HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բագրատյանի կարծիքով հարկային այս օրենսգրքով նոր կառավարությանը ձախողում է սպասվում

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ կարող ենք ընդունել, որ հարկային օրենսգրքի նոր նախագծում փոփոխություններ արվել են, բայց հարցնում է՝ արդո՞ք դրանով հասել ենք հիմնական նպատակին։ Նրա կարծիքով՝ ոչ։

Բագրատյանի կարծիքով հարկային այս օրենսգրքով նոր կառավարությանը սպասվում է ձախողում։ Ասում է՝ հարկային համակարգը կառուցելու համար կա՜մ պետք է շրջանառությունը հարկվի փոքր տոկոսով, կա՜մ ԱԱՀ-ն՝ ավելի մեծ տոկոսով։ Փոքր և միջին բիզնեսի միջև տնտեսական հաշտութուն հաստատելու համար անհրաժեշտ է համարում, որ խոշորը վճարի մի փոքր ավել, քանի որ նրա մոտ կա «մասշտաբի էֆեկտ»։ 

Սակայն հավաստիացնում է՝ հիմա հասնում ենք հակառակ էֆեկտին։ Շրջանառության հարկի 115 միլիոն կամ 60 միլիոն շեմերը հարաբերական խոսկացություններ է համարում, քանի որ սկզբում առաջարկել է տարբերակ, որի դեպքում շեմի հարց չէր առաջանում և շրջանառության հարկը գործելու էր առանց ծավալների, առանց շեմերի՝ որտեղ հարմար էր։

Խմբակցության անդամը շրջանառության հարկի համար երկու առաձնահատկություն է ընդգծում, որը բացակայում է ԱԱՀ-ի դեպքում. շրջանառության հարկը կարելի է տարբերակել ըստ ճյուղերի և կարելի է բաժանել կենտրոնի ու տեղերի միջև։

«ԱԱՀ-ի գաղափարը ծագել է 1958 թվականին, երբ ստեղծվեց եվրոպական ածխի և պողպատի միությունը, և երբ խնդիր կար հարկերը կիսելու։ Այդ միջոցի ստեղծումով ամբողջ Եվրոպան իրեն կրակը գցեց։ Ես կարող եմ միանշանակ պնդել՝ համաշխարհային հարկային եկամուտները կազմում է շուրջ 20 տրիլիոն դոլար, դրա մեջ շրջանառության հարկի տեսակարար կշիռը բարձրանում է»,- նշում է նա։

Նրա գնահատմամբ՝ զարգացման այս մակարդակում գտվող երկրների համար, երբ ՀՆԱ-ն կազմում է 3-4 հզ. դոլար, շահութահարկի ու եկամտահարկի միջին դրույքը պետք է հավասար լինի: «Դուք ի՞նչ եք ստեղծում։ Եկամտահարկի էս ձևով ստվերը, ծրարի մեջ դրվող, առձեռն տրվող աշխատավարձը ավելանալու է»,- նշում է նա։

Առաջարկում է՝ նվազագույն աշխատավարձը համարժեք դարձնել միջին աշխատավարձին և սկսել հարկել նվազագույն աշխատավարձը։ Կարծում է` 60 հզ. դրամից պետք է հարկվի աշխատավարձը, որի արդյունքում կստացվի ներդաշնակ հարկային համակարգ։

Բագրատյանը նաև անընդունելի է համարում, երբ 40 միլիարդ դրամ շրջանառության դեպքում 5 %, 50 միլիարդի դեպքում 2 % հարկելու հանգամանքը, իսկ, նրա խոսքով, սովորականի դեպքում (50 միլիոնի համար) շրջանառության հարկ է սահմանվում 5 %։

«Շրջանառության և ՀՆԱ-ի մեջ պետք է խոշորը իջնի 70 %-ից մինչև 15-20 %, մինչև 60 % պետք է բարձրանա միջինը, մնացածն էլ գնա միկրոյին կամ ինքնազբաղվածություն։ Ձեր հարկային համակարգը հիմա խրախուսելու է հակառակ պրոցեսները, և մենք էլ ավելի ենք հետ մնալու Վրաստանից։ Ոչ միայն ցավում եմ, իմ լացն ա գալիս, որովհետև ես սա հասկանում եմ։  Ես կառավարությունում չեմ տեսնում մեկ ուրիշ մարդ, կոնկրետ մեկ մարդ, որ սա հասկանում է»,- նշում է պատգամավորը՝ դիմելով պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանին։

Հրանտ Բագրատյանը  հավաստիացնում է, որ կարող է երեք տարում հանել սահմանից գանձվող ԱԱՀ-ն, քանի որ պետությունը մինչև 1996 թիվը՝ պատերազմի ծանր տարիներին, աշխատել է առանց դրա։

«Վերջին հաշվով, ստացվում է՝ այն ժամանակ ավելի լավ էր, քան հիմա։ Դուք սովորեցրեցիք հարկային համակարգին սահմանին հեշտությամբ ԱԱՀ գանձելուն։ Դա մաքսատուրք  ինձ համար»,- նշում է նա։

Անդրադառնալով հաճախ հնչող «Հայաստանը ունի  համեմատաբար թեթև հարկային համակարգ մտքին», Բագրատյանը պնդում է՝ այդպես չէ, և հանրապետության ղեկավարության հետ հանդիպմանը ասելու է՝ ձեր ասածներին գումարեք սահմանին գանձվող 20 % ԱԱՀ-ն և նոր ճիշտ թիվը կստանաք. արդյունքում կստացվի՝ Հայաստանը շատ ավելի ծանր հարկային համակարգ ունի, քան ԱՄՆ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter