նաև կարևորվում է այն, որ Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ, որը  3534 ԱՄՆ դոլար է կազմել 2015 թվականին:  

Մ. Հերգնյանը ներկայացրեց, որ իրենց գնահատմամբ՝ Հայաստանի մրցունակության էական բարձրացման համար անհրաժեշտ է տարեկան 3-4% աշխատանքի արտադրողականության աճ։ Նման արտադրողականության աճի պայմաններում՝ գործազրկության կրճատումը և արտագաղթի կասեցումը պահանջում է ՀՆԱ-ի տարեկան ևս 4-5 տոկոսային կետի աճ։ Այս երկու խնդիրների միաժամանակ լուծումը կարող է իրակականալ նվազագույնը 7-8% տարեկան տնտեսական աճի պայմաններում։

Այնուամենայնիվ, նկատենք, որ չնայած գրանցված որոշ առաջընթացների Հայաստանի 79-րդ տեղը 138 երկրների շարքում գոհացնող ցուցանիշ չէ։ Հատկապես, որ իր դիրքով Հայաստանը զիջում է հարևաններին՝ Վրաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ  ԵԱՏՄ գործընկերցներից  առաջ է միայն Ղրղզստանից։

Մենք, մեր հարևան-բարեկամներն ու այլք

Մրցունակության զեկույցում առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրն և ԱՄՆ-ը: Առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան:  Տասնյակում են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հոնկոնգն ու Ֆինլանդիան։

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Վրաստանը, որը հայտնվել է 59-րդ տեղում (7 կետով), Ադրբեջանը՝ 37-րդ տեղում, (3 կետով), Տաջիկստանը՝ 77-րդ տեղում (3 կետով) և Ռուսաստանը՝ 43-րդ տեղում (2 կետով): Նկատելի հետընթաց են գրանցել Մոլդովան՝ 100-րդ տեղում (16 կետով) և Ղազախստանը՝ 53-րդ տեղում (11 կետով):

Իսկ Թուրքիան այս տարի  55-րդ տեղում է, որը դիրքը զիջել է 4 կետով։  Իսկ ԵԱՏՄ գործընկերներից Բելառուսի անունն  այս ցանկում չգտանք։

Այն, ինչ չի տեսնում «դրսի աչքը»

Համաշխարհային կառույցների գնահատականները Հայաստանի տնտեսության մասին միշտ էլ կարևորվել են։  Դրանք ցույց են տալիս մեր տնտեսության պատկերը «դրսի աչքով» ու գրեթե միշտ առաջարկում են խնդիրների լուծումներ, մատնանշում հեռանկարները, համեմատություն  անցկացնում ուրիշ երկրների հետ և այլն։ Դրանց նաև մեծ ուշադրություն են դարձնում գործարարներն ու օտարերկրյա ներդրողները։ Մրցունակության զեկույցի դեպքում, օրինակ, այդ աչքը Համաշխարհային տնտեսական ֆորումն է։  

Սովորաբար, այդ կառույցներն իրենց գնահատականները տալիս են՝ հիմնվելով երկրի պաշտոնական վիճակագրության ու հարցումների վրա։ Բայց պաշտոնական վիճակագրության դեպքում կան նրբություններ, որոնք թաքնված են։ Ու այնպես են թաքնված, որ «դրսի աչքերի» համար հաճախ անտեսանելի են լինում։ Պարզ օրինակ՝ Հայաստանում ծառայությունների ոլորտը զգալի աճեր է գրանցում վերջին 1-2 տարում, բայց հայտնի է, որ այդ ոլորտում աճն ապահովում են գլխավորապես  խաղատները։ Արդյոք դա առո՞ղջ աճ է։ Դժվար թե։ Այս և այլ նրբություններ չի ներկայացվում պաշտոնական վիճակագրության մեջ, հետևաբար՝ դրանք, որպես կանոն, չեն հասնում նաև համաշխարհային կառույցներին ու հաշվի չեն առնվում զեկույցներում։  Միևնույն ժամանակ, նաև դժվար է ասել, թե դրանք որքանով կազդեին Հայաստանի զբաղեցրած դիրքի վրա, եթե հաշվի առնվեին։  Բացառություն չէ նաև մրցունակության զեկույցը։

Ասվածով, իհարկե, չի թերագնահատվում այդ զեկույցների դերը. դրանցում   տնտեսության կարևորագույն ցուցանիշները տեղ գտնում են։ Այդ թվում՝ ներդրումների, ՀՆԱ-ի, պետական պարտքի, արտաքին առևտրի ծավալները և այլն։   

Եվ վերջում հիշեցնենք, որ Հայաստանը «Համաշխարհային մրցունակության զեկույցում»-ում առաջին անգամ ընդգրկվել է  2005 թվականին՝ զբաղեցնելով 79-րդ տեղը 117 երկրի շարքում: Բայց հաջորդող տարիներին՝ մինչև 2013-ն ավելի ցածր դիրքերում է եղել։ 2013-ին նորից հայտնվել է 79-րդում։ Հաջորդող երկու տարում՝ 85-րդ և 82-րդ։ Այս ընթաքում զեկույցում տեղ գտած երկրների ընդհանուր թիվը ևս փոփոխվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter