HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուհերում կլաստերային աուդիտ կիրականացվի

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում են ունեցել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

Համաձայն հաղորդագրության` հանդիպման նպատակն էր ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համատեղ մշակված ծրագիրը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Ուստի առաջարկվում է նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը, ինչպես նաև նույն կրթական ծրագրերն ունեցող բուհերի միջև համեմատության հնարավորություն կլինի:

Ռ. Թոփչյանի խոսքով` կլաստերային աուդիտը կխթանի մասնագիտությունների խոշորացմանը և հավատարմագրման ծախսերի կրճատմանը: Ըստ առաջարկվող ծրագրի` կլաստերային աուդիտը պարտադիր պետք է լինի բոլոր բուհերի համար: Յուրաքանչյուր կլաստերում ուսումնասիրություն կիրականացվի 4 չափանիշներով` մասնագիտության կրթական ծրագրեր, գնահատում, դասավանդում և ուսումնառություն, դասախոսական կազմ և ռեսուրսներ, որակի ապահովում:

ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, կարևորելով  հավատարմագրումը, նշել է, որ որակի հավաստման շրջափուլային գործընթացի արդյուքնում աստիճանաբար ասպարեզից դուրս կմնան անորակ բուհերն ու մասնագիտության կրթական ծրագրերը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է բարձրագույն կրթության որակի ապահովմանը  և բուհական համակարգի զարգացմանը միտված գործողությունները: Նա նշել է, որ Համաշխարհային բանկի հետ քննարկմանն առաջարկել է հաջորդ վարկային տրանշն ուղղել բարձրագույն կրթությանը:

Լևոն Մկրտչյանն առաջարկել է ՈԱԱԿ-ի և բուհերի մշակած ծրագիրը գրավոր տեսքով նախարարություն ներկայացնել` ռեկտորների խորհրդում քննարկելու և կլաստերային աուդիտի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար: Նախարարը բուհերին առաջարկել է արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter