HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սամսոն Ավետյան. «Ակնկալում եմ, որ ապագայում առավել մեծ ներդրումներ կունենանք ծառայությունների ոլորտում»

Այս տարվա առաջին եռամսյակում, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է ավելի քան 35 անգամ։

«Arrow Global» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, տնտեսագետ Սամսոն Ավետյանը օտարերկրյա ներդրումների ընդհանուր պատկերը ամբողջացնելու համար կարծում է` արձանագրվող տենդենցները պետք է երկարաժամկետ պլանով դիտարկել, քանի որ ներդրումների ցուցանիշները տարեցտարի տատանվում են: «Եթե նայենք 2011 թվականից կատարված ընդհանուր ներդրումների ցուցանիշները, գումարենք դրանք, կնկատենք՝ ներդրումների ծավալները նվազել են։ Այսինքն՝ այս ցուցանիշները պետք է լուրջ դիտարկել, քանի որ երկրում կատարվող օտարերկրյա ներդումների ծավալը ոչ թե ավելանում, այլ կրճատվում է»,- նշում է նա։

Օտարերկրա ներդումների մեծածավալ նվազումը պայմանավորում է այն հանգամանքով, որ միգուցե նախկինում ներդրումային այդ ցուցանիշները ուռճացված են եղել և դրանք այսօր արդեն իրական պատկերն են արտացոլում, այդ պատճառով դրա նվազումը առավել ակնհայտ է երևում։

Օտարեկրյա ներդումները Ավետյանը տնտեսության զարգացման ամենակարևոր հանգամանքներից է համարում` ասելով, որ ներդրողները այլ երկրներից են, նրանք չեն առաջնորդվում հայրենասիրական զգացումներով, այսինքն՝  եթե երկրի տնտեսության վիճակը լավ չէ, շահութաբերությունը ցածր է, գործող համակարգը պատշաճ չի աշխատում, ներդրողները խուսափում են այդ երկրում ներդրում կատարելուց։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ օտարերկրյա ներդումները որևէ երկրում կատարվում են երկու պատճառով՝ երբ անհրաժեշտ է օգտագործել այդ երկրի ներքին շուկան և երբ ներդրումները գալիս են փոքր երկրներ՝ ոչ թե այդ երկիրը որպես շուկա, այլ որպես արտահանման հարթակ օգտագործելու համար։ Այսինքն՝ ներդրողը օգտագործում է այդ երկրի կրթված և առավել մատչելի աշխատավարձով աշխատուժը, արտադրում իր ապրանքները և արտահանում։ Նման երկրներ է համարում Էստոնիան, Չեխիան, Սլովակիան, Սինգապուրը։ Ավետյանը շեշտում է՝ պետք է գիտակցել, որ ներդրողների մեծամասնությունը նաև Հայաստան է գալիս հենց այդ հանգամանքով պայմանավորված։

Տնտեսագետը որպես օրինակ առանձնացնում է հարևան Վրաստանի Հանրապետությունում կատարված օտարերկրյա ներդրումային ծավալները` փաստելով, որ 2015 թվականին այնտեղ մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրում է կատարվել, իսկ Հայաստանում՝ 150 միլիոն դոլլարի, գրեթե տասն անգամ քիչ։

«Ակնկալում եմ, որ ապագայում առավել մեծ ներդրումներ կունենանք ծառայությունների ոլորտում, մասնավորապես՝ զբոսաշրջության, ՏՏ, հյուրանոցային ասպարեզներում։ Այս ոլորտները առավել քիչ կապիտալ են պահանջում, քան ծանր կամ թեթև արդյունաբերությունը»,- նշում է նա։

Անդրադառնալով ԱՎԾ այն տվյալին, որ 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 4,4% տնտեսական աճ, իսկ առաջին կիսամյակի կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4,8%-ով, տնտեսագետը հավաստում է, որ մանրամասն դիտարկել է տնտեսական ցուցանիշները և մի փոքր դժվար է «հասնել» պաշտոնապես հայտարարված այդ տվյալներին։

Իսկ ընդհանուր առմամբ, դժվարանում է ասել՝ վերջին տարիներին, իր դիտարկումների մասով, արձանագրե՞լ է տնտեսական աճ, թե՞ ոչ։ Սակայն փաստում է՝ կան ճյուղեր, որոնցում աճ գրանցվել է, մասնավորապես` ՏՏ-ն, սակայն քանի որ այն ՀՆԱ-ի բավականին փոքր հատվածն է կազմում, դրա աճը այդքան էլ չի ազդում տնտեսական ցուցանիշի վրա։

Տնտեսագետը հայաստանյան տնտեսության զարգացման հեռանկար է համարում երկարաժամկետ բարեփոխումների ռազմավարության մշակումը, որի մասով առավել լավատեսորեն է տրամադրված, քանի որ ի ուրախություն իրեն,  արագ տեմպերով առաջ է շարժվում ՏՏ ոլորտը, մարզային լաբարատորիաներ են կառուցվում, տեխնոլոգիական կենտրոններ ավելանում։

Լուսանկարը` Սամսոն Ավետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter