HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նոր փոփոխություններ են առաջարկվել եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հարկային նոր օրենսգիրքը, որը բազմաթիվ քննադատությունների արժանացավ ոլորտին առնչվող  մասնագետների կողմից։ Նախագիծն  առաջին ընթերցմամբ ընդունվեց հունիսին։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանի խոսքով` որոշ նոր փոփոխություններ են առաջարկվում ՀՕ-ի համար, այդ թվում՝ եկամտային հարկի դրույքաչափերի վերաբերյալ։ Ըստ ՀՕ-ի` եկամտային հարկի դրույքաչափերը սահմանվում էին հետևյալ սանդղակով՝ մինչև 120 000 ՀՀ դրամ աշխատավարձի համար՝ 23%, 120 001 – 1 000 000 ՀՀ դրամի համար` 27 600 ՀՀ դրամին գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը, իսկ 1 000 000-ից ավելի բարձր աշխատավարձի համար՝ 274 000 ՀՀ դրամին գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-ը:

Իսկ հիմա՝ երկրորդ ընթերցումից առաջ կատարված որոշ փոփոխություններից հետո, առաջարկվում է աշխատավարձի հարկման առաջին շեմը 120 000 դրամից բարձրացնել 150 000 դրամ ու կիրառել 23% դրույքաչափը։

Իսկ երկրորդ շեմը 1 000 000 դրամից բարձրացնել 2 000 000 մլն դրամի։ Այսինքն 28%-ն առաջարկվում է կիրառել 150 000 դրամից մինչև 2 000 000 դրամ դեպքում։ Իսկ 2 000 000  դրամից բարձր դեպքում՝ 36%:

Համեմատության համար նշենք, որ գործող օրենսդրությամբ մինչև 120 000 դրամի համար սահմանված է  24.4%, 120 000 դրամից մինչև 2 000 000 դրամի դեպքում՝ 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ն, իսկ 2 000 000 դրամից ավելիի դեպքում՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%-ը։

Ըստ Վ. Միրումյանի՝ ներկա առաջարկներով մինչև 280 000 դրամ աշխատավարձի դեպքում ավելի քիչ է հարկվելու, քան այսօր հարկվում է։ Իսկ դրանից ավելի բարձր աշխատավարձի դեպքում  այն աճում է։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիան ֆեյսբուքյան իր էջում հասցրել է անդրադառնալ նոր փոփոխություններին.

«- ԱԱՀ-ի Շեմը 40.0 մլն դրամից բարձրացվել է 58.35 մլն դրամ:

- Աշխատավարձի հարկման առաջին շեմը 120.0 հազ դրամից բարձրացվել է 150.0 հազ դրամ,

- Երկրորդ շեմը 1.0 մլն դրամից բարձրացվել է 2.0 մլն դրամ:

Մի շարք խնդրահարույց դրույթներ դեռևս մնացել են անփոփոխ:

Իհարկե լավ է, որ բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից տարբեր խողովակներով բարձրացրած աղմուկը ինչ որ դրական տեղաշարժ արձանագրում է, սակայն այս գործելաոճով միասնական նպատակ հետապնդող պետություն չենք կառուցի, ոչ հասարակական թևը, ոչ պետական»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter