HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու թեկնածու Զախարով. «Ավագանուն բնակիչներն ընտրում են, սակայն չեն ստիպում, որ աշխատի»

Հոկտեմբերի 2-ին ավագանու ընտրություններ են Ալավերդի քաղաքում: Այս առնչությամբ «Հետքը» հարցում իրականացրեց բնակիչների շրջանում: «Հա, իմացել եմ, որ ավագանու ընտրություն է, բայց կարող ա գնամ, կարող ա չգնամ ընտրության: Էս քաղաքը գազի մեջ է անընդհատ, թող էդ մասին մտածեն»,- ասաց Սերոժ Աճեմյանը: Կոշկակար Գևորգ Նալբանդյանն, իր ասելով, հարևանի տղային՝ Նարեկ Հախինյանին է ընտրելու. «Խելոք, շատ լավ տղա է»,- բացատրեց վարպետ Գևորգը: «Պատկերացրեք, որ ինձ համար մեկ է, թե ով կընտրվի ավագանու անդամ, որովհետև յուրաքանչյուրն իր համար է ընտրվում՝ տարածք վերցնելու նպատակով: Իրենց անձնական շահի համար են տարածք  վերցնում: Ոչ մեկը չի անհանգստանում քաղաքի կյանքում լավ փոփոխությունների համար: Չէ, ապրել ենք , տեսել ենք»,-պատասխանեց երիտասարդ մի կին, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

«Ես դրանց ոչ ճանաչում եմ, ոչ դրանց գործողությունը տեսել եմ, ի՞նչ տեմ ասիլ: Ես քաղաքապետի հետ պրոբլեմ ունեմ: Ի՞նչ ավագանի, եկան տանս դուռը, ասֆալտը քանդեցին, բրախեցին գնացին: Ջրավազան թաղամասում եմ ապրում: Ջրամբարի ճանապարհին է տունս, մի 6-7 ընտանիք ենք էդտեղ ապրում: Էս երկու օրն էլ անձամբ զանգել եմ քաղաքապետին: Ասում է՝ փող չունեմ: Դրա համար էլ ես ղեկավարությունիցը դժգոհ եմ: Ընտրություններին էլ քաղաքապետին վիրուչատ  եմ արել: Իրան եմ ընտրել»,- պատմեց տաքսիստ Սանդրո Սիմոնյանը: Վերջինս համայնքի ավագանու անդամներից ոչ մեկին չի ճանաչում. «Ի՞նչ ասեմ: Տեսած չեմ դրանց: Հմի էլ էդ մեր Ջրավազան գնացող ճամփի վրա լիսը մինը վառում ա, 10-ը՝ չէ: Տեսած չեմ, որ դրանցից մինը տեր կանգնի դրան»,- շարունակեց Սանդրոն: Այնուամենայնիվ, Սանդրոն հոկտեմբերի 2-ին գնալու է ընտրության. «Ինչի հմա իմ ձայնը ուրիշը փախցնի, բայց դեռ չեմ որոշել՝ ում տեմ ընտրիլ»,- ասաց նա:

Հոկտեմբերի 2-ին Ալավերդիում կկայանան միայն ավագանու ընտրություններ: Այստեղ  առաջադրված 21 թեկնածուներից 15-ը կդառնան ավագանու անդամներ: Թեկնածուներից  չորսը՝ Աշոտ Առաքելյանը, Սոնա Մեջլումյանը, Արտուշ Աբելյանը, Ալիկ Նասիբյանը ավագանու թեկնածու են առաջադրվել «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից: Նախընտրական իրենց քարոզչության ընթացքում նրանք գովերգում են պղնձաձուլական գործարանը, խոստանում են ավագանիում հանդես գալ թիմային աշխատանքով: Իրենց ասելով՝ թիմը ավագանու կազմում պայքարելու է Ալավերդին բարեկարգ ու կանաչ քաղաք դարձնելու համար: «Վալլեքս»-ի թեկնածուները, սակայն, շրջանցում են պղնձաձուլական գործարանի վտանգավոր արտանետումների հետ կապված բնակչության դժգոհությունները և ոչինչ չեն խոստանում դրանք մեղմելու նպատակով գործարանի  արտադրական խախտումները կանխելու  համար:

Օրերս «Անկյուն+3» հեռուստաընկերության եթերով հեռարձակված՝ պղնձաձուլական գործարանի աշխատողների ընդհանուր ժողովում Վ. Մեջլումյանը հայտարարել է. «Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր մեր ընկերությունում են աշխատել և ցանկություն են հայտնել այդ մարմիններում աշխատելու, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի իմանալով ամենաքիչը նրանց  դրական և բացասական հնարավորությունները, ինչ-որ ձևով նրանց միջոցով մասնակցենք տեղական մեր մարմիններում»:

Ավագանու թեկնածուներից 3-ը կանայք են: Թեկնածու Սոնա Մեջլումյանը Վալերի Մեջլումյանի եղբոր աղջիկն է: Աշխեն Մոսինյանը ավագանու թեկնածու է առաջադրվել «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Նա կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի քույրն է: Քրոջ ընտրության համար Ստեփան Մոսինյանն անձամբ է աշխատում քաղաքի առողջապահության ոլորտի գրեթե բոլոր աշխատողների հետ:

Աշխեն Թանդիլյանն ավագանու թեկնածու է առաջադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից: «Եթե մի քիչ ակտիվ չես ու քաղաքականությամբ չես զբաղվում, չես էլ հասկանում՝ ավագանին  ինչ է: Սովորական քաղաքացու պարտականությունը չէ ՏԻՄ օրենքը կարդա: Նա ավագանու կատարած աշխատանքից պետք է հասկանա, թե ավագանին ինչ է անում: Էսօր նկատում ենք, որ ավագանին նիստեր է հրավիրում, ու չգիտենք՝ այնտեղ ինչ է անում: Դրա համար մարդիկ թերահավատորեն են վերաբերվում ավագանուն»,-  ասում է Ա. Թանդիլյանը: ՏԻՄ օրենքը ուսումնասիրելուց հետո Աշխենը զարմացել է ավագանուն տրված մեծ լիազորությունների մասին տեղեկանալով և որոշել է առաջադրվել ավագանու թեկնածու: Աշխենն իրեն հանրային մարդ է համարում և  սիրում է շփվել մարդկանց հետ: Մտածում է, որ ընտրվելու դեպքում ավագանիում գոնե 1-2 հոգով ինչ-որ բան կարող են անել` ի շահ բնակչության: «Եթե անգամ բնակիչները չեն հետաքրքրվում, ես բնակիչներին կներկայացնեմ ավագանու որոշումներն ու իմ աշխատանքերը»,- ասում է նա: Աշխենը կանխատեսում է, որ քվեարկությունների ժամանակ ավագանու նիստում կարող է մենակ մնալ: «Ես սենց եմ պատկերացնում, որ այդ դեպքում նախ ես իմ դիրքորոշումը ոչ մի դեպքում չեմ փոխի: Կհանրայնացնեմ իմ մենակ մնալու պատճառները: Բնակչության մեջ շատ մարդիկ կան, ովքեր խելացի առաջարկություններ ունեն, ուղղակի լռում են: Ես կփորձեմ գտնել այդ մարդկանց ու  նրանց միջոցով առաջացած խնդրի հետ կապված լոբբինգ անել: Կօգտագործեմ իմ լիազորությունները և խնդրի լուծման հետ կապված կդիմեմ նաև վերադաս մարմիններին»,-բացատրում  է թեկնածուն:

Մեզ հետ զրույցում Ա. Թանդիլյանը կարևորեց  համայնքի բյուջեն վերահսկելու ավագանու լիազորությունները: Նա վստահ է, որ իր աշխատանքային փորձով կարող է  վերահսկել բյուջետային գործընթացները: Ընտրվելու դեպքում թեկնածուն որոշել է  ավագանու նիստում հանդես գալ  բնակիչների կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու համար տուրք սահմանելու առաջարկությամբ: Նախընտրական իր ծրագրում Աշխենն առաջնահերթ տեղ է հատկացրել բնակիչ -ավագանու անդամ կապի հաստատմանը:

Առաջադրված թեկնածուներից Սիմոն Զախարովը, Կարեն Գալստյանը, Գագիկ Էվոյանը, Արամ Խաչատրյանը, Արմեն Կարապետյանը և Նարեկ Հախինյանը ավագանու արդեն  նախկին անդամներ են: Լոռու մարզպետարանի կայքում տեղադրված Ալավերդի համայնքի ավագանու 2015, 2016թ. 22 նիստերից Գագիկ Էվոյանը մասնակցել է ընդամենը 7 նիստի:

Ազգությամբ հույն, Ալավերդու «Հիպոկրատ հունական բժշկական հիմնադրամի» տնօրեն, բժիշկ Սիմոն Զախարովն արդեն 3-րդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը: Նա 8 տարի եղել է համայնքի ավագանու անդամ: Իր ասելով՝ Ս. Զախարովն ավագանու նիստերում շատ առաջարկություններ չի արել, բայց այն խնդիրների մասին, որոնք վերաբերել են ամբողջ քաղաքին, բարձրաձայնել է: Նախկին քաղաքապետ Ա. Վարոսյանի պաշտոնավարման ժամանակ նկատել է, որ Ալավերդիում ծառերը դույլերով են ջրվում: Երկու անգամ ավագանիում առաջարկություն է ներկայացրել ջրցան մեքենա գնելու մասին:

«Այժմ քաղաքի ծառերն ու կանաչ տարածքները ջրվում են ջրցան մեքենայով», - հայտնեց նա: Ավագանու նիստում 2015թ. Ս. Զախարովի առաջարկությամբ որոշվել  է  առողջապահական ծրագրով հետազոտել նաև ալավերդցի տղամարդկանց շագանակագեղձը: Այսուհանդերձ, Ս. Զախարովը նկատել է, որ ավագանին իր բոլոր օրենսդրական պարտականությունները չի կարողանում կատարել: «Ես կարծում եմ, որ Վանաձորի և Գյումրիի նման Ալավերդիում նույնպես կուսակցությունները պետք է  առաջադրեն ավագանու թեկնածուներին: Այդ ժամանակ քվեարկության ընթացքում ավագանու անդամն իր քվեարկությամբ մենակ չի մնա»,- վստահեցնում է նա:

Սիմոն Զախարովն ընտրվելու դեպքում ավագանու առաջին նիստում բարձրացնելու է  քաղաքի  կենտրոնով անցնող միջպետական ճանապարհի՝ Սանահին կայարանային,  Բաղրամյան, Էնգելս թաղամասերի հատվածների գիշերային լուսավորության խնդիրը: Ս. Զախարովն ասում է, որ ավագանիում համայնքի բյուջեի վերահսկողությունը մի մարդով չի լինում, պետք է ամբողջ քաղաքը զբաղվի: «Ավագանուն բնակիչներն ընտրում են, սակայն չեն ստիպում, որ ավագանին  աշխատի»,-ասաց Ս. Զախարովը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter